Հոդվածներ

Կուրտուա. «Ես 100%-ով հավատում եմ նրան»
24.02.2026
537 0

Չեմպիոնների լիգայի անցումային փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Բենֆիկայի» հետ (26.02.2026, 00:00): Առաջին խաղում «Արքայական ակումբը» 1։0 հաշվով հաղթանակ էր տոնել։

«Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուայի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Վաղը մեզ համար չափազանց կարևոր կլինի «Բեռնաբեուի» աջակցությունը։ 1:0-ն ոչ թե փառահեղ, այլ վտանգավոր արդյունք է։ Մրցակցին բավական է ընդամենը մեկ գոլ՝ խաղի մեջ վերադառնալու համար»։

«Վինիսիուսը մեզ ամեն ինչ պատմել է Պրեստիանիի հետ կապված դրվագի մասին։ Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել։ ՈՒԵՖԱ-ն պետք է որոշում կայացնի։ Ժամանակն է սրան վերջ դնել։

Ես 100%-ով հավատում եմ Վինիսիուսին։ Նա նախկինում երբևէ մրցակցի խաղացողին չի մեղադրել ռասիզմի մեջ։ Նա 100%-ով լսել է, թե ինչ են իրեն ասել, և նա բազմիցս դա հաստատել է մեզ»։

«Հոմոֆոբ արտահայտություննե՞ր Վինիսիուսի հասցեին։ Դրանք ոչնչով լավը չեն ռասիստականներից։ Ես նաև տեսել եմ տեսանյութեր, որտեղ «Բենֆիկայի» երկրպագուները զզվելի ժեստեր են անում։ Դա ողորմելի տեսք ունի։

Եթե Պրեստիանին նման բան է ասել Վինիսիուսին՝ առանց բերանը փակելու, պատկերացրեք՝ ինչ է հնչեցրել, երբ բերանը փակել է մարզաշապիկով»։

«Հակառասիստական կանոնները գնալով բարելավվում են։ Վինիսիուսը կարող էր որոշել՝ շարունակո՞ւմ ենք խաղը Լիսաբոնում, թե՞ ոչ, և եթե նա ասեր «ոչ», մենք կմտածեինք ամբողջ թիմով դաշտից հեռանալու մասին։ Իսկ հետո թող ՈՒԵՖԱ-ն որոշեր, թե ինչպես և ինչով ավարտել այդ հանդիպումը։

Պատժե՞լ բերանը փակելու համար։ Դա բարդ է, քանի որ երբեմն ցանկանում ես ինչ-որ բան ասել թիմակիցներիդ, որպեսզի ոչ մեկը չլսի, բայց եթե դա արվի վիրավորանքները դադարեցնելու համար՝ խնդրեմ։ Շատ մարզաձևերում խաղացողների կամ մրցավարի վրա միկրոֆոններ են ամրացնում, և բոլորին ամեն ինչ լսելի է։ Եթե դա արվում է ռասիզմը արմատախիլ անելու համար, ապա ինձ համար դա խնդիր չի լինի»։

«Շատ ցավալի է, որ Մոուրինյոն օգտագործել է Վինիսիուսի տոնակատարությունը որպես պատրվակ կատարվածի համար։ Չի կարելի դրանով արդարացնել ռասիզմը։ Եվ ցավալի է, որ «Բենֆիկայի» նախագահը դա համեմատել է Վալվերդեին չհեռացնելու հետ։ Դա խաղային դրվագ էր, Ֆեդեն չէր փորձում որևէ մեկին վիրավորել։ Ընդհանուր առմամբ, թեման բարդ է, որովհետև սա մի մարդու խոսքն է ընդդեմ մյուսի խոսքի»։

«11-մետրանոցը «Օսասունայի» դեմ խաղո՞ւմ։ Դարպասապահները նման իրավիճակներում անպաշտպան են, VAR-ը գործում է մեր դեմ։ Ես թեթևակի դիպա Բուդիմիրին, բայց նա դիտավորյալ հայտնվեց իմ ոտքի տակ։ Եվ առհասարակ, հաշվի առնելով, թե որտեղով թռավ գնդակը՝ դա չէր կարելի անվանել գոլային դրվագ։ Ինձ ասացին, որ դրվագը գոլային է, եթե ես դուրս եմ եկել դարպասից։ Բայց չէ՞ որ գնդակը մրցակցի վերահսկողության տակ չէր։

Կարծում եմ՝ եթե մրցակցի հետ նման հպում ունենային Ալաբան կամ Ասենսիոն, դրա համար 11-մետրանոց չէին նշանակի։ Բայց այստեղ մասնակցում էր դարպասից դուրս եկած դարպասապահը... այո, ես սխալվեցի այդ դուրս գալու հարցում, բայց ես դիտավորյալ չեմ կանգնել Բուդիմիրի ոտքին. մենք միաժամանակ դրեցինք ոտքը գնդակի մոտ, բայց նրա ոտքը իներցիայով հայտնվեց իմ ոտքի տակ։

Ես՝ լինելով դարպասապահ, չեմ համարում, որ դա 11-մետրանոց էր։ Բայց հարձակվող խաղացողն ինձ հետ չի համաձայնի։ Կարծում եմ՝ VAR-ը պետք է հաշվի առնի նման նրբությունները, բայց դա միայն իմ կարծիքն է»։