Արբելոան պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ «Էլ Սադար» մարզադաշտում կայացած «Ռեալ Մադրիդի» խաղից հետո, որտեղ թիմը 1։2 հաշվով զիջեց «Օսասունային»:
75-րդ րոպեին Վալվերդեին փոխարինելու մասին հարցին նա պատասխանել է.
«Վալվերդեն շատ ջանք է գործադրել բազմաթիվ խաղերում և հանդես է եկել թեթև ցավերով: Նա զգաց այն, ինչ զգում էր վերջին շաբաթների ընթացքում: Ճիշտ թե սխալ՝ ես նախընտրեցի չռիսկի դիմել նրա հարցում: Գոլից հետո դա որոշում էր՝ ուղղված վնասվածքից խուսափելուն»:
11-մետրանոցի դրվագը
«Այն քիչ հատվածից, որ տեսել եմ, կարծում եմ՝ այդ դրվագից առաջ նույնիսկ խախտում կար: Եղել են երկու շատ վիճելի խաղից դուրս վիճակներ, և մենք անհաջողություն ունեցանք, որ երկուսն էլ մեր դեմ եղան:
Կարծում եմ՝ սա մեր կողմից լավ խաղ չէր: «Օսասունան» խաղաց իր խաղը և երկու անգամ հարվածելով դարպասին՝ երկու գոլ խփեց: Մենք կարող ենք և ունենք շատ ավելի բարձր մակարդակ: Պետք է խաղալ ավելի լավ, ավելի մեծ ինտենսիվությամբ: Գիտենք, որ հեշտ չէ դա անել չորեքշաբթի և կիրակի օրերին, բայց դա այն է, ինչ մեզնից պահանջվում է. սա «Ռեալ Մադրիդն» է: Գիտեինք, որ բոլոր արտագնա խաղերը բարդ են լինելու»:
Արդյո՞ք թիմը ընկճված է
«Ոչ մեկին դուր չի գալիս պարտվելը, առավել ևս մեզ, բայց թիմը հաստատ ընկճված չէ: Երեկ ասում էի, որ սա երկար ճանապարհ է, և մրցաշրջանը գրեթե նոր է սկսվել: Չնայած դա չափազանցություն է, ես դեռ կարծում եմ, որ առջևում շատ բան կա: Առաջին խաղակեսում մենք պահերով վերահսկում էինք խաղը, բայց մեզ պակասում է արագությունը ցանկացած պաշտպանողական բլոկի դեմ:
Կամ պետք է գնդակը շատ ավելի արագ տեղաշարժել, կամ մրցակցի համար շատ հեշտ կլինի պաշտպանվելը: Դա մի բան է, որը պետք է շարունակենք բարելավել: Մենք հիմա շատ ենք կենտրոնանում ձախ եզրի վրա, բայց պետք է կարողանանք նույնն անել նաև մյուս կողմից, այլապես մեզ դեմ խաղալը հեշտ կլինի: Պետք է շատ աշխատել, քանի որ չորեքշաբթի ևս մեկ կարևոր խաղ ունենք»:
Թիմը դանդա՞ղ էր գործում
«Չէի ասի, թե շատ դանդաղ էինք: Առաջին խաղակեսում մեզ պակասում էր գնդակն ավելի արագ տեղաշարժելն ու վտանգ ստեղծելը: Պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում անել և ինչ ենք ուզում հրահրել մրցակցի տուգանայինի մոտ: Պետք է շարունակել պնդել մեր խաղը, տեսնել՝ ինչը լավ ստացվեց և ինչը՝ ոչ: Երբ 100%-ով պատրաստ չես, ցանկացած թիմ կարող է հաղթել քեզ: Մենք դա գիտակցում ենք: Մրցակիցները լավ են պատրաստվում մեր դեմ և տալիս են իրենց առավելագույնը: Մենք պետք է անենք նույնը»:
Մբապեի վիճակը
«Նա հանգստացել էր նախորդ հանգստյան օրերին, եթե չեմ սխալվում: Նա չխաղաց «Ռեալ Սոսիեդադի» դեմ: Երբ տեսնում ենք, որ նա պատրաստ չէ խաղալուն, չենք պատրաստվում ռիսկի դիմել: Դա միայն ես չեմ որոշում. խոսում եմ բժիշկների և նրա հետ, և երբ նա իրեն պատրաստ է զգում, նոր խաղում է»:
Ի՞նչ կարող է նշանակել այս պարտությունը
«Հույս ունեմ, որ այն ոչինչ չի նշանակի, որովհետև չորս օրից մենք նորից «կյանքի ու մահվան» խաղ ունենք: Գիտակցում ենք, որ լիգայում դեռ շատ տուրեր կան և դժվար է լինելու հաղթել բոլորը: Թիմն իր ուժը ցույց է տալիս դժվարությունների պահին: Այն, ինչ չպետք է լինի, կասկածներն են:
Ես շարունակում եմ մեծապես հավատալ իմ խաղացողներին և նրանց կատարած աշխատանքին: Մենք պետք է փորձենք քաղել լավագույնը բոլորից, որովհետև բոլորի կարիքն էլ ունենալու ենք»:
Հայերեն