Թիմը նոր մարզչի գլխավորությամբ անցկացրած չորս խաղում բարելավել է խաղի գրեթե բոլոր բաղադրիչները:
Արբելոայի «Ռեալ Մադրիդը» սկսում է գործել, և զարմանալի է թվում այս փոփոխությունը նույն խաղացողների հետ ընդամենը չորս խաղում՝ բացառությամբ Իսպանիայի գավաթում «Ալբասետեից» կրած ծանր պարտությանը: Այդ ձախողումից հետո «սերուցքայինները» երեք հաղթանակ են տոնել՝ 2։0 «Լևանտեի» դեմ, 6։1 «Մոնակոյի» դեմ և 0։2 «Լա Սերամիկա» բարդ մարզադաշտում՝ «Վիլյառեալի» դեմ: Չորս խաղում թիմը խփել է 12 գոլ և բաց թողել չորսը:
Արբելոայի գրանցած թվերն արդեն իսկ գերազանցում են Խաբիի «Մադրիդին»: Թիմն ավելի շատ է գոլ խփում (3 գոլ մեկ խաղում՝ 2,17-ի դիմաց), ավելի շատ է հարվածում դարպասին (21,5՝ 18,8-ի դիմաց), ունի ավելի շատ գնդակի տիրապետում (63,9%՝ 57,3%-ի դիմաց), կատարում է ավելի շատ փոխանցումներ (618,15՝ 553-ի դիմաց), ավելի շատ ճշգրիտ փոխանցումներ (555՝ 490-ի դիմաց), նաև ավելի շատ ճշգրիտ փոխանցումներ մրցակցի կիսադաշտում (86,6%՝ 83,7%-ի դիմաց) և ավելի շատ գոլային փոխանցումներ (1,75՝ 1,6-ի դիմաց): Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա թիմը սեփական դարպասին ավելի քիչ հարվածներ է թույլ տալիս (3՝ 4,3-ի դիմաց):
Այսպիսով, Արբելոայի «Մադրիդին» հաջողվել է ավելի մեծ ներկայություն ունենալ մրցակցի կիսադաշտում և ավելի շատ տիրել գնդակին, ինչի լավագույն օրինակը «Վիլյառեալի» դեմ խաղն էր, որը սովորաբար դոմինանտ է սեփական հարկի տակ: «Սերուցքայինները» հաղթեցին գնդակի տիրապետմամբ (58,1%՝ 41,9%-ի դիմաց) և ավելի շատ հարվածներ կատարեցին դարպասին (14-8):
Արբելոայի օրոք «Մադրիդը» գրանցել է մրցաշրջանի իր ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 6-1 հաշվով ջախջախելով «Մոնակոյին»: Անցած մրցաշրջանում նույնիսկ Անչելոտին օրոք նման խոշոր հաշվով հաղթանակ չէր գրանցվել: Այս դրական փոփոխությունը, սակայն, տեղի է ունեցել առանց դաշտում կազմի մեծ վերադասավորումների: Բայց կան ֆուտբոլիստներ, որոնք Արբելոայի օրոք ավելին են տալիս թիմին, ինչի լավագույն օրինակը Վինիսիուսն է:
Քիչ փոփոխություններ խաղադաշտում
Արբելոան վերականգնել է Գյուլերին, որը խամրել էր Խաբիի կառավարման վերջնամասում, խաղադրույք է կատարել Կամավինգայի վրա որպես եզրային պաշտպան, իսկ «Վիլյառեալի» դեմ խաղում, արդեն կիսապաշտպանության կենտրոնում, նա անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը: Մեկ այլ որոշում, որը թևեր է տվել թիմին, Մաստանտուոնոյի ավելի հաճախակի ներկայությունն է: Նա Խաբիի առաջին ընտրություններից էր ժամանելուն պես և հիմնական կազմի խաղացող էր, մինչև որ սկսվեցին միկրովնասվածքները: Այժմ նա վերադարձել է մեկնարկային կազմ:
Կան նաև այլ որոշումներ, որոնք շարունակում են Խաբիի գիծը: Չուամենին որակազրկման պատճառով բացակայում էր «Լա Սերամիկայում», բայց նա մնում է հիմնական հենակետայինը, ինչպես և Վալվերդեն՝ որպես աջ պաշտպան, մինչև Կարվախալը կամ Տրենտը (ով կարող է վերադառնալ հաջորդ տնային խաղին՝ «Ռայոյի» դեմ) վերականգնեն իրենց տեղը: Հարձակման գծում Վինին արդեն իսկ անձեռնմխելի էր Խաբիի օրոք՝ «Կլասիկոյի» հայտնի միջադեպից հետո, իսկ Մբապեն անքննարկելի «9 համարն» է:
Հայերեն