Գերմանացին վերադարձավ թիմ, ստանձնեց առաջնորդի դերը և առաջինն էր, ով սփոփեց երիտասարդ պաշտպանին նրա թույլ տված խախտումից հետո:
Հաուսենը հիմա անցնում է մի փուլով, որը կարող է վճռորոշ լինել ֆուտբոլիստի մրցաշրջանի համար: Երիտասարդ պաշտպանը չի կարողանում գտնել իր լավագույն խաղը, իսկ նրա մարմնի լեզուն բացասական ազդակներ է հաղորդում: Կարծես նա տառապում է դաշտում. արդեն մի քանի ամիս է, ինչ «Մադրիդի» մարզաշապիկը նրա համար «ծանրացել է»: «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում նա թույլ տվեց խուսափելի 11–մետրանոցի խախտում, ինչը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ նա իր լավագույն մակարդակի վրա չէ: Նրա հայացքը դրվագից հետո ամեն ինչ ասում էր՝ գլխիկոր, հուսահատ և առանց մրցավարի հետ վիճելու:
Սա այն մրցաշրջանը չէ, որը սպասվում էր Ակումբային աշխարհի առաջնությունում նրա փայլուն մեկնարկից հետո: Նա դժվարությամբ է վստահություն ձեռք բերում, իսկ «Ռեալի» նման ակումբում ամեն մի սխալը խոշորացույցով է դիտվում: Հաուսենը գիտի սա, գիտի նաև, որ իր տեղը հավաքականում կարող է վտանգվել, եթե ժամանակին չարձագանքի:
Ռյուդիգերը առաջինն էր, ով «բարձրացրեց» նրան
Այս իրավիճակում հայտնվում է Անտոնիո Ռյուդիգերը: Գերմանացի կենտրոնական պաշտպանը, ով վերադարձել էր թիմ մեկամսյա բացակայությունից հետո, առաջինն էր, ով շտապեց օգնել ընկերոջը հոգեբանորեն: 11–մետրանոցից անմիջապես հետո Ռյուդիգերը մոտեցավ նրան, ինչ-որ բան շշնջաց ականջին, մի քանի անգամ խփեց թիկունքին և հստակ հասկացրեց. «Ոչինչ չի եղել, շարունակում ենք»: Այնուհետև նրան քաջալերեցին նաև Վինիսիուսն ու Գոնսալոն:
Սա պատահական ժեստ չէր: Ամբողջ խաղի ընթացքում Ռյուդիգերը հետևում էր նրան, ուղղում էր սխալները և քաջալերում: Երբ թիմը նորից առաջ անցավ հաշվի մեջ, Ռյուդիգերը չգնաց տոնելու երկրպագուների հետ, այլ ուղիղ վազեց դեպի Հաուսենը, հարվածեց նրա կրծքին և նորից հիշեցրեց՝ պետք է շարունակել պայքարել և գլուխը բարձր պահել:
Ռյուդիգերը նրանցից մեկն էր, ով ամենաշատն էր օգնել Հաուսենին հարմարվել «Ռեալի» հանդերձարանին, երբ նա նոր էր եկել: Նա պաշտպանում էր նրան և օգնում հասկանալ «Մադրիդի» պահանջները: Հիմա՝ ամենադժվար պահին, նա նորից ստանձնում է այդ դերը:
Հայերեն