Հոդվածներ

Վինիսիուս Ժունիոր և Բելինգեմ. անսպառ վարկանիշ
30.01.2026
368 0

Սերխիո Ռոդրիգեսի կարծիքը, Marca.com

«Դա Լուժում» տեղի ունեցած ձախողումը հստակ անուններ ջրի երես հանեց: Մինչ «Ռեալ Մադրիդը» փլուզվում էր որպես թիմ, մադրիդիստների հիասթափությունը կենտրոնացած էր երկու կերպարների վրա՝ Բելինգեմի և Վինիսիուսի: Սա սովորական սայթաքում չէ, որը կարելի է ներել ու անցնել, սա ավելի խորը խնդիր է, որն արդեն դարձել է այս մրցաշրջանի հիմնական միտումը:

Երբ իրավիճակը բարդանում է, և զինանշանը սկսում է ծանրության պես ճնշել, ո՛չ անգլիացին, ո՛չ բրազիլացին չեն կարողանում ստանձնել թիմի ղեկը: Հակապատկերն ակնհայտ է մյուս «ծանրքաշայինների» հետ համեմատած: Մբապեն, հավատարիմ իր «լիաժամկետ սուպերհերոսի» դերին, կրկին երկու փայլուն դրվագ ստեղծեց: Իսկ դաշտի մյուս ծայրում Կուրտուան իր հերթական հրաշքներն էր գործում՝ թույլ չտալով, որ պարտությունը դառնա պատմական ջախջախում: Նա նույնիսկ ստիպեց Մոուրինյոյին հեգնական ժպտալ:

Վինիսիուսը ձախ եզրում պարզապես դեկորատիվ դեր ուներ: Նա գրեթե կապ չուներ Մբապեի հետ, փորձեց ընդամենը երկու դրիբլինգ (որոնցից միայն մեկն էր հաջող) և հարձակման գծում անարդյունավետ էր: Բայց իսկական դրաման սկսվեց այն ժամանակ, երբ խաղը պահանջում էր քրտինք և նվիրվածություն: Նրա պաշտպանողական օգնությունը մնաց «աբստրակտ» մակարդակի վրա: Բրազիլացին Կարերասին թողեց բացարձակ միայնակ՝ թույլ տալով, որ եզրը վերածվի Մոուրինյոյի թիմի համար անարգել «մայրուղու»: Նման ելույթը բնավ չի օգնում երկրպագուների հետ հաշտեցմանը, մինչդեռ նրա պայմանագրի երկարաձգումը դեռ մնում է օդից կախված:

Իր հերթին, Բելինգեմը «Դա Լուժում» պարզապես ստվերների հետևից էր վազում: Առանց կրեատիվության, առանց ֆիզիկական ուժի և առանց այն եռանդի, որը նրան ժամանակին դարձրել էր կուռք: Այն տղան, որը հիացնում էր «Բեռնաբեուն», հիմա կարծես կորել է մի դերում, որն իրեն չի սազում: Եվ սա այն դեպքում, երբ Արբելոան խաղից առաջ գովում էր նրան՝ ասելով, թե մարզման ժամանակ ստիպված է եղել խնդրել նրան «դադարել վազել»: Նա հաղթեց 13 մենապայքարից միայն 6-ում, բայց երբ թիմը կենտրոնում կարգուկանոնի կարիք ուներ, նրան չփոխարինեցին:

Դասեր անցյալից

Մարզչի կատարած փոփոխությունները հերթապահ էին: Ամենամեծ անարդարությունը բաժին հասավ Արդա Գյուլերին, ով «Մադրիդի» կազմում ամենաակտիվն էր, բայց փոխարինվեց հենց այն պահին, երբ պատրաստվում էր անկյունայինն իրացնել: Նրա դեմքի զարմանքն ամեն ինչ ասում էր: Նա լքեց դաշտը՝ շշնջալով Մարիո Բալոտելիի հայտնի արտահայտությունը, բայց հաստատական տարբերակով. «Always me» (Միշտ ես): Այսինքն՝ միշտ նույն խաղացողներն են զոհաբերվում հանուն «հիերարխիայի»:

Այս փոփոխություններից ոչ մեկը չփրկեց «Ռեալին» «Դա Լուժի» դժոխքից: Խայտառակությունն ավարտվեց վերջին վայրկյանին, երբ «Բենֆիկայի» դարպասապահ Տրուբինը, մարզչական շտաբի հրահանգով, եկավ մրցակցի տուգանային հրապարակ և գլխի հարվածով դարձավ վերջնական՝ 4-2 հաշվի հեղինակ: Դա տեղի ունեցավ հենց այն դարպասի մոտ, որտեղ 12 տարի առաջ «Ռեալը» գրել էր իր պատմության ամենափառահեղ էջերից մեկը («Լա Դեսիմա»): Ճակատագիրը դաժան հեգնանք ունի. այն հիշեցնում է, որ ֆուտբոլում ոչինչ հավերժ չէ: «Մադրիդը», որը սովոր է ժպտալ այս մրցաշարում, ավարտեց խաղը ցնցված, 9-րդ հորիզոնականում և դեպի դառը փլեյ-օֆֆ տանող ճանապարհին: