• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆլորենտինոն, կամ նրա հավանական դրածոն, լուրջ մրցակից կունենան հաջորդ ընտրություններում

Հոդվածներ

Ֆլորենտինոն, կամ նրա հավանական դրածոն, լուրջ մրցակից կունենան հաջորդ ընտրություններում
18.01.2026
466 0

Պեդրո Մորատայի կարծիքը

Անցյալ կիրակի՝ հենց այն օրը, երբ խաղարկվում էր Սուպերգավաթի եզրափակիչը, ես անձամբ շահագրգիռ անձի հետ երկուսուկես ժամ տևած զրույցի ընթացքում կարողացա ապացուցել, որ երբ «Ռեալ Մադրիդի» նախագահական նոր ընտրություններ լինեն, Ֆլորենտինո Պերեսը կամ նրա հետնորդը մրցակից կունենան։ Մադրիդիստները կունենան իրական և լուրջ այլընտրանք, որպեսզի կարողանան ընտրություն կատարել առնվազն երկու տարբերակի միջև, այլ ոչ թե միայն մեկի։

Իմ 40 տարվա լրագրողական փորձն ինձ հուշում է լինել զգույշ, քանի որ այսօրվանից մինչև պաշտոնական ժամկետը՝ 2028 թվականի վերջին եռամսյակը (կամ ավելի շուտ, եթե Ֆլորենտինոն այդպես որոշի), դեռ շատ ջրեր կհոսեն։

2 տարի և 9 ամիսների ընթացքում շատ անսպասելի բաներ կարող են պատահել այդ անձնավորության հետ, որոնք կանխատեսելի չեն։ Կարող է պատահել նաև այնպես, որ հենց ինքը՝ Ֆլորենտինոն, ի վերջո աջակցի այդ մարդուն, թեև շատ դժվարությամբ եմ դա տեսնում, քանի Ֆլորենտինոն ուզում է լինել «հավերժ», իսկ երբ ինքը չլինի, ուզում է, որ լինի իր կլոնը, իր ավելի երիտասարդ կրկնօրինակը, իր սանը, այն մարդը, ում նա կրթել և խնամել է 8 տարեկանից՝ այսինքն Անաս Լաղրարին՝ Ֆլորենտինոյի բանկիրը։

Այ աստիճանի բանկիր, որ ես կասկածներ ունեմ՝ արդյոք «Ռեալ Մադրիդի» մասնակի «սեփականաշնորհման» շփոթեցնող գաղափարը Անասի՞նն է, թե՞ Ֆլորենտինոյինը։ Երկուսն էլ փայլուն մարդիկ են, մի տարբերությամբ՝ Անասը 41 տարեկան է, իսկ Ֆլորենտինոն՝ գրեթե 79 (կլրանա մարտի 8-ին)։

Իմ կողմից ձեռնարկված տրամաբանական նախազգուշական միջոցներով հանդերձ, այն, ինչ ես հաստատ գիտեմ այսօր՝ 2026 թվականի հունվարի 18-ին, այն է, որ տվյալ անձը որոշել է առաջադրվել։

Այս անգամ, երբ ընտրություններ լինեն, Ֆլորենտինոյին չի հաջողվի ընտրությունները գաղտնի կերպով նշանակել, ինչպես արեց 2021-ի ապրիլին՝ Սուրբ Զատկի տոների ժամանակ, երբ թեկնածություն առաջադրելու համար նախատեսված սուղ 10 օրերի մեծ մասը տոնական և ոչ աշխատանքային օրեր էին։ Թեկնածուն պատրաստ կլինի, և չի լինի այնպես, ինչպես 2013, 2017, 2021 և 2025 թվականներին, երբ Ֆլորենտինոն միայնակ էր ներկայանում։

Ակումբի կանոնադրությունը ստեղծված է այնպես, որ գործող նախագահը մնա իր տեղում։ Երբ նա որոշում է, նշանակվում են ընտրություններ։ Եվ 48 ժամվա ընթացքում տրվում է 10 օր ժամկետ, որպեսզի թեկնածուները ներկայացնեն մոտ 200 միլիոն եվրոյի երաշխիք։ Սա բոլորովին ժողովրդավարական արարողակարգ չէ։ «Ռեալ Մադրիդի» նախագահական ընտրություններն ավարտվում են 14 օրում՝ առանց ծրագրեր ներկայացնելու, ֆան-ակումբներ այցելելու կամ բանավեճեր անցկացնելու հնարավորության։

Չեմ կարծում նաև, որ Ֆլորենտինոն կկարողանա հույս դնել Ռաֆա Նադալի վրա՝ որպես ինստիտուցիոնալ նախագահ (այսինքն՝ առանց իրական իշխանության), իսկ Անասը լինի իրական նախագահ՝ CEO-ի կարգավիճակով։ Չեմ կարծում, որ Ռաֆան կհամաձայնի նման խաղի։ 

