Հոդվածներ

Այն օրը, երբ «Մադրիդը» տեսավ լույսը
27.01.2026
420 0

«Սերուցքայինների» առաջին այցը Լիսաբոն՝ Չեմպիոնների Լիգայի 13/14 մրցաշրջանի եզրափակչում «Ատլետիկոյի» դարպասը Ռամոսի խփած գոլից հետո

Բանավեճը վաղուց է բացվել, ավելի կոնկրետ՝ 2014 թվականի մայիսի 24-ից, երեկոյան ժամը 11-ի սահմաններում։ Այդ օրը, արդեն կորսված թվացող խաղի 93-րդ րոպեին, Սերխիո Ռամոսը վեր սլացավ «Ատլետիկոյի» պաշտպանների վրայով՝ գնդակը գլխով ուղարկելով ցանցը։ Թեև դա ընդամենը հավասարեցրեց հաշիվը, այն լայն բացեց «Լա Դեսիմայի» դռները՝ մի գավաթի, որին ակումբը սպասում էր 12 երկար տարի։

92 րոպե և 48 վայրկյան շարունակ իրական էր թվում սարսափը՝ պարտվել Եվրոպայի գավաթը քաղաքային հավերժական մրցակցին։ Սա հիմք է տալիս քննարկման. ո՞րն էր ավելի կարևոր «Ռեալի» պատմության համար՝ Միյատովիչի՞ գոլը «Յուվենտուսին», թե՞ Սերխիոյի գոլը Կուրտուային։

Այս չորեքշաբթի «Ռեալը» վերադառնում է «Էշտադիու դա Լուժ» (Da Luz)՝ առաջին անգամ այդ առասպելական խաղից հետո։ Եթե Ռամոսի այդ հարվածը չլիներ, հնարավոր է՝ այն ամենը, ինչ եղավ հետո (Զիդանի երեք անընդմեջ գավաթները և Վինիսիուսի վերջին հաղթական գոլերը), երբեք տեղի չունենար։ Ակնհայտ է, որ այդ գոլը փոխեց «Մադրիդի» պատմությունը և դարձավ ակումբի ամենահաջողակ տասնամյակի (2014-2024) բանալին, որի ընթացքում թիմը նվաճեց 6 Եվրոպայի գավաթ՝ նույնքան, որքան «Բեռնաբեուի» թիմը նվաճել էր 1956-1966 թվականներին։

Տասներորդ գավաթի գոլը

Ռամոսի գոլը միանշանակ կհաղթեր «միլենիալ» (90-ականների սերունդը, խմբ.) մադրիդիստների հարցումներում։ Այդ գավաթին հասնելու ճանապարհը լի էր փշերով. Ֆիգուի վրիպած 11-մետրանոցը Թուրինում, 1/8 եզրափակիչների անեծքը «Լիոնի» հետ, Մակայից բաց թողած գոլը 14-րդ վայրկյանին, Բավարիայի հետ ցավալի հետխաղյա հարվածաշարը... Շատ գիշերներ մադրիդիստները ստիպված էին ատամները սեղմել, և թվում էր՝ դա կշարունակվի նաև Լիսաբոնում։

Գոդինի գոլը առաջին խաղակեսում՝ Կասիլյասի սխալ դուրս գալուց հետո, մինչև վերջին աստիճան դժվարացրեց «սերուցքայինների» գործը։ Սիմեոնեի «Ատլետիկոն» պաշտպանական ժայռ էր, իսկ Կրիշտիանուն ու Բենզեման ֆիզիկապես լավագույն վիճակում չէին։ Անչելոտիի «Մադրիդը» փորձում էր, բայց չէր ստացվում, մինչև որ Իսկոյի և Մարսելոյի մուտքը դաշտ վերջնականապես թեքեց խաղը դեպի Կուրտուայի դարպասը։ Ժամանակը սպառվում էր, իսկ «Ատլետիկոյի» հանդերձարանում շամպայնն արդեն սառչում էր։

Վերջին հուսահատ գրոհի ժամանակ «Մադրիդը» պաշարեց մրցակցին։ Մոդրիչը կատարեց անկյունային հարվածը դեպի տուգանային հրապարակի կենտրոն, և Ռամոսը կանգնեցրեց ժամանակը 92:48-ին։

Այդ գոլը կենդանացրեց «Մադրիդին» և նոկաուտի ենթարկեց «Ատլետիկոյին»։ Լրացուցիչ ժամանակում ֆիզիկապես հյուծված «ռոխիբլանկոները» այլևս չկարողացան դիմադրել։ Բեյլը հաշիվը դարձրեց 2–1՝ Դի Մարիայի անմոռանալի անցումից հետո, իսկ Մարսելոն ու Կրիշտիանուն վերջակետ դրեցին հանդիպմանը։

Այդ գիշեր պատմությունը փոխվեց։ Այս չորեքշաբթի Մադրիդը վերադառնում է «Da Luz»՝ իր ժամանակակից պատմության «Մակոնդո», հիշելով, որ երբեք այնքան երջանիկ չի լինի, որքան 12 տարի առաջվա այդ լիսաբոնյան գիշերը։