«Նա հրաշալի գոլ խփեց և այն, ինչ պետք է աներ՝ տոնելն էր, ապա սեփական կիսադաշտ վերադառնալը»,- պնդում է նախկին մրցավարը։
Մարկ Կլատենբուրգը՝ միջազգային կարգի նախկին մրցավարը, իսկ այժմ հեռուստատեսային մեկնաբանը, հայտարարել է, որ Վինիսիուսը չափազանց բարդացրել է մրցավարի աշխատանքը երեքշաբթի օրը Լիսաբոնում կայացած «Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ։
«Այն բանից հետո, երբ Վինիսիուսը տեղեկացնում է այդ մասին մրցավարին, վերջինս պարտավոր է հետևել արձանագրությանը (պրոտոկոլին) և այն կանոններին, որոնք ՈՒԵՖԱ-ն սահմանել է նմանատիպ դեպքերի համար»,- ասել է Կլատենբուրգը Amazon Prime-ի եթերում, որը հեռարձակում էր հանդիպումը Միացյալ Թագավորությունում:
Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգայի նախկին մրցավարը հետագայում մեղադրել է Վինիսիուսին գոլից հետո ստեղծված իրավիճակում նրա պահվածքի համար։ «Խնդիրն այն է, որ Վինիսիուսը իրեն ամենևին չօգնեց։ Նա իրավիճակն ավելի բարդացրեց մրցավարի համար։ Նա հրաշալի գոլ խփեց, և այն, ինչ պետք է աներ՝ տոնելն էր, ապա սեփական կիսադաշտ վերադառնալը։ Նա այս իրավիճակը դարձրեց շատ, շատ բարդ»,- հավելել է նա։
Կլատենբուրգի հայտարարությունները քննադատության ալիք են բարձրացրել Անգլիայում, որտեղ շատերը պնդում են, որ բրազիլացի ֆուտբոլիստը լիակատար իրավունք ուներ տոնելու իր գոլը։
Երեկ կայացած «Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ» խաղում ֆրանսիացի մրցավար Ֆրանսուա Լետեքսյեն կիրառեց ռասիզմի դեմ պայքարի արձանագրությունը այն բանից հետո, երբ Վինիսիուսը 49-րդ րոպեին խփեց հանդիպման միակ գոլը, տոնեց այն անկյունային դրոշակի մոտ իր ավանդական պարով և բողոքեց Պրեստիանիի ռասիստական վիրավորանքից։ Վերջինս շապիկով ծածկել էր բերանը՝ Վինիսիուսին ինչ-որ բան ասելու համար։
Ութ րոպեանոց դադար
Խաղը դադարեցվել էր մոտ ութ րոպեով այն բանից հետո, երբ Վինիսիուսը և «Ռեալի» այլ խաղացողներ, օրինակ՝ Կիլիան Մբապեն, փորձեցին լքել խաղադաշտը՝ երկու թիմերի ֆուտբոլիստների միջև սկսված լարվածության ֆոնին։
«Այն, ինչ ես տեսա, շատ հստակ էր. 25 համարը (Պրեստիանի) հինգ անգամ Վինիին ասաց, որ դու կապիկ ես։ Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց մենք տալիս ենք տեղեկատվությունը, և մենք բոլորս պետք է նույն ուղղությամբ շարժվենք։ Նման պահվածքը չի կարող ընդունելի լինել։
Հրաշալի է խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց նման պատկեր ցույց տալը սարսափելի է համաշխարհային ֆուտբոլի համար»,- դեպքի պահին Վինիսիուսի կողքին գտնվող Մբապեն այսպես է դատապարտել կատարվածը։
Հայերեն