Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտնել է, որ սրտի վիրահատությունը եղել է պլանային, իսկ վերականգնողական գործընթացը ընթանում է հաջողությամբ։
Նախկին ֆուտբոլիստը սրտի վիրահատության է ենթարկվել դեկտեմբերի 31-ին։ Cope-ի տեղեկություններով՝ մինչ այդ Կառլոսը բժշկական կենտրոն էր դիմել հետազոտության համար՝ հայտնաբերված թրոմբի պատճառով։
«Վերջերս ես անցել եմ կանխարգելիչ միջամտություն, որը նախապես պլանավորված էր իմ բժշկական թիմի հետ։ Միջամտությունն անցել է հաջողությամբ, ես ինձ լավ եմ զգում»։ Նախկին ֆուտբոլիստը հատուկ ընդգծել է, որ ինֆարկտ չի տարել։ «Լավ եմ վերականգնվում։ Անհամբեր սպասում եմ վերադառնալուն և իմ մասնագիտական ու անձնական գործունեությունը շարունակելուն»,- գրել է նա սոցիալական ցանցերում՝ մեկնաբանելով այս տեղեկությունները։
52-ամյա մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր հոգ են տարել իր մասին։
Ռոբերտո Կառլոսը Մադրիդի «Ռեալ» կազմում երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ մադրիդյան ակումբի հետ չորս անգամ նվաճել է Իսպանիայի առաջնության տիտղոսը։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի չեմպիոն (2002) և երկու անգամ հաղթել Ամերիկայի գավաթը (1997, 1999)։ Ռուսաստանում Կառլոսը հանդես է եկել «Անժիի» կազմում՝ անցկացնելով 28 հանդիպում և խփելով 5 գոլ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն