Հոդվածներ

«Ռեալը» կանգնած է դատարանի առաջ հայտնվելու շեմին
23.01.2026
998 0

Ինչպես հայտնում է El Confidencial-ը` «Ռեալ Մադրիդը» մոտ է նրան, որ դատարանի առաջ կանգնի «Սանտիագո Բեռնաբեուում» կազմակերպված համերգների պատճառով։ Մայրաքաղաքի թիվ 53 քննչական դատարանի դատավոր Մոնիկա Ագիրե դե լա Կուեստան, մեկուկես տարվա քննությունից հետո, գործին ընթացք տալու որոշում է կայացրել։

Հունվարի 15-ի որոշման մեջ նշվում է շրջակա միջավայրի դեմ հնարավոր հանցագործության մասին՝ ձայնային աղտոտման տեսքով։ Մեղադրանքն ուղղված է Real Madrid Estadio-ին՝ ակումբի այն ստորաբաժանմանը, որը պատասխանատու է նմանատիպ միջոցառումների կազմակերպման համար։

Այժմ «Արքայական ակումբն» ունի երեք օր ժամանակ՝ բողոքարկելու համար։ Միևնույն ժամանակ, դատախազը և մասնավոր մեղադրողն ունեն 10 օր ժամանակ՝ մանրամասն շարադրելու այն պատիժներն ու կոնկրետ հանցանքները, որոնք վերագրվում են ակումբին։

Հարևանների հերթական հաղթանակը

Դատավորի այս որոշումը հերթական հաղթանակն է մարզադաշտի հարևանությամբ ապրող բնակիչների համար։ Հոկտեմբերին նրանց արդեն հաջողվել էր հասնել նրան, որ Մադրիդի Գերագույն դատարանը չեղարկի երկու ավտոկայանատեղիների կառուցման թույլտվությունը, որոնք «Ռեալը» ցանկանում էր կառուցել Պասեո դե լա Կաստելյանա և Պադրե Դամիան փողոցներում։ Մադրիդի քաղաքապետարանն ընդունել է այդ որոշումը, սակայն ակումբը բողոքարկել է այն։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» դադարեցրեց համերգների անցկացումը 2024 թվականի սեպտեմբերին՝ բնակիչների բողոքը վարույթ ընդունելուց մեկուկես ամիս անց և շուրջ հինգ ամիս տևած երաժշտական միջոցառումներից հետո։