2025 թվականը թողել է մի խումբ սաներ, որոնք դարձել են Վալդեբեբասի տարվա հայտնությունը
«Ռեալ Մադրիդի» ակադեմիան նույնպես ունեցել է իր ուրույն «տոնական ղողանջները»՝ 2025 թվականը փակելու համար: Մի խումբ սաներ դարձել են տարվա գլխավոր հայտնությունը Վալդեբեբասում:
2024-ի հերոսներից (Խոան Մարտինես, Ֆորտեա, Յանյես և այլք) հետո, ակադեմիան ունի նոր «երեխաներ», որոնք մեծ հույսեր են ներշնչում: Ստորև ներկայացնում ենք անցած տարվա 12 ամենաազդեցիկ տաղանդներին.
1. Սեստերո
«Կաստիլյայի» 19-ամյա կիսապաշտպան: Նա անցկացրել է փայլուն տարի, ինչի շնորհիվ երկարաձգել է պայմանագիրը: Արբելոան նրան համարում է «Իսպանիայի լավագույն 6 համարը»: Հզոր է պաշտպանությունում և հիանալի է կազմակերպում խաղը: Խաբի Ալոնսոն արդեն առիթ է տվել նրան նորամուտը նշելու առաջին թիմում՝ գավաթի խաղարկությունում:
2. Տիագո Պիտարչ
18-ամյա կիսապաշտպան: Տարվա մեծագույն բացահայտումներից մեկը: Իր նրբագեղ որակի և շարժունակության շնորհիվ նա գրավել է ինչպես Արբելոայի, այնպես էլ Խաբի Ալոնսոյի սիրտը: Վերջինս նրան արդեն 8 անգամ հայտավորել է առաջին թիմի խաղերին:
3. Լամինի Ֆատի
Կենտրոնական պաշտպան, ով եկել էր «Լեգանեսից»: Նա դարձավ «Խուվենիլ Ա»-ի պաշտպանության նոր պետը: Հիանալի է գործում բաց դաշտում, արագաշարժ է և հաղթող է դուրս գալիս մենապայքարներում: Արդեն տեղափոխվել է «Կաստիլյա»:
4. Դավիթ Խիմենես
21-ամյա աջ պաշտպան: Խաբի Ալոնսոն հույսեր է կապում նրա հետ, քանի դեռ Կարվախալը կամ Տրենտը (Ալեքսանդր-Առնոլդ) հասանելի չեն:
5. Ռոբերտո Մարտինես
19-ամյա կիսապաշտպան: Եղել է Արբելոայի թիմի ավագը: Դինամիկ է, դասական ոճի և գոլ խփող: Չնայած հոկտեմբերին ստացած վնասվածքին, նա համարվում է ակադեմիայի գլխավոր տաղանդներից մեկը:
6. Կառլոս Դիես
18-ամյա կիսապաշտպան: Նրա խաղաոճը հիշեցնում է Նիկո Պասին: Չնայած կիսապաշտպան լինելուն, նա «Խուվենիլ Ա»-ի լավագույն ռմբարկուն է 14 գոլով: Ունի թե՛ իսպանական, թե՛ արգենտինական քաղաքացիություն:
7. Բետո
18-ամյա կիսապաշտպան, որն աչքի է ընկնում իր գոլային հոտառությամբ: Այս մրցաշրջանում արդեն խփել է 11 գոլ «Խուվենիլ Ա»-ում և հասցրել է նորամուտը նշել «Կաստիլյայում»: Հայտնի է իր հեռահար հարվածներով (այդ թվում՝ 60 մետրից խփած գոլով):
8. Խավի Նավարո
18-ամյա դարպասապահ: Նրա վերելքը կայծակնային է. Չեմպիոնների լիգայում «Ռեալի» 4-րդ դարպասապահն է և արդեն խաղացել է «Կաստիլյայի» կազմում:
9. Լեսկանո
18-ամյա պաշտպան: Նրան կոչում են «Նաչո 2.0», քանի որ կարող է խաղալ պաշտպանության ցանկացած դիրքում՝ թե՛ եզրերում, թե՛ կենտրոնում, և անում է դա բնական հեշտությամբ:
10. Էնցո Ալվես
16-ամյա հարձակվող, Մարսելոյի որդին: 2025 թվականը նրա համար շատ հաջող էր. վնասվածքից հետո նա ցուցադրեց տպավորիչ աճ, նորամուտը նշեց Youth League-ում և նույնիսկ «Կաստիլյայի» կազմում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
11. Լակոստա
17-ամյա կիսապաշտպան, որն իր ֆիզիկական տվյալներով և խաղաոճով հիշեցնում է Ֆեդե Վալվերդեին: Անկասելի է թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: Արդեն հասցրել է խաղալ «Մադրիդ Ց»-ի և «Կասթիլյայի» կազմում:
12. Մատեո Գարիդո
16-ամյա կենտրոնական պաշտպան: Փայլուն «2009 սերնդի» ներկայացուցիչ: Արագ է, վճռական և անանցանելի պատ է ստեղծում պաշտպանությունում:
Հայերեն