Հոդվածներ

Վինիսիուս. ռասիզմը որպես շարունակական վատ վարքագծի արդարացում
08.03.2026
270 0

Հեղինակ՝ Պեդրո Մորատա

Ես սպասեցի, որ Լիսաբոնում «Բենֆիկայի» դեմ խաղում Վինիսիուսի հետ պատահածի աղմուկը մի փոքր հանդարտվի, որպեսզի փորձեմ գտնել այն խորհրդածության հանգստությունը, որը գիտեմ, որ շատ ընթերցողների մոտ չեմ գտնի (ներառյալ նրանց, ովքեր միայն վերնագիրն են կարդում): Այնուամենայնիվ, մենք չպետք է ինքնացենզուրայի ենթարկվենք՝ խուսափելու համար այն անմիտ և երբեմն զզվելի աղաղակից, որը հրահրում են սոցիալական ցանցերում վխտացող «թալիբների» ոհմակները: Շատ դեպքերում դրանք բոտերի բանակներ են՝ վարձված հատուկ ուժերի կողմից:

Կարիք չկա ասելու, որ ես դեմ եմ ցանկացած տեսակի նվաստացման՝ լինի դա հայացքով, խոսքով, թե գործով, որն ուղղված է որևէ մեկին իր մաշկի գույնի, կրոնական համոզմունքների կամ էթնիկ պատկանելության համար: Դատապարտում եմ յուրաքանչյուր ապուշի, ով ֆուտբոլային կամ բասկետբոլի դաշտում կամ որևէ այլ վայրում կփորձի նման բան անել: Եթե մեկը նման անարգանք է թույլ տալիս, ես կցանկանայի, որ նա պատժվի որպես բռնարար, ռասիստ կամ քսենոֆոբ, և ևս մի հավելյալ պատիժ ստանա՝ պարզապես ապուշ լինելու համար:

Հասկանում եմ, որ հիմա շատ դժվար է լինել Վինիսիուս, որովհետև ուր գնում է՝ նրան սադրում են, ծաղրում են «լողափի գնդակի» պատմությամբ, վիրավորում են... Բայց այս ամենը հետագծի և կենսագրության հետևանք է: Եվ այս դեպքում մենք հստակ գիտենք, թե որն է եղել առաջինը՝ հավը՞, թե՞ ձուն:

Ավելին, հասել ենք մի կետի, երբ իրավիճակը շրջվել է. թվում է, թե եթե քննադատում ես նրա շարունակական վատ վարքագիծը, ուրեմն ռասիստ ես: Անալիզն այնքան է այլասերվել, որ հասել է այս աստիճանի:

Ես ոչ մի կերպ չեմ արդարացնում ռասիստական վիրավորանքները, սակայն Վինիսիուսն ունի կրկնվող վատ վարքագիծ. մրցակից երկրպագուներին ուղարկում է «Սեգունդա» (երկրորդ դիվիզիոն), մշտապես կռիվների մեջ է, սադրիչ ծիծաղում է, վիրավորական ժեստեր անում երկրպագուներին ու խաղացողներին, վիրավորում մրցավարներին (ովքեր գրեթե չեն համարձակվում հեռացնել նրան՝ մեդիա-ռմբակոծությունից և սոցցանցերի աղմուկից խուսափելու համար), ամբողջ խաղի ընթացքում խոսում է մենախոսի պես, ժեստիկուլյացիա անում...

Այս ամենը նա անում է նույնիսկ իր մարզչի նկատմամբ և հետո նույնիսկ չի փորձում ներողություն խնդրել: «Ռեալ Մադրիդը», այն պահից սկսած, երբ Խաբի Ալոնսոն նրան փոխարինեց «Բարսայի» դեմ խաղում, գահավիժում է: Այդ ժամանակ «Ռեալը» 7 միավորով առաջ էր «Բարսայից»: Ակումբի հեղինակության վրա այդ հարվածից հետո (Ֆլորենտինո Պերեսի թողտվությամբ) թիմը գնաց կործանման. Խաբի Ալոնսոն հեռացվեց, Արբելոան հայտնվեց փոթորկի մեջ, իսկ «Բարսան» առաջ անցավ Լիգայում:

Ինչո՞ւ «Ռեալի» մյուս սևամորթ խաղացողների հետ (Ռյուդիգեր, Չուամենի, Մբապե, Միլիտաո, Ռոդրիգո, Կամավինգա, Մենդի, Բելինգեմ) չի պատահում այն ամենը, ինչ պատահում է Վինիսիուսի հետ:

Պատասխանը պարզ է. որովհետև նրանք իրենց չեն պահում Վինիսիուսի պես, չեն խառնվում կեղտոտ պատմությունների մեջ և չեն սադրում: Նույնիսկ Ռյուդիգերին շատ մարզադաշտերում սիրում են: Բելինգեմին ընկալում են որպես ջենթլմեն: Մբապեն որպես մրցակից ավելի վտանգավոր է, քան Վինիսիուսը, բայց նրան ոչ ոք չի արհամարհում: Ի դեպ, նախորդ մրցաշրջանից ի վեր Մբապեի և Վինիսիուսի համեմատությունը ջախջախիչ է. Վինիսիուս՝ 97 խաղ և 35 գոլ, Մբապե՝ 92 խաղ և 82 գոլ:

«Ռեալում» մուգ մուգ գույն ունեցող ոչ մի խաղացող չունի այս քաշքշուկները և ռասիստական վիրավորանքներ չի ստանում: Ուրեմն ի՞նչ է սա՝ «սելեկտիվ ռասիզմ»: Ո՛չ: Պարզապես Վինիսիուսն ինքն է ստեղծել այս մթնոլորտը իր դեմ: Դա երբեք չի արդարացնի ռասիստական վիրավորանքը, բայց բացատրում է, թե ինչու է հենց ինքը միշտ կոնֆլիկտների կենտրոնում, այլ ոչ թե իր թիմակիցները:

Շատերը, ովքեր նրան ռասիստական բնույթի վիրավորանքներ են հասցնում, իրականում ասում են այն, ինչ գիտեն, որ նրան կցավեցնի: Եթե նրան ցավեցներ «գիրուկ» (barrilete) բառը, ինչպես ժամանակին Ռոնալդո Նազարիոյին, կասեին դա: Նպատակը նվաստացնելն է՝ որպես պատասխան նրա կոպիտ վարքագծին:

Իմ տպավորությամբ՝ Վինիսիուսը կառչել է «հակառասիստական առաջնորդ» ձևանալուց (որովհետև նա այդպիսին չէ), որպեսզի շեղի ուշադրությունը իր վատ վարքագծից գրեթե բոլոր խաղերում: Այն, ինչ նա արեց Խաբի Ալոնսոյի հետ, անթույլատրելի է:

Եթե լիներ ուժեղ նախագահ, ով կամակորությունների գերին չէր լինի և չէր փչացնի Վինիսիուսին՝ նրան անտեղի պաշտպանելով, հիմա շատ լուրջ խորհրդածության ժամանակը կլիներ. արդյո՞ք «Ռեալին» ձեռնտու է ունենալ Վինիսիուսի պես խաղացող: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, բայց որպես մարզիկ՝ նա բեռ է և հարվածում է «Ռեալի» հեղինակությանը: