Հոդվածներ

Մաստանտուոնոն կրկնում է նույն օրինաչափությունը
05.03.2026
609 0

Երիտասարդ արգենտինացին, ով պատժվել է երկու խաղով որակազրկմամբ, չի կարողանում գտնել իր ուղին «Մադրիդում» անցկացրած առաջին մրցաշրջանում

«Իմ առաջին վեց ամիսները լավագույնը չէին, նույնիսկ մոտ չէին այն ամենին, ինչ ես կարող եմ անել»: Ֆրանկո Մաստանտուոնոն չխուսափեց ինքնաքննադատությունից: Նա դա արեց իր տարիքին ոչ բնորոշ հանդարտությամբ և մի ուղերձով, որն ավելի շատ նման էր խոստման, քան արդարացման. «Իմ լավագույն տարբերակը դեռ չի եկել: Ես «Ռիվեր Փլեյթում» հիանալի ժամանակահատված ունեցա, որն ինձ բերեց այստեղ, բայց սա իմ առավելագույնը չէ»: Խնդիրն այն է, որ առայժմ նրա ուղին «Ռեալ Մադրիդում» պտտվում է շրջանաձև: Մարզիչները փոխվում են, բայց պատմությունը կրկնվում է:

Նրա ժամանումը որքան հուսադրող էր, նույնքան էլ գլխապտույտ առաջացնող: «Մադրիդը» փակեց նրա տրանսֆերը 63 միլիոնով` Ակումբային աշխարհի առաջնության ժամանակ՝ որոշելով առաջ անցնել ՊՍԺ-ի հետաքրքրությունից: «Ռիվերում» նա ցույց էր տվել անհատականություն, հավասարակշռություն և պատասխանատվություն ստանձնելու հազվագյուտ ունակություն: Այդ իսկ պատճառով սպիտակների ճամբարում հասկացան, որ տրանսֆերը ռազմավարական էր և մեծ ապագա ունեցող, չնայած ժամանելուն պես նրան գրեթե առանց պաշտպանության նետեցին ասպարեզ:

Լռվում է նույն կետում

Խաբի Ալոնսոյի հետ նա խոստումնալից մեկնարկ ունեցավ: Իսպանացի մասնագետը նրան գրեթե անմիջապես հնարավորություն տվեց հանդես գալ մեկնարկային կազմում՝ համոզված լինելով, որ տաղանդը պետք է գերակայի հարմարվողականության գործընթացին: Մաստանտուանոն փայլատակումներ ունեցավ, բայց ոչ բավարար մեկնարկային կազմում տեղը պահպանելու համար: Կայծը մարեց, և նա ի վերջո կորցրեց իր կշիռը ռոտացիայի մեջ:

Արբելոայի ժամանումը, ով ստանձնեց ղեկը գավաթի խաղերում, երկրորդ հնարավորություն տվեց՝ չնայած սպիտակների դուրս մնալուն: Մարզիչը կրկին վստահեց նրան խաղի ղեկը, և արգենտինացին պատասխանեց երկու հաջորդական գոլերով («Ալբասետեի» և «Մոնակոյի» դեմ), ինչը թվաց, թե փարատեց կասկածները: Նա հինգ անգամ անընդմեջ հայտնվեց մեկնարկային կազմում և վերականգնեց իր դերը: Սակայն օրինաչափությունը նորից կրկնվեց:

Նրա համարձակությունն ու արիությունը, որոնք անհրաժեշտ են «Բեռնաբեուում» հաջողության հասնելու համար, բախվեցին որոշումների կայացման անկայունության հետ: Այդ պահից նրա արդյունավետությունն ընկնում է, իսկ մարմնի լեզուն մատնում է նրան: Ինչպես Խաբիի ժամանակ, նա նորից վերադարձավ պահեստայինների նստարանի: Վերջին վեց խաղերում նա հազիվ է հավաքել 42 րոպե խաղաժամանակ, ինչը հստակ նշան է, որ նա կորցրել է դիրքերը մրցակիցների նկատմամբ:

Մաստանտուանոն և կիսատ մնալու վտանգը

Ակումբում ոչ ոք չի կասկածում նրա տաղանդի կամ կատարված ներդրման վրա: Խոսքը չափազանց երիտասարդ ֆուտբոլիստի մասին է, ով ձեռք է բերվել որպես ռազմավարական նախագիծ՝ լիակատար վստահությամբ նրա ներուժի հանդեպ: Բայց նաև սկսում է արմատավորվել այն միտքը, որ գուցե նրան պետք է ավելի քիչ «խեղդող» միջավայր աճելու համար, ինչպես ժամանակին եղավ այլ երիտասարդների հետ (օրինակ՝ Նիկո Պասը կամ Էնդրիկը), ովքեր հեռացան՝ ավելի կայացած վերադառնալու համար:

«Խետաֆեի» դեմ դրվագը ամփոփում է նրա ներկա վիճակը: Սխալական, անճշտապահ և գնալով ավելի անջատված խաղից՝ նա ի վերջո տեղի տվեց լարվածությանը: «Կան բաներ, որոնք չպետք է պատահեն, ինչպես Մաստանտուանոյի դեպքում: Չգիտեմ հստակ՝ ինչ է նա ասել մրցավարին, բայց եթե նրան հեռացրել է, ուրեմն պատճառ է ունեցել»,- պարզաբանեց Արբելոան խաղից հետո: Արգենտինացին պոռթկացել էր. «Ի՜նչ ամոթ է, ի՜նչ անիծված ամոթ»,– մի քանի անգամ կրկնել էր նա՝ նախքան կարմիր քարտ տեսնելը:

Երկու խաղով որակազրկումը անարդարացի կարմիր քարտի համար ևս մեկ ծանր հարված է երիտասարդ տաղանդի համար, ում դժվար է հաջողվում մեկնարկը: Եվս երկու խաղ առանց մրցակցության մի մրցաշրջանում, որն արդեն իսկ բնավորության փորձություն է դարձել: «Խետաֆեի» դեմ նա չգերազանցեց ճշգրտության 50%-ը ո՛չ փոխանցումներում, ո՛չ դրիբլինգում: Իսկ առջևում սպասվող Աշխարհի առաջնության ֆոնին արգենտինացին գիտի, որ պետք է բարձրացնի մակարդակը, եթե չի ուզում դուրս մնալ Լիոնել Սկալոնիի ցուցակից:

Այսպիսով, «30» համարը շատ հեռու է եղել սպասելիքները բավարարելուց, իսկ նրա հասցեին հնչող քննադատությունները հաճախ կործանարար են: Իրականությունն այն է, որ նա այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 1,204 րոպե, ինչը կազմում է ընդհանուր ժամանակի 33%-ը... և դարձել է ընդամենը երեք գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: