Հոդվածներ

Մբապեն լուծել է «11-մետրանոցների ճգնաժամը»
03.02.2026
469 0

Նրա 13 փորձից 12 հաջող իրացումը բարձրացրել է «Ռեալի» արդյունավետության տոկոսը երկու տարի առաջվա 55%-ից մինչև ընթացիկ մրցաշրջանի 81%-ը:

Կիլիան Մբապեի իրացրած 11-մետրանոցը անցյալ կիրակի Մադրիդի «Ռեալին» դժվարին հաղթանակ պարգևեց «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում: Այսպիսով, ֆրանսիացին հաստատվեց որպես 11-մետրանոցների իսկական երաշխիք՝ կատարելով հարվածն առավելագույն ճնշման տակ։

Սա մի բան էր, որտեղ «սերուցքայինները» որոշակի խնդիրներ ունեին 2023 թվականին Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո: Բենզեման թիմի առաջին հարվածողն էր և ուներ հաջողության բարձր տոկոս, սակայն նրա՝ Սաուդյան Արաբիա մեկնելուց հետո այդ հաստիքը բաց էր մնացել:

Կարիմի հեռանալուց հետո Կառլո Անչելոտին 11-մետրանոցների հարցը բաց թողեց։ Չկար հստակ առաջին հարվածող, քանի որ իտալացին նախընտրում էր, որ խաղացողներն իրենք որոշեն՝ կախված իրենց զգացողություններից: 23/24 մրցաշրջանում առաջին տարբերակը, գոնե տեսականորեն, Վինիսիուսն էր, ով իրացրեց իր բոլոր երեք փորձերը: Խոսելուն նույնպես երեք 11-մետրանոց հարվածեց, բայց գոլի վերածեց միայն մեկը:

Մոդրիչն ու Ռոդրիգոն նույնպես հարվածեցին մեկական անգամ, բայց երկուսն էլ՝ անհաջող: Իր հերթին, Բելինգեմը գոլի վերածեց իր միակ հարվածը: 11-մետրանոցների հետ կապված ակնհայտ խնդիրը, սակայն, չխանգարեց Կառլետոյի թիմին գրանցել իր վերջին փառահեղ մրցաշրջանը՝ ներառյալ Լիգա-Չեմպիոնների լիգա դուբլը:

2024 թվականին Կիլիան Մբապեն վերջապես ժամանեց Մադրիդի «Ռեալ»՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի միջև երկար տարիների մերձեցումներից ու հեռացումներից հետո: Սակայն Կիկիի տրանսֆերից հետո մեկնարկած մրցաշրջանում «Ռեալի» առաջին հարվածողի ինքնությունը դեռ լիովին որոշված չէր: Ճիշտ է, ՊՍԺ-ի նախկին խաղացողը գրեթե միշտ առաջին տարբերակն էր (10 հարված, 7 գոլ), բայց Վինիսիուսն իրացրեց մինչև վեց 11-մետրանոց (խփեց չորսը), իսկ Բելինգեմը՝ երկու (մեկ գոլ): «Ռեալի» տոկոսը բարելավվեց, բայց դեռ հեռու էր այն ցուցանիշից, որն ակնկալվում է բարձրակարգ ակումբից:

Անչելոտին, ով 11-մետրանոցների հարցում հիմնականում ընտրել էր մերիտոկրատիան (արժանիքների վրա հիմնված), անցյալ ամռանը լքեց ակումբը: Ակումբը շուտով ընտրեց նրա հաջորդին՝ Խաբի Ալոնսոյին, ումից ակնկալվում էր թիմի կառավարման ավելի մեծ մեթոդականություն: Դա ներառում էր նաև 11-մետրանոցները: Նրա առաջին հարվածողը պետք է լիներ Մբապեն, բայց այդ որոշումը լիովին չվերացրեց ֆուտբոլիստների կողմից որոշակի «ինքնակառավարումը»:

Այդպես եղավ, օրինակ, «Բեռնաբեուում» «Վիլյառեալի» դեմ Լիգայի խաղում, որտեղ «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով՝ Վինիի 11-մետրանոց գոլի շնորհիվ: «11-մետրանոցները կշարունակի հարվածել Կիլիանը, նա է հարվածողը, բայց այսօր նրանք իրար մեջ են որոշել»,- խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ լուրջ տոնով ասել էր Խաբին: Նա ավելի չոր էր նույնիսկ «Վալենսիայի» դեմ հաղթանակից հետո, դարձյալ «Բեռնաբեուում»: Չնայած 4-0 հաշվին, բասկ մարզչին դուր չեկավ, որ Վինին նորից հարվածեց (ու վրիպեց) ևս մեկ 11-մետրանոց: «Մբապեն առաջին հարվածողն է, բայց հետո... որոշումներ են կայացվում»,- ասել էր «սերուցքայինների» այն ժամանակվա մարզիչը:

Այդ ժամանակվանից ի վեր «Մադրիդում» Մբապեից բացի այլ հարվածող չի եղել: Տվյալները փաստում են ֆրանսիացու գերազանցությունը, ով իրացրել է իր 13 հարվածներից 12-ը՝ ունենալով 92%-ից բարձր արդյունավետություն: Վինին խփել է երկուսից մեկը, իսկ Վալվերդեն վրիպել է իր միակ փորձի ժամանակ՝ «Ալ Հիլյալի» դեմ խաղում՝ Աշխարհի ակումբային առաջնությունում:

Մբապեի հաջողությունը (նա վրիպեց միայն «Էլ Կլասիկոյի» ժամանակ, սակայն «Ռեալը» միևնույն է հաղթեց այդ խաղը) բարձրացնում է այս մրցաշրջանում «Ռեալի» իրացրած 11-մետրանոցների տոկոսը մինչև 81%: 23-24 մրցաշրջանում այն չէր անցնում 55%-ը, իսկ նախորդ մրցաշրջանում՝ 66% էր: «Ռեալի» առաջընթացն այս հարցում ակնհայտ է, հատկապես շնորհիվ Մբապեի, ով, թվում է, վերջապես լուծել է նաև «11-մետրանոցների ճգնաժամը»: