Հոդվածներ

«Ռեալը» ամփոփում է արդյունքները... և նոր խնդիրներ առաջադրում
12.02.2026
472 0

Մադրիդյան ակումբը կարծում է, որ Սուպերլիգայի նախագիծը ծառայել է Չեմպիոնների լիգայի վերակենդանացմանը, միևնույն ժամանակ պնդում է տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը

Մադրիդի «Ռեալը», ՈՒԵՖԱ-ն և EFC-ն այս չորեքշաբթի եկել են համաձայնության, որը, սկզբունքորեն, վերջակետ է դնում Սուպերլիգայի նախագծին։ Այս նախագիծը գլխավորում էր մադրիդյան ակումբը, սակայն այն չստացավ Ֆլորենտինո Պերեսի ակնկալած աջակցությունը։ Վերջին ակումբը, որը լքեց նավը, «Բարսելոնան» էր անցած հանգստյան օրերին՝ մենակ թողնելով «Ռեալին»։ Վերջինս ի վերջո որոշեց մի կողմ քաշվել և համաձայնության գալ Ալեքսանդր Չեֆերինի և Նասեր Ալ-Խելայիֆիի գլխավորած կառույցների հետ։

Այդուհանդերձ, «Արքայական ակումբը» գտնում է, որ նոր եվրոպական մրցաշար ստեղծելու իր նախաձեռնությունը տվել է իր պտուղները՝ ուղղակիորեն ազդելով Չեմպիոնների լիգայի վրա, որն անցյալ մրցաշրջանում զգալիորեն թարմացվեց։ Նախևառաջ՝ նոր ձևաչափը («շվեյցարական համակարգ»), որը նախկին 6 խաղի փոխարեն նախատեսում է 8 հանդիպում լիգայի փուլում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ակումբ անցկացնում է ևս մեկ տնային հանդիպում, ինչը բերում է եկամուտների աճ թե՛ տոմսերի վաճառքից, թե՛ հեռուստատեսային իրավունքներից։

Փողը նույնպես առանցքային գործոն է նոր Չեմպիոնների լիգայում։ Մրցանակային հիմնադրամը 2 միլիարդ եվրոյից բարձրացել է մինչև մոտ 2,5 միլիարդի։ Տնտեսական հարցը մեծ ակումբների պատմական պահանջներից մեկն էր, քանի որ նրանք համարում էին, որ ՈՒԵՖԱ-ն արդարացի չէր բաշխում այն եկամուտները, որոնք հենց այս թոփ-ակումբներն էին ապահովում։

Տեխնոլոգիաներ և Apple-ի հետ համագործակցություն

Չնայած ամեն ինչին, «Ռեալը» համարում է, որ Չեմպիոնների լիգայում դեռ կան բարելավման ենթակա ասպեկտներ։ Ակումբի հայտարարության մեջ հստակ նշվում է «երկրպագուների փորձառության բարելավումը տեխնոլոգիաների կիրառման միջոցով»։ Ըստ MARCA-ի տեղեկությունների՝ «Ռեալը» չի հրաժարվում այն մտքից, որ Չեմպիոնների լիգան պետք է հեռարձակվի բաց և անվճար բոլոր երկրպագուների համար։

Սա իսկական հեղափոխություն կլիներ հեռուստատեսային իրավունքների ոլորտում։ Հիշեցնենք, որ անվճար հեռարձակումը Սուպերլիգայի գլխավոր խաղաթղթերից մեկն էր։ «Մադրիդը» շարունակելու է պնդել այս հարցում՝ նպատակ ունենալով մրցաշարը դարձնել ավելի հասանելի և բարելավել երկրպագուների փորձառությունը, ինչն արդեն իսկ ուսումնասիրվում է այնպիսի ընկերությունների հետ նախագծերի միջոցով, ինչպիսին է Apple-ը։

Այս սկզբունքային համաձայնությունը նաև կօգնի լուծել Սուպերլիգայի հետ կապված իրավական վեճերը, երբ վերջնական պայմանագիրը ստորագրվի։ Այնուամենայնիվ, 4,5 միլիարդի հայցը դեռևս ուժի մեջ է՝ մինչև վերջնական համաձայնության հասնելը։