Հոդվածներ

Արբելոան «բաժանորդագրվում» է ութսունականներին
09.03.2026
597 0

Այն պահից ի վեր, ինչ թիմը գլխավորում է Արբելոան (13 խաղ), «Արքայական ակումբը» յոթ հանդիպումներում գոլ է խփել 80-րդ րոպեից հետո:

«Ռեալ Մադրիդի» պատմությունը մեզ միշտ սովորեցրել է, որ խաղերը պետք է խաղալ մինչև վերջ։ Մինչև 90-րդ րոպեն։ Երբեմն նույնիսկ մի փոքր ավելի։ Ալվարո Արբելոայի կարճատև փուլը, առայժմ, բացառություն չէ։ Նրա գլխավորած խաղերի գրեթե կեսում (13 խաղից 7-ում), թիմը գրավել է մրցակցի դարպասը 80-րդ րոպեից հետո։ Կարելի է ասել՝ Արբելոան «բաժանորդագրվել» է ութսունական րոպեներին։

«Սելտան»՝ վերջին զոհը

Անցած ուրբաթ «Բալաիդոսում» Արբելոայի թիմը կրկին գործը թողեց վերջին րոպեներին։ Եվ այդ գործը ստանձնեցին «Լա Ֆաբրիկայի» սաները։ Սեսար Պալասիոսի հիանալի կողմնորոշումն ու Մանուել Անխելի առանցքային խլումը թույլ տվեցին Վալվերդեին հուժկու հարվածով (փոքր-ինչ բախտի օգնությամբ) հաղթանակ պարգևել «Ռեալին» 94-րդ րոպեին։ Այս հաղթանակի շնորհիվ թիմը շարունակում է հետապնդել «Բարսելոնային» Լա լիգայում:

«Բենֆիկա», Չեմպիոնների լիգա և Վինիսիուս

Կատարյալ համադրություն «Բեռնաբեուում»։ Հավասար պայքար, ռևանշի ծարավ և «միացված» Վինի։ Սրանք էին «Մանիկոմիոյում» հերթական քամբեքի բաղադրիչները։ Վալվերդեի փոխանցումը դեպի ազատ տարածություն և բրազիլացու հանճարեղ եզրափակումը 80-րդ րոպեին թույլ տվեցին շրջել խաղի ընթացքը։

«Մեստալիայում»՝ Մբապեի ձեռքով

Եվս մեկ բարդ խաղ Արբելոայի տղաների համար։ Եվս մեկ գոլ վերջին րոպեներին։ Այս մեկը ոչ թե հաղթանակ բերեց, այլ վերջնականապես ամրագրեց այն։ Բրահիմի փոխանցումից հետո Մբապեն 91-րդ րոպեին դրեց վերջակետը։

Եզրափակիչ դրամա «Ռայոյի» դեմ

Խաղը սկսվեց լավագույնս՝ Վինիի գոլի շնորհիվ, սակայն ամեն ինչ սկսեց բարդանալ Խորխե դե Ֆրուտոսի պատասխան գոլից հետո։ «Բեռնաբեուն» անհամբեր էր, քանի որ «սերուցքայինները» չէին կարողանում քանդել Ինյիգո Պերեսի թիմի պատը։ Սակայն 100-րդ (!) րոպեին Մբապեն 11-մետրանոցից հաղթանակ պարգևեց իր թիմին։

Մբապեն վճռում է «Լա Սերամիկայում»

Կրկին ավելացված ժամանակ և կրկին ֆրանսիացին՝ Մարսելինոյի թիմին հաղթելու համար։ Մբապեի երկրորդ գոլը «Վիլյառեալի» հարկի տակ նույնպես եղավ 11-մետրանոցից։ «Ոսկե խաղակոշիկի» ներկայիս սեփականատերը չսխալվեց և 94-րդ րոպեին «պանենկա» ոճի հարվածով երեք միավոր բերեց Արբելոայի թիմին։

Գոլային «արբեցում» «Մոնակոյի» դեմ

Մադրիդյան տեխնիկի եվրոպական նորամուտի խաղում նույնպես 80-րդ րոպեին ուրախության առիթ եղավ։ «Ալբասետեից» կրած ձախողումից հետո շատ խաղացողներ ռեաբիլիտացվեցին հենց այս խաղում։ 6-1 հաշվով ավարտված խաղի վերջին գոլը խփեց Բելինգեմը՝ 80-րդ րոպեին՝ լռեցնելով բոլոր բամբասանքները։

Սարսափ Ալբասետեում

Արբելոայի առաջին խաղը «Ռեալի» ղեկին ամեն ինչ էր, բացի երազանքից։ Դուրս մնալով գավաթից, բաց թողնելով երեք գոլ, որոնցից վերջինը՝ 94-րդ րոպեին։ Սարսափելի գիշեր «սերուցքայինների» պատմության համար, որը փորձեց փրկել Գոնսալոն 91-րդ րոպեին, թեև դա ի վերջո ոչինչ չփոխեց։