Հոդվածներ

Քայլ առաջ՝ առանց Մբապեի
16.02.2026
860 0

«Ռեալը» վստահ հաղթանակ տարավ առանց իր գլխավոր ռմբարկուի, ով դեռևս հեղինակում է թիմի գոլերի 45%-ը։

Կիլիան Մբապեն երբեք մեղավոր չի եղել այն բանում, որ «Մադրիդը» նրա կարիքը չափից շատ ուներ։ Դա ավելի շատ խնդիր էր մատնանշում, քան գովեստի խոսք էր։ Այնուամենայնիվ, «Ռեալ Սոսիեդադի» դեմ 4-1 հաշվով հաղթանակն այնպիսին էր, որը խաղադաշտում տեղի ունեցածից ավելի խորը նրբերանգներ բացահայտեց։ «Ռեալը» հաղթեց վստահորեն՝ շնորհիվ նվիրված թիմային խաղի և առանց այն զգացողության, որ ինչ-որ մեկը պետք է միայնակ լուծի բոլոր հարցերը։

Արբելոան արդեն մեկ ամիս է, ինչ կառուցում է մի բան, որը դեռ վերջնական անուն չունի, բայց արդեն ունի հստակ ձև։ Այդ աշխատատար ճանապարհին նա փորձում է պատասխանել նաև մրցաշրջանի ամենաանհարմար հարցերից մեկին, որը նույնիսկ հենց «Պիչիչիի» (լավագույն ռմբարկուի) համար է արդիական․ արդյոք այս «Մադրիդը» պատրա՞ստ է փոխհատուցել ֆրանսիացու բացակայությունը կոնկրետ պահերին։

Վիճակագրությունը չի ստում

Վիճակագրությունը դաժան փաստ է։ Մինչև Մատարացոյի թիմի դեմ խաղը, ֆրանսիացին հեղինակել էր «սերուցքայինների» գոլերի 48%-ը, իսկ այս ջախջախիչ հաղթանակից հետո այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 45%-ի։ Մրցաշրջանի որոշ հատվածներում այն նույնիսկ գերազանցում էր 56%-ը. այսինքն՝ յուրաքանչյուր երկու գոլից ավելին նրա անվան հետ էր կապված։ Դա գովեստից վերածվեց տագնապի։ Հարցն այն չէր, թե արդյոք Մբապեն անփոխարինելի է (ինչն այդպես էր, կա ու կլինի), այլ այն՝ թե արդյոք թիմի մնացած անդամները գիտեն ինչպես վերադասավորվել նրա բացակայության դեպքում և գոլեր խփել։ Եվ սա քննարկելը տեղին էր, քանի որ նա ռոբոտ չէ, իսկ ծնկի ցավերն արդեն մի քանի անգամ վախեցրել են երկրպագուներին։

Խնդիրներին՝ լուծումներ

Բարեբախտաբար, պատասխանը գալիս է տարբեր ճակատներից։ Նա, ով ամենաբնական ձևով ստանձնեց այդ դերը, Գոնսալո Գարսիան է։ Ակադեմիայի այս սանն ունի մի բան, որը երիտասարդ հարձակվողները հաճախ կորցնում են ճանապարհին՝ «քաղցածություն» և գիտակցում, որ պետք է ապացուցել ամեն անգամ, երբ հնարավորություն է տրվում։

Առանց Մբապեի դաշտում, Գոնսալոն ատամներն է սեղմում և անցնում գործի։ Նա այս մրցաշրջանում ֆրանսիացու բացակայությամբ խաղացած 344 րոպեների ընթացքում արդեն 6 գոլ է խփել։ Սա «9 համարի» այն մաքուր տեսակն է, որը դեռ Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ գրավեց բոլորին և վերադառնում է հենց այն պահին, երբ տեղն ազատվում է։

Բայց նա մենակ չէ։ Վինիսիուսը պատասխանատվություն է ստանձնել, իսկ Վալվերդեն ու Ռոդրիգոն (ովքեր վճռորոշ էին «Ատլետիկոյի» դեմ սուպերգավաթում) նույնպես իրենց լուման ներդրեցին այն պահին, երբ թիմն ամենաշատը պետք է զգար իր գլխավոր ռմբարկուի կարիքը։

Հետաքրքիրն այն է, որ հենց ինքը՝ Մբապեն, փորձեց ցրել այս քննարկումները դեռ ամիսներ առաջ։ «Օլիմպիակոսի» դեմ 4-3 հաշվով հաղթանակից հետո (որտեղ նա 4 գոլ խփեց), երբ նրան հարցրին թիմի կախվածության մասին, Կիլիանը հարգանքով պատասխանեց.

«Ես այդպես չեմ կարծում։ Յուրաքանչյուր թիմում խաղացողներն ունեն իրենց աշխատանքը, իսկ իմ աշխատանքը գոլեր խփելն է։ Դա այն է, ինչ ես կարող եմ անել թիմի համար»։

Նա իրավացի էր, բայց պակասում էին մյուսների գործողությունները, որպեսզի այդ խոսքերը պարզապես արդարացում չթվային։ Հիմա, վերջապես, թիմը սկսում է գործով ապացուցել նրա խոսքերի ճշմարտացիությունը։