• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսին վիրավորած ֆուտբոլիստը չի մասնակցի «Ռեալ» - «Բենֆիկա» պատասխան խաղին

Հոդվածներ

Վինիսիուսին վիրավորած ֆուտբոլիստը չի մասնակցի «Ռեալ» - «Բենֆիկա» պատասխան խաղին
24.02.2026
389 0

Արգենտինացի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին, որը հանդես է գալիս «Բենֆիկայում», հեռացվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղից՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով։ Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Անցած երեքշաբթի Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի անցումային փուլի առաջին խաղում 1:0 հաշվով առավելության հասավ «Բենֆիկայի» նկատմամբ։ Գոլից հետո Վինիսիուսը մոտեցել էր «Բենֆիկայի» երկրպագուների տրիբունային և սադրիչ ժեստերով նշել իր խփած գնդակը։ Այնուհետև բրազիլացին դիմել էր հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսյեին՝ բողոքելով ռասիստական բնույթի վիրավորանքներից, ինչի հետևանքով խաղը ժամանակավորապես դադարեցվել էր։ Հանդիպումը վերսկսվել էր մոտ 10 րոպե անց։

Մամուլի տեղեկություններով՝ 20-ամյա արգենտինացին հերքում է, թե Վինիսիուսին «կապիկ» է անվանել, սակայն ընդունել է, որ գոլից հետո բրազիլացու հասցեին հնչեցրել է հոմոֆոբ բնույթի արտահայտություններ։

«ՈՒԵՖԱ-ի վերահսկողական, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում է կայացրել ժամանակավորապես որակազրկել Ջանլուկա Պրեստիանիին ՉԼ-ի մրցաշարի հաջորդ խաղից՝ կարգապահական կանոնակարգի 14-րդ հոդվածի ակնհայտ խախտման համար, որը վերաբերում է խտրական վարքագծին»,- նշվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ տվյալ որոշումը չի ազդում այն հնարավոր պատժամիջոցների վրա, որոնք կարող են կիրառվել հետագայում՝ ընթացիկ քննության ավարտից հետո։ Ըստ մամուլի տվյալների՝ Պրեստիանիին սպառնում է երկարատև որակազրկում, եթե նրա մեղավորությունը ապացուցվի։

Մադրիդի «Ռեալի» և «Բենֆիկայի» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Մադրիդում։

Fanat, Realmadrid.am