«Ռեալ Մադրիդը» չինական Weibo սոցիալական ցանցում հրապարակել է պաշտպան Դին Հաուսենի անունից գրված ներողություն: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի Instagram-ի էջում վերահրապարակվել էր (repost) մի նյութ, որը պարունակում էր ասիացիների հասցեին վիրավորական համարվող մեկնաբանություններ:
«Անկեղծորեն ներողություն եմ խնդրում իմ չինացի ընկերներից: Ես նախկինում անզգուշաբար տարածել էի մի նյութ, որը պարունակում էր վիրավորական հաղորդագրություններ: Դա բոլորովին վիրավորանքի միտում չուներ, և ես զղջում եմ պատճառված անհանգստության համար», – նշված է ակումբի տարածած չինարեն տեքստում:
Ինչի՞ց սկսվեց սկանդալը
Շաբաթ օրը 20-ամյա նիդերլանդա-իսպանացի ֆուտբոլիստ Հաուսենը վերահրապարակել էր մի լուսանկար, որը չինացի օգտատերերը որակել են որպես ռասիստական՝ ասիացիների աչքերի կառուցվածքին վերաբերող ակնարկների պատճառով: Լուսանկարում պատկերված էր ասիական ծագումով մի մարդ, իսկ կից գրված էին հետևյալ մեկնաբանությունները. «նույնիսկ չինացիներն են նրան չինացի անվանում» և «նրա աչքերը կարելի է կապել ատամի թելով»: Հրապարակումն արդեն հեռացվել է ֆուտբոլիստի էջից:
Արձագանքները
Թեև «Ռեալ Մադրիդը» պաշտոնական հայտարարություն է տարածել Weibo-ում, շատ չինացի երկրպագուներ քննադատում են ակումբին: Նրանք գտնում են, որ գրավոր հայտարարությունը բավարար չէ և պահանջում են հրապարակային տեսաուղերձ կամ ներողություն միջազգային հարթակներում:
Նախկին դեպքերը
Սա առաջին դեպքը չէ. 2024 թվականին ակումբը հայտնվել էր նմանատիպ սկանդալի կենտրոնում, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ մի երկրպագու վիրավորական երգ էր երգել չինացիների հասցեին: Այն ժամանակ Իսպանիայում Չինաստանի դեսպանատունը միջադեպը որակել էր որպես «Գռեհիկ և վատ բնույթի վիրավորանք Չինաստանի հասցեին»:
Հայերեն