Հոդվածներ

Հիասթափություն և տագնապ «Բեռնաբեուում»
02.02.2026
722 0

«Էությունն ու ձևը» սյունակ. Կառլոս Կարպիոյի կարծիքը

Արբելոան սխալվեց խաղից առաջ. հիմա հիասթափության ժամանակն է։ Մադրիդիստները համարում են, որ դրա համար կան բավարար պատճառներ՝ տեսնելով այն անիշխանությունը, որը տիրում է թե՛ դաշտում, թե՛ գրասենյակներում։ Երկրպագուներն արտահայտում են իրենց դժգոհությունն այնպես, ինչպես ուզում են՝ թույլ չտալով իրենց առաջնորդել ուղղորդված արշավներով։

Թիմի վիճակը գնալով վատանում է, իսկ «Բեռնաբեուի» հանդիսատեսն օրեցօր ավելի է հոգնում իր ֆուտբոլիստներից, ովքեր թույլ են թե՛ խաղային որակներով, թե՛ բնավորությամբ։ Արժեզրկված խաղացողներ, ովքեր արդեն մեկուկես տարի է՝ միշտ մի արդարացում են գտնում իրենց զրոյական արդյունավետությունը հիմնավորելու համար։

Անցյալ մրցաշրջանի սկզբում դա տիտղոսներից «կուշտ լինելն» էր, հետո՝ անտարբերությունը, հետո՝ վնասվածքների շարանը, հետո՝ վատ ֆիզիկական պատրաստվածությունը, իսկ հիմա՝ սուլոցներից առաջացած «տագնապը»։ Ամեն ինչ հարմար է, միայն թե չառերեսվեն իրականության հետ. այս կազմն ունի տաղանդի, հեղինակության և, ամենակարևորը, առաջնորդության ահռելի դեֆիցիտ։

Հանդերձարանի քայքայման ախտանիշներն անժխտելի են. նկատելի է, որ ոմանք սկսել են սեփական խաղը խաղալ՝ ավելի շատ մտահոգված լինելով տրիբունաների թիրախում չհայտնվելուց, քան թիմային հաջողությանը նպաստելուց։ Բացի Վալվերդեից (RMTV-ի եթերում), ոչ մի խաղացող դուրս չեկավ՝ երկրպագուներին բացատրություն տալու։ Գնացին տուն, որպեսզի Ինստագրամում զինանշանը համբուրելու նկար տեղադրեն ու վերջ։

Վաղը փակվում է ձմեռային տրանսֆերային պատուհանը, իսկ ակումբից պնդում են, որ համալրումների կարիք չկա։ Սա կատակի է նման։ Նման անգործության միակ հասկանալի պատճառը կարող է լինել ֆինանսական միջոցների բացակայությունը, այլապես սա անհնար է հասկանալ։ Պաշտպանությունը դեռ «կմախքի» վիճակում է՝ թե՛ քանակով, թե՛ որակով. երեկ նորից երեք կիսապաշտպաններ զբաղեցրել էին եզրային պաշտպանների և կենտրոնական պաշտպանի դիրքերը։ Դաշտի կենտրոնում Իսին («Ռայոյի» խաղացողը) կառավարում էր խաղն այնպես, ինչպես ուզում էր՝ Կամավինգայի, Բրահիմի և շփոթված Մաստանտուոնոյի անգործության ֆոնին։ Բայց դե՝ «համալրումների կարիք չկա»... դե լավ։

«Ռեալը» հաղթեց 100-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի շնորհիվ, բայց ոչ ամեն օր է նա հանդիպելու «Ռայոյի» պես թույլ հարվածող մրցակցի, որը խաղի շատ հատվածներում ավելի լավն էր։ «Բեռնաբեուի» համար այս մրցաշրջանը շատ երկար է թվում։