Հոդվածներ

Արբելոա. «Նրա վիճակագրությունն ամեն ինչ ասում է»
24.02.2026
444 0

Չեմպիոնների լիգայի անցումային փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Բենֆիկայի» հետ (26.02.2026, 00:00): Առաջին խաղում «Արքայական ակումբը» 1։0 հաշվով հաղթանակ էր տոնել։

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Վաղվա խաղում ես ցանկանում եմ տեսնել լավ «Ռեալ Մադրիդ», այնպիսին, ինչպիսին առաջին խաղում էր։ Սա կլինի առանձնահատուկ հանդիպում և Չեմպիոնների լիգայի երեկո «Բեռնաբեուում», քանի որ բոլորը գիտեն, թե ինչպես են դրսևորում իրենց մեր երկրպագուները նման խաղերում։ Մենք մտածում ենք միայն հաղթանակի և 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին։

Կարծում եմ՝ «Բենֆիկան» շատ փոփոխություններ կմտցնի իր պլանների մեջ՝ առաջին խաղի համեմատությամբ»։

«Մենք հանդերձարանում չենք քննարկել Պրեստիանիի թեման։ Իմ կարծիքով՝ մենք հնարավորություն ունենք հարված հասցնելու ռասիզմին։ ՈՒԵՖԱ-ն միշտ քարոզել է այս պայքարը, և հիմա հնարավորություն կա մեր հարվածը հասցնել։ Ոչինչ չի արդարացնում ռասիստական արարքը»։

«Վինիսիուսն իրեն շատ լավ է զգում, նա շատ մոտիվացված է և լի է ցանկությամբ վաղվա խաղից առաջ։ Գլխավոր թիմ գալուցս  ի վեր նա հիանալի խաղ է ցուցադրում։ Վինին անգերազանցելի ֆուտբոլիստ է։ Նա ուժեղ բնավորություն ունի, նա առաջնորդ է։ Եվ մեզ պետք է, որ վաղը նա հանդես գա հենց իր այդ մակարդակով։

Նման պահերին Վինիսիուսը միշտ մեծ արիություն և բնավորություն է դրսևորել։ Չգիտեմ, թե ինչպես կարձագանքեր կատարվածին ցանկացած այլ ֆուտբոլիստ։ Նա միշտ համարձակ է գործել, քանի որ մարտիկ է։ Վաղը նա դուրս կգա դաշտ՝ պայքարելու և ցույց տալու, որ ինքն աշխարհի լավագույններից մեկն է»։

«Մբապեն պատրաստ է դուրս գալ դաշտ, և դա շատ կարևոր է մեզ համար։ Ցանկանում եմ նշել նրա ջանքերն ու նվիրվածությունը։ Այս ֆուտբոլիստն ունակ է փոխել խաղի ընթացքը, և մրցակիցների պաշտպանները գիտեն դա։ Վստահ եմ՝ վաղը Կիլիանը հիանալի խաղ կանցկացնի։

Մբապեն շատ խելացի խաղացող է, նա գիտի՝ ինչպես և ուր շարժվել։ Նա կարող է պահեր ստեղծել ինչպես տուգանային հրապարակի ներսում, այնպես էլ դրանից դուրս։ Նա վատ է ներխուժում տուգանային հրապարա՞կ։ Նրա վիճակագրությունն ամեն ինչ ասում է»։

«Լապորտայի խոսքե՞րը։ Ես դրանց գնահատական չեմ տա։ Ինձ համար ամենամեծ սկանդալն այն է, որ «Նեգրեյրայի գործը» մինչ օրս բացահայտված չէ»։