Բրիտանական «The Times» պարբերականը վերլուծում է, թե ինչպես է հավաքականի մարզիչը վերջին ամիսներին վարվել «Ռեալ Մադրիդի» անգլիացի ֆուտբոլիստի հետ։
Թոմաս Տուխելի կառավարումը Ջուդ Բելինգհեմի հարցում քննադատության է ենթարկվել անգլիական մամուլի կողմից։ Նրանք կարծում են, որ մարզիչը բաց է թողել կիսապաշտպանին աշխարհի առաջնությունից առաջ փորձարկելու հնարավորությունը։
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստը բաց էր թողել Անգլիայի հավաքականի սեպտեմբերյան հայտացուցակը ուսի վնասվածքի պատճառով, իսկ հոկտեմբերյան խաղերին չէր ընտրվել գերմանացի մասնագետի որոշմամբ։ Այնուամենայնիվ, Տուխելը նրան ընդգրկեց նոյեմբերին, որտեղ նա ընդհանուր առմամբ 100 րոպե խաղաց Սերբիայի և Ալբանիայի դեմ՝ Աշխարհի առաջնության որակավորման վերջին փուլերում։
Տուխելը խոստովանել էր, որ Բելինգեմին՝ իր լավագույն ֆուտբոլիստներից մեկին, դուրս թողնելու որոշումը կայացվել էր այլ խաղացողների փորձարկելու համար, ովքեր կարող էին հնարավորություն ստանալ Մունդիալում։ Սակայն, քանի որ անգլիացին առաջիկա շաբաթներին վնասվածքի պատճառով (ազդրի հետին մկանի խնդիր) բացակայելու է, բրիտանական մամուլը սխալ է համարում այն, որ նրանից հրաժարվել էին այն ժամանակ, երբ նա հասանելի էր։
Հայտացուցակը մարտի 20-ին
Բրիտանական հեղինակավոր «The Times» թերթի սյունակում լրագրող Մարտին Սամուելը բացատրում է, որ լավագույն դեպքում Բելինգեմը պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ մարտի սկզբին, իսկ Տուխելը Ճապոնիայի և Ուրուգվայի դեմ ընկերական խաղերի հայտացուցակը կհայտնի մարտի 20-ին։
«Երբ դա տեղի ունենա, Բելինգեմը հազիվ թե խաղացած լինի «Ռեալի» կազմում։ Վերջին անգամ, երբ նման իրավիճակ էր, Տուխելը նրան դուրս թողեց»,– ասել է Սամուելը՝ հղում անելով հոկտեմբերյան ցուցակին։
«Շատերը կարծում էին, որ մարզիչը ուժեղ բնավորություն ցույց տվեց, փոքրամասնությունը կարծում էր, որ դա անխոհեմություն էր։ Բայց սա թերևս հիշեցում է, որ հավաքականի մարզիչները չպետք է «մտային խաղեր» խաղան։ Խմբում կապեր հաստատելու հնարավորությունները շատ հազվադեպ են ու թանկ։ Այն ժամանակը, որն օգտագործվեց ֆուտբոլիստի հետ խաղալու և քո տեսակետն ապացուցելու համար, հիմա կորսված ժամանակ է։ Նրան չընտրելը, նրա վերադարձը հետաձգելը պարզապես ցուցադրություն էր»։
Սամուելը նաև նշում է, որ Տուխելը գուցե ստիպված լինի դրժել իր կանոնը՝ չստիպել ֆուտբոլիստին շուտ վերադառնալ, քանի որ նախորդ անգամ դա չարեց։
Կիսապաշտպանության կազմը
Ըստ Սամուելի՝ դեռևս կասկածներ կան, թե ով պետք է խաղա կենտրոնում՝ հաշվի առնելով Քոուլ Փալմերի, Բելինգեմի կամ Ֆիլ Ֆոդենի տարբերակները, մինչդեռ Անգլիան այլևս շատ խաղեր չունի անցկացնելու։
«Արդյո՞ք Տուխելի բախտը չի բերել։ Իրականում՝ ոչ։ Եթե այս Անգլիան կառուցված է միասնության վրա, ինչո՞ւ վնասվածք ստացած խաղացողները չեն հրավիրվել խմբի հետ լինելու, քանի դեռ շարունակում էին իրենց ապաքինումը։ Բելինգեմը և Փալմերը կարող էին ներգրավված լինել բոլոր միջոցառումներում, բացի բուն խաղերից․ նրանք կարող էին իմանալ իրենց դերը, հասկանալ մարզչի մտքերը, շփվել թիմակիցների հետ և իրենց զգալ կազմի մի մասը»։
Հայերեն