• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Այս Գյուլերին չի կարող պահեստայինների նստարանին նստեցնել ոչ Բելինգեմը, ոչ էլ որևէ մեկը

Հոդվածներ

Այս Գյուլերին չի կարող պահեստայինների նստարանին նստեցնել ոչ Բելինգեմը, ոչ էլ որևէ մեկը
09.02.2026
710 0

Կառլոս Կարպիոյի կարծիքը

«Ռայոյի» դեմ խաղի քաոսից հետո կանխատեսելի էր, որ Կամավինգան և Վալվերդեն պետք է առաջ շարժվեին՝ եզրային պաշտպանների դիրքից տեղափոխվելով կիսապաշտպանություն։ Եթե «Ռեալ Մադրիդը» գումար է ծախսում նոր տրանսֆերների վրա, ապա դա նրա համար է, որ նրանք խաղան, և Արբելոան դա հաշվի է առել։ Ցավոք, նույնքան կանխատեսելի էր նաև այն, որ նրանց ներկայությունը կենտրոնում դժվար թե հանգեցներ «Ռեալի» խաղի բարելավմանը, քանի որ ո՛չ ֆրանսիացին, ո՛չ էլ ուղուգվայցին չունեն այնպիսի ֆուտբոլային որակներ, որոնք թույլ կտան թիմին «շալակած տանել»։ Այդ պատճառով առաջին խաղակեսը «Վալենսիայի» դեմ, որը հաշտվել էր իր 5-4-1 դասավորությամբ պաշտպանվելու մտքի հետ, դարձյալ քնաբեր էր։

«Սերուցքայինների» ֆուտբոլը շարունակում է մնալ գորշ, հարթ և տխուր։ Բարելավման ոչ մի ախտանիշ չկա։ Նրանք խաղում են ինչպես պետական չինովնիկներ՝ դանդաղեցված կադրի պես, փոխանցումներ կատարելով միայն ուղիղ ոտքին, առանց բացվելու և դինամիկայի այնպիսի պակասով, որը դժվար է հասկանալ՝ հաշվի առնելով Չուամենիի, Կամավինգայի կամ Վալվերդեի ֆիզիկական տվյալները։ Դժվար է նաև հավատալ, որ բացի Մբապեից, ոչ ոք չի շարժվում առանց գնդակի և երբեք չի հաղթում «երկրորդ գնդակի» համար պայքարում։ Սա վերաբերմունքի հարց է։ Վերաբերմունքի պակասի, այլ ոչ թե ֆիզիկականի։

Միայն խաղի կես ժամից հետո նրանք մի փոքր ակտիվացան, և սկսեցին երևալ որոշ հետաքրքիր դրվագներ, որոնք համապատասխանում են այս ֆուտբոլիստների ենթադրյալ որակին։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Գյուլերը՝ կենտրոնի միակ մաքուր տաղանդը, սկսեց կառավարել խաղը ենթահարձակվողի դիրքից և կապ հաստատել Մբապեի հետ։ Բելինգեմի բացակայությունը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթով նույնիսկ ձեռնտու կլինի թիմին, որովհետև երբ նա դաշտում է թուրք ֆուտբոլիստի հետ, նրան համակում է խանդը։ Նա փորձում է պարտադրել իր հեղինակությունը՝ ստվերելով Գյուլերին և ստանձնելով մի դերակատարում, որը գրեթե երբեք դրական արդյունքի չի հանգեցնում (առնվազն վերջին երկու մրցաշրջաններում)։

Բայց բոլորս գիտենք, որ Արբելոայի «Ռեալում» հեղինակությունը շատ մեծ նշանակություն ունի՝ անկախ մատուցած արդյունքներից։ Փաստն այն է, որ Գյուլերը դարձյալ միակն էր (Մբապեի հետ միասին), ով միջինից բարձր որակ ցուցադրեց։ Այս պահին Արդան անփոխարինելի է կենտրոնական գոտում։ Եվ նա պետք է շարունակի այդպիսին մնալ նաև այն ժամանակ, երբ Բելինգեմը վերադառնա։