Ռոդրիգոյի վնասվածքը կրկին ուշադրության կենտրոնում է պահում մի տվյալ, որն անհանգստացնում է «Ռեալ Մադրիդին». առաջին թիմն արդեն կուտակել է 6 խաչաձև կապանների պատռվածք 2023 թվականի օգոստոսից ի վեր։ Ժամանակի մեջ ձգվող այս շղթան ուղղակիորեն հարվածել է «Մադրիդի» սպորտային կառուցվածքին։
Մեկնարկային կետը 2023 թվականի օգոստոսի 10-ն էր։ Տիբո Կուրտուան մարզման ժամանակ ստացավ ձախ ծնկի առաջնային խաչաձև կապանի պատռվածք։ Ցավի այն ճիչը, որը լռեցրեց ողջ Վալդեբեբասը, ստիպեց նրփան վիրահատվել և բաց թողնել 234 օր՝ գործնականում ողջ մրցաշրջանը... մինչև նրա հայտնվելը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ «Մադրիդը» հաղթեց «Դորտմունդին» և նվաճեց 15-րդ գավաթը։
Շարքը, որը մտահոգում է «Ռեալին»
Հազիվ 48 ժամ անց թիմը ստացավ երկրորդ հարվածը։ Էդեր Միլիտաոն պատռեց ձախ ծնկի խաչաձև կապանը Լա լիգայի առաջին խաղում՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Բրազիլացի կենտրոնական պաշտպանը 213 օր մնաց խաղադաշտից դուրս՝ մրցաշրջանի հենց սկզբից թիմին թողնելով առանց երկու առանցքային հենասյուների։
Շղթան չկանգնեց։ 2023-ի դեկտեմբերին՝ չորս ամիս անց, Դավիթ Ալաբան նույնպես ստացավ նույն վնասվածքը։ Նրա բացակայությունը ստիպեց մարզչական շտաբին վերադասավորել պաշտպանության կենտրոնը մի կազմում, որտեղ գրեթե հասանելի խաղացողներ չկային։ Արդեն հաջորդ մրցաշրջանում՝ 2024 թվականի հոկտեմբերի 5-ին, հաստատվեց Դանի Կարվախալի վնասվածքը՝ էլ ավելի երկարացնելով ծանր վնասվածքների ցուցակը։
Անհանգստացնող վիճակագրություն 2023-ից ի վեր
Երբ թվում էր, թե թիմը սկսում է վերականգնել ուժերը, եկավ նոր հարված։ 2024-ի նոյեմբերին Միլիտաոն ստացավ խաչաձև կապանների երկրորդ պատռվածքը, այս անգամ՝ աջ ծնկի, ընդամենը ամիսներ անց այն բանից հետո, երբ վերադարձել էր նախորդ վնասվածքից։ Նրա դեպքը մեկ տարուց փոքր-ինչ ավել ժամանակահատվածում նմանատիպ վնասվածքների թիվը հասցրեց հփինգի։ Ամենաթարմը Ռոդրիգոյի դեպքն է, ով միանում է այս ցուցակին՝ ընդհանուր թիվը հասցնելով վեցի։ Հատկանշական է, որ բոլոր վնասվածքները տեղի են ունեցել կամ «Սանտիագո Բեռնաբեուում», կամ ակումբի մարզաբազայում։
Սա ծանր վնասվածքների մի հաջորդականություն է, որը հիմնականում հարվածել է պաշտպանական գծին (Կուրտուա, Միլիտաո՝ երկու անգամ, Ալաբա և Կարվախալ), իսկ այժմ հասել է նաև հարձակմանը։ Բացի յուրաքանչյուր խաղացողի անհատական ցավից, այս բացակայությունները լուրջ ազդեցություն են ունեցել թիմի սպորտային պլանավորման և վերջին երկու մրցաշրջանների կայունության վրա։ Այս տվյալը շարունակում է մեծ ուժով հարվածել «Մադրիդին»։
Հայերեն