• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքներն արդեն հինգ դատավճռի հիմք են դարձել

Հոդվածներ

Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքներն արդեն հինգ դատավճռի հիմք են դարձել
19.02.2026
522 0

Իսպանիայում երկու խաղացողների միջև տեղի ունեցած միակ նախադեպը փակվել էր ապացույցների բացակայության պատճառով:

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուսը, ով երեկ բողոքել էր արգենտինացի Ջանլուկա Պրեստիանիի ռասիստական վիրավորանքներից «Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ» Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ, Իսպանիայում բազմիցս ենթարկվել է ռասիստական հարձակումների, որոնցից հինգն ավարտվել են դատավճիռներով:

Լիսաբոնում տեղի ունեցածը առաջին դեպքն է, երբ բրազիլացի խաղացողը հայտարարում է մեկ այլ ֆուտբոլիստի կողմից հնչած ռասիստական վիրավորանքների մասին, քանի որ մնացած բոլոր միջադեպերի հեղինակները եղել են երկրպագուները:

Այնուամենայնիվ, իսպանական lիգայում կա խաղացողների միջև ենթադրյալ ռասիստական վիրավորանքների նախադեպ, որը տեղի է ունեցել 2021 թվականին: Այն ժամանակ «Վալենսիայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Մուկտար Դիակաբին հայտարարեց, որ «Կադիսի» խաղացող Խուան Կալան իրեն անվանել է «կեղտոտ սևամորթ» (negro de mierda): Գործը կարճվեց վիրավորանքները չապացուցվելու պատճառով:

Վինիսիուսի հասցեին հնչած վիրավորանքների համար կայացված դատավճիռները

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վերջին տարիներին բազմիցս ենթարկվել է երկրպագուների ռասիստական հարձակումներին, որոնցից հինգը հանգեցրել են քրեական պատիժների․

2024թ. հունիս. Իսպանիայում առաջին նմանատիպ դատավճիռը․ «Վալենսիայի» երեք երկրպագու դատապարտվեցին ութ ամսվա ազատազրկման 2023թ. մայիսին «Մեստալիայում» կայացած խաղի ժամանակ հնչեցրած վիրավորանքների համար։

2024թ. հուլիս. Պարլայի (Մադրիդ) դատարանը ութ ամսվա ազատազրկման դատապարտեց մի անձնավորության, ով MARCA մարզական թերթի մեկնաբանություններում վիրավորել էր Վինիսիուսին և նրա թիմակից Անտոնիո Ռյուդիգերին:

2024թ. հոկտեմբեր. Պալմայի դատարանը մի տղամարդու դատապարտեց մեկ տարվա բանտարկության և երեք տարով մարզադաշտեր մուտքի արգելքի՝ «Սոն Մոյշ» (Մալյորկա) մարզադաշտում Վինիսիուսի և Սամու Չուկվուեզեի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար:

2025թ. մայիս. Վալյադոլիդի դատարանը մեկ տարվա ազատազրկման դատապարտեց հինգ անձի, ովքեր վիրավորել էին ֆուտբոլիստին «Խոսե Սորիլյա» մարզադաշտում 2022թ. դեկտեմբերին կայացած խաղում:

2025թ. հունիս. Վերջին դատավճիռը կայացվեց «Frente Atlético» ուլտրաս խմբավորման չորս անդամների դեմ, ովքեր 2023թ. հունվարին կամրջից կախել էին Վինիսիուսի մարզաշապիկով տիկնիկը: Նրանք դատապարտվեցին 14-ից 22 ամսվա ազատազրկման, սակայն համաձայնության գալով դատախազության հետ՝ բանտարկությունը փոխարինվեց տուգանքով և խաղացողին ու մարզադաշտերին մոտենալու արգելքով:

Դիակաբիի և Կալայի գործը

2021թ. ապրիլի 4-ին «Վալենսիան» դուրս եկավ խաղադաշտից, երբ Դիակաբին հայտնեց Խուան Կալայի կողմից հնչած վիրավորանքի մասին: Թեև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արտակարգ հետաքննություն սկսեց, գործը փակվեց երկու ամիս անց: Ըստ դատական որոշման՝ առկա տեսաձայնագրությունները և զեկույցները բավարար չէին ռասիստական վիրավորանքը հաստատելու համար, իսկ խաղացողի վարքագծի վերլուծությունը ցույց չէր տալիս ուղղակի դիմելաձև Դիակաբիին: