Դե ինչ, «Մադրիդն» այնքան չտառապեց, որքան կարծում էին։ Իրականում, նա ընդհանրապես չտառապեց։ Դե լավ, մի փոքր, գուցե այն ժամանակ, երբ Հաուսենը թույլ տվեց խուսափելի 11-մետրանոց, և «Ռեալ Սոսիեդադը» հավասարեցրեց հաշիվը։
Սակայն չորս րոպե անց «Բեռնաբեուն» նորից հանգիստ շունչ քաշեց։ Վինիսիուսը վաստակեց 11-մետրանոց (ի դեպ՝ հստակ 11-մետրանոց), որն էլ հենց ինքն իրացրեց։ Մբապեն դաշտում չէր, հետևաբար՝ ոչ մի վիճաբանություն չեղավ։ Նա՛ իրացրեց։ Գուցե Մբապեն թույլ տար նրան իրացնել հաջորդը, որը նույնպես նրա նկատմամբ կանոնների խախտման համար էր (ի դեպ՝ մի փոքր կասկածելի, բայց քանի որ VAR-ը չմիջամտեց, նշանակում է՝ պետք է որ հստակ լիներ), բայց դա մենք արդեն երբեք չենք իմանա։
Փաստն այն է, որ 2-1 հաշվի ժամանակ «Մադրիդն» իրեն հանգիստ էր զգում։ Եվ դա հիմնավոր էր։ Նա ավելի լավ էր խաղում։ Հենց նրա փոխանցումից ծնվեց 1-0 հաշիվը՝ խաղի սկզբում։ Նրա փոխանցումը շատ լավն էր, բայց Գոնսալոյի եզրափակումն այն դարձրեց էլ ավելի լավը։ Իսկական կենտրոնական հարձակվողի գոլ, որի պակասը «Մադրիդը» երբեմն զգում է։
Եվ տեսեք, թե ինչպես են դասավորվում հանգամանքները. «Մադրիդը» նորից խոշոր հաշվով հաղթանակ տարավ, ինչպես «Բետիսի» դեմ խաղում, երբ Մբապեն պահեստայինների նստարանին էր։ Դա չի նշանակում, որ «Մադրիդն» առանց նրա ավելի լավ է խաղում, դեռ դա էր պակաս։ Գուցե Մբապեի գոլային քաղցի դեպքում «Սոսիեդադը» շատ ավելի ծանր պարտություն կրեր։ Գոլերի տարափը չշարունակվեց միայն այն պատճառով, որ «Մադրիդը» թուլացավ 4-1-ից հետո՝ մտածելով, թե ինչ քննություն է սպասվում հաջորդ երեքշաբթի Մոուրինյոյի «Բենֆիկայի» դեմ։ Մի «առարկա», որը «Մադրիդը» պետք է հանձնի ուզած թե չուզած, հատկապես նախորդ այցելության թողած վատ տպավորությունից հետո։
Երկրորդ խաղակեսն ավելորդ էր, ինչպես և կանխատեսվում էր ընդմիջման 3-1 հաշվից հետո (գլխարկս խոնարհում եմ Վալվերդեի գոլի առջև, ով կենտրոնական գոտում հաստատ ավելի լավ է խաղում, քան եզրային պաշտպանի դիրքում)։ Գուցե, այնուամենայնիվ, Արբելոան պետք է հանգիստ տար Վինիսիուսին «Բենֆիկայի» հետ խաղից առաջ, բայց երևում է՝ Վինիսիուսն անձեռնմխելի է, ինչ վիճակում էլ լինի։ Իսկ դա այդպես չպետք է լինի։
Հայերեն