Հոդվածներ

Բանաձև, որից «Ռեալը» հրաժարվում է օգտվել
02.01.2026
800 0

Ակնարկ այն սակավաթիվ ձմեռների մասին, երբ «Արքայական ակումբը», այնուամենայնիվ, դուրս եկավ տրանսֆերային շուկա

Եվս մեկ անգամ «Ռեալ Մադրիդը» կփակի ձմեռային տրանսֆերային պատուհանի փեղկերը՝ առանց որևէ նոր համալրման։ Գրանցվեց միայն մեկ հեռացում. Էնդրիկը վարձավճարով տեղափոխվեց «Լիոն»։ Այս ծրագիրը հաստատում է, որ «Մադրիդը» հավատարիմ է մնում հունվարին տրանսֆերներ չիրականացնելու իր անսասան փիլիսոփայությանը։

Այս մրցաշրջանում, երբ չկան լուրջ վնասվածքներ ունեցող խաղացողներ, ովքեր բաց կթողնեն մրցաշրջանի մնացած հատվածը, որոշումը տրամաբանական է թվում։ Սակայն հիշողությունը կամակոր է։ Նախորդ մրցաշրջանում (2024/25), երբ պաշտպանությունը կազմաքանդված էր Կարվախալի և Միլիտաոյի ծանր վնասվածքներից հետո, ակումբը դարձյալ չմտավ շուկա։

Այն ժամանակ թիմը հույսը դրեց Լուկաս Վասկեսի, պահեստային թիմից եկած Ասենսիոյի, ֆիզիկական հյուծվածության եզրին գտնվող Ռյուդիգերի և զուտ անհրաժեշտությունից ելնելով կենտրոնական պաշտպան դարձած Չուամենիի վրա։ Ձմռանը տրանսֆերներ չանելու սկզբունքը դարձել է «սերուցքայինների» դոգման, թեև պատմությունը ցույց է տալիս, որ երբ դա արվել է, արդյունքները եղել են նույնքան անկանխատեսելի, որքան հմայիչ։

Վերջին 25 տարիների ընթացքում «Մադրիդը» միայն եզակի դեպքերում է դիմել ձմեռային շուկային, և յուրաքանչյուր տրանսֆեր մի առանձին պատմություն է։ Ոմանք՝ փայլուն, ոմանք՝ սյուրռեալիստական։ Վերջինը 2019-ի հունվարին Բրահիմ Դիասն էր, որը եկավ «Մանչեսթեր Սիթիից»՝ 17 միլիոն եվրոյով։ Մալագացի տաղանդը, չնայած նրան, որ պայմանագրի ավարտին մնացել էր վեց ամիս, ակումբի համար առաջնահերթություն համարվեց։

Նրա առաջին փուլը խորհրդանշական էր՝ ընդամենը 21 խաղ մեկուկես տարում, բայց «Միլանում» երեք տարվա վարձավճարից հետո, որտեղ նա հասունացավ ու փայլեց, 2023-ին վերադարձավ «Ռեալ»։ Այսօր, չնայած պահեստայինի իր դերին, նա Խաբիի թիմի կարևոր մասնիկն է՝ հանդիպման ընթացքը փոխելու տեսանկյունից։ Նրա դեպքը հաստատում է, որ երբեմն տաղանդը պետք է «եփվի» այլ խոհանոցներում, նախքան իր տեղը կգտնի «գալակտիկոսների» սեղանի շուրջ։

Սակայն ոչ բոլոր ձմեռային տրանսֆերներն են ունեցել նման դրական ավարտ։ Լուկաս Սիլվան ժամանեց 2015-ի հունվարին «Կրուզեյրոյից» 13 միլիոն եվրոյով՝ որպես բրազիլական կիսապաշտպանության ապագա մեծ աստղ։ Վեց ամիս շարունակ Անչելոտին փորձում էր հասկանալ, թե ինչպես նրան տեղավորել Կրոսի և Մոդրիչի կողքին։ Չստացվեց։ Ընդամենը 9 խաղից և 424 րոպեից հետո նա վարձավճարով ուղարկվեց «Մարսել», որտեղ նույնպես չգտավ իր տեղը։

Վերջնական հարվածը եղավ այն ժամանակ, երբ «Սպորտինգ» տեղափոխվելու պահին բժշկական հետազոտությունը սրտի խնդիրներ հայտնաբերեց, ինչը ոչ միայն չեղարկեց գործարքը, այլև ստիպեց նրան մտածել կարիերան ավարտելու մասին։ Սիլվան դարձավ մի դարաշրջանի խորհրդանիշ. տրանսֆեր, որը փոխեց ակումբի քաղաքականությունը։ Նրանից հետո «Մադրիդը» տարիներ շարունակ չէր մոտենում հունվարյան շուկային։

