Հոդվածներ

Ընդամենը 21 տարեկան միջին տարիքով «պատը»
10.02.2026
434 0

Չորս «երեխաներ» ամուր պահեցին Մադրիդի «Ռեալի» թիկունքը «Մեստալիայում»։ Արբելոան «Վալենսիայի» դեմ խաղում մեկնարկային կազմում դուրս բերեց մի «պատ», որի միջին տարիքը ընդամենը 21 էր. Դավիդ Խիմենես (21 տարեկան), Ասենսիո (22), Հաուսեն (20) և Կարերաս (22): Ծայրահեղ երիտասարդ պաշտպանական գիծ, որտեղ բոլոր խաղացողներն իսպանացի էին։ Այս պաշտպանությունը հանգիստ կարող էր խաղալ «Կաստիլիայում» (ակադեմիայի թիմում). իրականում, միայն Հաուսենը «Ռեալի» սան չէր։

Դավիդ Խիմենեսի անսպասելի ընդգրկումը մեկնարկային կազմում դարձավ վերջնական շտրիխը, որպեսզի «Մադրիդը» հանդես գա այնպիսի երիտասարդ պաշտպանությամբ, որը հազվադեպ է հանդիպում Լա Լիգայի խաղերում։ Վնասվածքները և որոշ խաղացողների՝ ոչ 100%-անոց մարզավիճակում լինելը ստիպեցին առավելագույնս երիտասարդացնել մադրիդյան պաշտպանությունը «Վալենսիայի» դեմ կարևոր խաղում։

Առանց այնպիսի վետերանների, ինչպիսիք են Ռյուդիգերը, Ալաբան, Կարվախալը, Մենդին, Միլիտաոն կամ Ֆրան Գարսիան, պաշտպանության միջին տարիքը կտրուկ նվազեց՝ իջնելով 22-ի շեմից։ Այս հանգամանքն ավելի մեծ արժեք է տալիս «Ռեալի» հաղթանակին, որը «Մեստալիայից» հեռացավ առանց գոլ բաց թողնելու, իսկ Կուրտուան անցկացրեց իր ամենահանգիստ երեկոներից մեկը։

Երիտասարդ և աննախադեպ

«Մեստալիայում» «Մադրիդի» պաշտպանությունը ոչ միայն երիտասարդ էր, այլև՝ աննախադեպ։ Սա առաջին դեպքն էր, երբ այս չորս պաշտպանները միասին էին խաղում։ Վնասվածքների պատճառով «Մադրիդը» ստիպված է եղել անթիվ փոփոխություններ կատարել պաշտպանական գծում այս մրցաշրջանում։ «Վալենսիայի» դեմ խաղում մարզիչը կատարեց հերթական շրջադարձը՝ մեկնարկային կազմում պաշտպանական տարբերակների թիվը հասցնելով 23-ի՝ մինչ այժմ անցկացված 35 խաղերում։

Մրցաշրջանի այս փուլում ամենաշատն օգտագործվել են երկու պաշտպանական գծեր (յուրաքանչյուրը՝ 4-ական անգամ).

  • Վալվերդե, Միլիտաո, Հաուսեն և Կարերաս («Վիլյառեալ», «Բարսելոնա», «Վալենսիա», «Լիվերպուլ»)։
  • Վալվերդե, Ասենսիո, Հաուսեն և Կարերաս («Ռայո», «Լևանտե», «Վիլյառեալ» և «Բենֆիկա»)։