Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեն վերադառնում է կենտրոն
06.02.2026
874 0

Փորձարկումներն ավարտված են. ուրուգվայցին «Վալենսիայի» դեմ խաղում կվերադառնա այնտեղ, որտեղ պատկանում է իր որակների և ֆուտբոլային տվյալների շնորհիվ:

Ֆեդե Վալվերդեն վերադառնում է իր տեղը և քայլ է անում դեպի կենտրոն... դաշտի կենտրոն։ Սա մի բան էր, որ նա ժամանակին խնդրել էր, կամ ավելի ճիշտ՝ հրապարակավ հայտնել էր իր նախապատվությունները դաշտում տեղաշարժվելու վերաբերյալ։ Սակայն վնասվածքներն ու այլ հանգամանքներ թույլ չէին տալիս, որ վերջին ամիսներին նա խաղա իր բնական դիրքում։ Դե ինչ, փորձարկումներն ավարտված են, և «Վալենսիայի» դեմ խաղում Վալվերդեն կլինի այնտեղ, որտեղ նրան սպասում էին՝ կիսապաշտպանությունում:

Վերջ «փորձարկումներին»

Մի քանի խաղացողների ապաքինումը թույլ կտա Ալվարո Արբելոային «Մեստալյայում» դաշտ դուրս բերել ավելի տրամաբանական և թիմի բնութագրերին համապատասխանող մեկնարկային կազմ։ Սակայն ամենամեծ նորությունը լինելու է Վալվերդեի հրաժեշտը աջ պաշտպանի դիրքին։ Այն, որ նա խաղում էր պաշտպանությունում, նորություն չէր. թե՛ Անչելոտին, թե՛ Խաբի Ալոնսոն պարբերաբար օգտագործում էին նրան այդտեղ։ Վալվերդեն ի վերջո ընդունել էր այդ դերը, բայց դա երբեք նրա սրտով չի եղել։

Այժմ, երբ Դանի Կարվախալը արդեն մի քանի շաբաթ է պատրաստ է, իսկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վերադարձել է հայտացուցակ, մարզիչը որոշել է փոփոխություն կատարել։ Նա Ֆեդեին կտեղավորի կիսապաշտպանության կենտրոնում՝ Կամավինգայի և Չուամենիի կողքին։ Սա կլինի «Ռեալի» հիմնական կենտրոնական եռյակը, եթե վնասվածքներն ու որակազրկումները թույլ տան։

Կամավինգան նույնպես վերադառնում է

Այսպիսով, Վալվերդեն կվերադառնա այնտեղ, որտեղ իրեն լիարժեք ֆուտբոլիստ է զգում։ Նա երբեք կասկածի տակ չի դրել մարզիչների որոշումները և միշտ ցուցադրել է անմնացորդ նվիրում, բայց կենտրոնը նրա «տունն» է։

Մեկ այլ խաղացող, ով նույնպես կվերադառնա իր սիրելի դիրքին, Կամավինգան է։ Նրա տեղափոխությունը ձախ պաշտպանի դիրք կարճատև էր և պայմանավորված էր մի շարք հանգամանքներով՝ Կարերասի վատ խաղը «Բենֆիկայի» դեմ, Մենդիի հավերժական ցավերը և Ֆրան Գարսիայի հնարավոր տեղափոխությունը Պրեմիեր լիգա։