Բրազիլացին 2026 թվականը դիմավորում է հստակ նպատակով՝ պայմանագրի երկարաձգում, որն այդպես էլ չի ավարտվում և «Ռեալ Մադրիդին» կանգնեցնում է կտրուկ որոշման առջև
Վինիսիուսին երբեք ոչինչ նվեր չեն տվել։ Ո՛չ սեր, ո՛չ ճանաչում, և ոչ էլ նույնիսկ համբերություն։ Այն ամենը, ինչ նա կա այսօր, ձեռք է բերել պայքարով։ Ահա թե ինչու է նրան այդքան ցավեցնում, երբ ֆուտբոլը թեքվում է նրանից։Երբ գոլերն անհետանում են, երբ վստահությունը խարխլվում է, և երբ հարաբերությունները ակումբի հետ, որը պետք է լիներ իր ապաստարանը, կրկին վերածվում են դիմադրության փորձության։
«Ես դա կանեմ ևս 10 անգամ, եթե պետք լինի։ Նրանք պատրաստ չեն»։ Այս արտահայտությունը, որն արվել էր նրա կարիերայի գագաթնակետին, ի վերջո նշանավորեց նաև բեկումնային պահի սկիզբը։
Վինիսիուսը մեկ քայլ էր հեռու «Ոսկե գնդակին» տիրանալուց, սակայն Ռոդրին էր, որը Փարիզի երկնքում բարձրացրեց տիտղոսը։ Այդ պահից ի վեր ինչ-որ բան կոտրվեց։ Նրա ֆուտբոլը մարեց, ժպիտը դարձավ ընդհատվող, իսկ կապը «Ռեալ Մադրիդի» հետ մտավ նուրբ փուլ՝ հավանաբար ամենախոցելին՝ ակումբ գալուց ի վեր։
Երկնքից դեպի անդունդ
Թվերը չեն օգնում։ 14 հաջորդական խաղ առանց գոլի։ Վերջին անգամ նա գոլ է նշել հոկտեմբերի 4-ին «Վիլյառեալի» դեմ խաղում՝ դուբլով, որն այսօր հեռու է թվում։ Այդ ժամանակից ի վեր նրա արդյունավետությունը նվազել է, իսկ հեռանալու մասին քննարկումներն այլևս տաբու չեն։ Երկրպագուների համբերությունը սպառվել է։ «Բեռնաբեուն» դա նրան հասկացրեց «Սևիլիայի» դեմ խաղում։ Սեր և կշտամբանք, աջակցություն և պահանջկոտություն. մի ինտենսիվ հարաբերություն, որը երբեք հեշտ չի եղել։
Վինիսիուսի առաջին նախազգուշացումը
Սակայն Վինիսիուսը չի թաքնվում։ Նա վերադառնում է 2026 թվականին՝ ամեն ինչ զրոյացնելու հստակ մտքով։ Սկսել ամեն ինչ սկզբից։ Մաքուր մտքով և կենտրոնացած մրցաշրջանի երկրորդ հատվածի վրա, որը կարող է վճռորոշ լինել նրա կարիերայի համար։ Ոչ միայն այն ամենի համար, ինչ տեղի կունենա խաղադաշտում, այլև նրա համար, ինչ կորոշվի դրանից դուրս։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսին, իսկ երկարաձգումը դեռևս կանգնած է տեղում։ «Ռեալ Մադրիդում» կիսատ-պռատ լուծումներ չկան՝ կա՛մ երկարաձգում, կա՛մ վաճառք։
Բացի այդ, ստեղծված համատեքստը նրան կանգնեցնում է ավելի մեծ պատասխանատվության առջև։ Նոր տարվա մեկնարկին Կիլիան Մբապեի բացակայությունը որբ է թողնում «Արքայական ակումբի» հարձակման գիծը։ Առանց հարձակվողական գլխավոր հենասյան, թիմին անհրաժեշտ է մեկը, ով քայլ առաջ կանի։ Եվ այդ մեկը Վինիսիուսն է։ Ակումբն ակնկալում է, որ նա կվերցնի էստաֆետը, կառաջնորդի, կստանձնի պատասխանատվությունը և կրկին կդառնա վճռորոշ։ Գոլեր, անհատական վարպետություն, բնավորություն։ Ամեն ինչ կախված է նրանից՝ Խաբիի նախագծի ամենանուրբ պահին «10» համարի բացակայության պայմաններում։
2026 թվականի աշխարհի առաջնությունը հորիզոնում է, իսկ նրա ապագան՝ վտանգված. յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Ամեն մի մանրուք ունի իր կշիռը։ Ահա թե ինչու բրազիլացին ցանկացավ իր ուղերձը հղել հենց տարեսկզբին։
2026-ի իր առաջին գրառման մեջ՝ «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկով լուսանկարով և ուղիղ հաղորդագրությամբ, առանց ենթատեքստերի. «Թող լինի անհավանական տարի 2026։ Hala Madrid միշտ։ Սիրում եմ ձեզ»։ Հետո եկավ երկրորդ նախազգուշացումը՝ անհատական մարզումներ, աշխատանք լռության մեջ և գլխում միայն մեկ ֆիքսված միտք. վերադառնալ։ Կրկին լինել Վինիսիուս։ Ուղերձը հստակ է։ Գնդակը, այժմ, նրա դաշտում է։