Կարող եմ հաստատել, որ այն անձը, ով կլինի «Ռեալ Մադրիդի» նախագահի թեկնածու, ունի անհրաժեշտ 20 տարվա անդամության (socio) ստաժը և (այսօր) ունի տնտեսական կարողություն՝ ներկայացնելու 187,2 միլիոն եվրոյի երաշխիքը, որը կազմում է ակումբի ներկայիս բյուջեի (1,248 միլիոն եվրո) 15%-ը։ Եվ նա այդ գումարը կդնի միայնակ՝ առանց իր թիմակիցների օգնության, որպեսզի հետագայում կախվածություն չունենա ոչ մեկից, ինչպես պատահեց Ժոան Լապորտայի դեպքում։

Այս անձը կսպասի կանոնադրությամբ սահմանված ժամկետներին՝ մինչև 2029 թվականը։ Նա չի զբաղվի հրապարակային ընդդիմադիր գործունեությամբ։ Միայն երբ Ֆլորենտինոն և Անաս Լաղրարին շարունակեն ակումբի կառավարման փոփոխության և «սեփականաշնորհման» անորոշ փորձերը, նա հրապարակ կգա և իրադարձությունները կայծակնային կզարգանան։

Մադրիդիստները պետք է իմանան, որ «Ռեալ Մադրիդը» չի ավարտվում Ֆլորենտինոյով։ Նա հավերժ չէ (թեև նրա գործը հավերժ կլինի), և երբ ժամանակը գա, կլինի այլընտրանք։

Եկել է պահը, որ Ֆլորենտինոյի հավատարիմ ընկերները նրան անկեղծ խորհուրդ տան, նույնիսկ եթե դա նրան դուր չգա։ Նրանք պետք է հասկացնեն, որ նրա կառավարումն այնքան փայլուն է եղել, որ նրա առաջնահերթություններից մեկը պետք է լինի իր վերջին փուլում չփչացնել այն ամենը, ինչ արել է նախկինում։ Իսկ հիմա դա լուրջ վտանգի տակ է։

Իրականությունն ու ազնվությունը ստիպում են ասել. «Ռեալ Մադրիդը» Ֆլորենտինոյից հետո դարձել է շատ ավելի լավը։ Հնարավոր է՝ նա ակումբը թողնի գրեթե բոլորի հետ թշնամացած, բայց ակումբի աճն ու տիտղոսների քանակն անհերքելի են։ Ֆլորենտինոյի «Մադրիդը» 22 տարվա ընթացքում նվաճել է 37 տիտղոս ֆուտբոլում և 29-ը բասկետբոլում։ Ֆուտբոլում՝ 7 Չեմպիոնների լիգա, 7 աշխարհի ակումբային առաջնություն, 6 Եվրոպայի սուպերգավաթ, 7 Լա Լիգա և այլն։ Ես ոտքի եմ կանգնում այս վիճակագրության առջև։

Սակայն ես կարծում եմ, որ Խաբի Ալոնսոյին հեռացնելը եղել է նրա վերջի սկիզբը։ Արդյոք որևէ մեկը համարձակվե՞լ է նրան ասել, որ գուցե ներկայիս «Ռեալի» մեղավորը հենց ինքը՝ Ֆլորենտինոն է, այլ ոչ թե Խաբի Ալոնսոն։

Ֆլորենտինոյի ներկայիս տարբերակը համոզված է, որ.

  • Թիմի ֆիզիկական պատրաստվածությունը վատն է։
  • Գյուլերը կարող էր խաղալ Կրոսի փոխարեն։
  • Առանց Կրոսի և Մոդրիչի պետք չէր կիսապաշտպան գնել (ինչը նա մերժեց Անչելոտիին և Ալոնսոյին)։
  • Ավելի կարևոր էր 63 միլիոն ծախսել Մաստանտուոնոյի վրա, քան 60 միլիոն՝ Զուբիմենդիի։
  • Պետք էր հեռացնել Անչելոտիին և բերել Ալոնսոյին, իսկ հետո 6 ամիս անց Ալոնսոյին էլ հեռացնել՝ օգտագործելով մանկական արդարացումներ։

Այսօրվա Ֆլորենտինոն որոշել է իրեն շղթայել Վինիսիուսի ոտքին։ Որքան շատ է նա պաշտպանում նրան, այնքան վատ է խաղացողն իրեն պահում։ Վինիսիուսը կարծում է, թե նույնքան իշխանություն ունի, որքան նախագահը։ «Բեռնաբեուն» արդեն ցույց տվեց, որ հոգնել է նրանից։

Եվ ամենացավալին՝ Ֆլորենտինոն ավելի քան 500 միլիոն եվրո է հայթայթել իր մարզական թշնամու՝ «Բարսայի» համար։ Նրա սան Անաս Լաղրարին օգնեց Լապորտային կապ հաստատել Sixth Street ֆոնդի հետ, որպեսզի «Բարսան» դուրս գա տնտեսական խեղդամահ վիճակից և ուժեղանա։ Ֆլորենտինոյի կարծիքով՝ մեղավորը Խաբի Ալոնսոն է, բայց ես կարծում եմ, որ մեղավորը հենց ինքը՝ Ֆլորենտինոն է։

Դա լուրջ չէ։