Կային նաև այնպիսիք, ովքեր եկան որպես «շտապօգնություն» և թողեցին ջերմ հիշողություններ։ 2011-ի հունվարին Էմանուել Ադեբայորը վարձավճարով եկավ «Մանչեսթեր Սիթիից»։ Նա այն հարձակվողն էր, որի կարիքն ուներ Մոուրինյոն՝ Հիգուայինի և Բենզեմայի մասին հայտնի՝ «շան և կատվի» բանավեճից հետո։ Իր 191 սմ հասակով և վարակիչ լավատեսությամբ «Մանոլիտոն» (ինչպես նրան կոչեցին երկրպագուները) 22 խաղում խփեց 8 գոլ։

Տարիներ անց Ադեբայորը պատմեց, որ երբ առաջին մարզմանը ներկայացել էր առավոտյան 8:45-ին՝ կարծելով, թե կզարմացնի բոլորին, տեսել էր Կրիշտիանու Ռոնալդուին, որն արդեն ժամը 7:30-ից լողավազանում էր։ Նա նաև խոստովանել էր, որ Ռոնալդուին պարել է սովորեցրել։ 

2009-ի ձմեռային շուկան մադրիդյան սյուրռեալիզմի փառատոն էր։ Բացի Հունտելարից և Լասանա Դիարայից, թիմ եկավ նաև Ժյուլիեն Ֆոբերը՝ «Վեսթ Հեմից» վարձավճարով։ Ֆրանսիացի պաշտպանը հիշվում է երկու դրվագով. առաջինը, երբ նրան զանգել էին «Ռեալից», նա կարծել էր, թե կատակ է և անջատել էր հեռախոսը, և երկրորդը՝ հայտնի կադրը, որտեղ նա իբր քնած էր «Վիլյառեալի» դեմ խաղի ժամանակ պահեստայինների նստարանին։ Ֆոբերն ընդամենը 60 րոպե անցկացրեց դաշտում։ Նրա հայտնվելն այնքան տարօրինակ էր, որ նույնիսկ Ալֆրեդո դի Ստեֆանոն շփոթված տեսք ուներ շնորհանդեսի ժամանակ։

Մինչ այդ անհաջող փորձարկումները, եղել էր մի հունվար, որը փոխեց ամեն ինչ։ 2007-ին «Ռեալը» խաղադրույք կատարեց 3 անհայտ հարավամերիկացի երիտասարդների վրա՝ Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս», 20.5 մլն), Գոնսալո Հիգուային («Ռիվեր Փլեյթ», 12 մլն) և Մարսելո («Ֆլումինենսե», 6.5 մլն)։ Գագոյից սպասելիքներն ամենամեծն էին, բայց վնասվածքները նրան կոտրեցին։

Ֆլորենտինոյի առաջին հունվարները

Հիգուայինը դարձավ թիմի գլխավոր ռմբարկուներից մեկը յոթ մրցաշրջանների ընթացքում։ Իսկ Մարսելոն՝ այդ ժպտերես տղան, ժառանգեց Ռոբերտո Կառլոսի գահը և դարձավ ակումբի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը, ավագն ու կենդանի լեգենդը։ Այդ երեք պատանիներից միայն մեկը հասավ անմահության։

Դրանից առաջ, Ֆլորենտինո Պերեսի առաջին նախագահության շրջանում եղան ձմեռային այլ տրանսֆերներ։ Անտոնիո Կասանոն եկավ 2006-ի հունվարին՝ «Ռոմայից»։ Նա ժամանեց ավելորդ քաշով, խփեց ընդամենը 2 գոլ 29 խաղում և կոնֆլիկտներ ունեցավ Ֆաբիո Կապելոյի հետ։

Նրա հետ միասին եկավ բրազիլացի Սիսինյոն։ Տարիներ անց Սիսինյոն խոստովանեց, որ «Ռեալում» մարզվել է հարբած վիճակում՝ օգտագործելով սուրճ և օծանելիք՝ հոտը թաքցնելու համար։ Նրա կյանքը «Ռեալից» հետո կտրուկ փոխվեց. նա դարձավ ավետարանչական քարոզիչ։

2006-ի հունվարյան շուկան վերջինն էր Ֆլորենտինոյի համար՝ նախքան հրաժարական տալը։ Դա մի փուլի ավարտ էր՝ նույնքան տարօրինակ, որքան ցավոտ։ Դա մի բանաձև է, որից «Մադրիդը» խուսափում է, բայց երբ կիրառում է, թողնում է պատմություններ, որոնք նման են կա՛մ դրժված խոստումների, կա՛մ, հազվադեպ դեպքերում, անսպասելի լեգենդների։