Հոդվածներ

Արբելոան ռեկորդից ընդամենը 6 միավոր հեռավորության վրա է
21.02.2026
418 0

«Ռեալ Մադրիդի» մարզչին ընդամենը երկու հաղթանակ է բաժանում ակումբի պատմության մեջ մարզչական լավագույն մեկնարկը կրկնելուց։

2026 թվականի հունվարի 12-ին Ալվարո Արբելոան ստանձնեց «Ռեալ Մադրիդի» ղեկը։ Այդ օրվանից ի վեր նա Լա լիգայում ոչ մի խաղ չի պարտվել։ Հինգ խաղ, հինգ հաղթանակ. սա նույն արդյունքն է, ինչով իրենց ժամանակին մեկնարկել են Խոսե Կիրանտեն (1929թ.), Էնրիկե Ֆերնանդեսը (1953թ.) և Մանուել Պելեգրինին (2009թ.)։

Այս ցուցակում Արբելոայից առաջ են մնացել միայն երկուսը։ Առաջինը նրա նախորդն է՝ Խաբի Ալոնսոն (6 հաղթանակ), իսկ երկրորդը՝ Վանդերլեյ Լյուքսեմբուրգոն, ով 2005-ին գրանցել էր 7 անընդմեջ հաղթանակ։ Լյուքսեմբուրգոն այն ժամանակ ընդունեց «Գալակտիկոսների» աստղաբույլը, երբ թիմը 5-րդ տեղում էր և 13 միավորով հետ էր «Բարսելոնայից»։

Թվերի համեմատությունը

Առաջին հինգ խաղերի վիճակագրությունը ցույց է տալիս Արբելոայի թիմի ուժը.

Լյուքսեմբուրգո. 13 խփած գոլ, 3 բաց թողած (+10 տարբերություն)։

Արբելոա. 12 խփած գոլ, 2 բաց թողած (+10 տարբերություն)։

Խաբի Ալոնսո. Ավելի զգույշ էր՝ 8 գոլ, բայց պաշտպանությունում ամենակայունն էր։

Արբելոայի հարձակողական ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ բրազիլացի Լյուքսեմբուրգոյինը։

Դժվարին օրացույցը

Այն, ինչը չկա վիճակագրական աղյուսակներում, Արբելոայի հաղթահարած դժվարություններն են։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ թշնամական մթնոլորտում. «Սանտիագո Բեռնաբեուն» սուլում էր սեփական խաղացողներին (հատկապես Վինիսիուսին և Բելինգեմին)։ «Լևանտեի» դեմ այդ խաղը նման էր սեփական հարկի տակ «հյուրի» կարգավիճակով խաղալուն։

Դրանից հետո եղան հաղթանակներ «Վիլյառեալի» և «Վալենսիայի» դեմ դժվարին արտագնա խաղերում։ Ամենադրամատիկը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղն էր, որտեղ հաղթանակը կորզվեց 100-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցով։ Իսկ ամենատպավորիչը «Ռեալ Սոսիեդադին» 4։1 հաշվով ջախջախելն էր՝ առանց Կիլիան Մբապեի։

Ի՞նչ է սպասվում հիմա

Այս շաբաթ օրը «Ռեալը» հյուրընկալվում է «Էլ Սադար» մարզադաշտում («Օսասունայի» դեմ)։

Եթե հաղթի այսօր, Արբելոան կհավասարվի Խաբի Ալոնսոյին։

Եթե հաջորդ տուրում հաղթի «Խետաֆեին», կհավասարվի Լյուքսեմբուրգոյի ռեկորդին (7 հաղթանակ)։

Իսկ դրանից հետո նա կարող է մտնել մի տարածք, որտեղ «Ռեալ Մադրիդի» պատմության մեջ դեռ ոչ մի մարզիչ չի եղել։