Հոդվածներ

«Մադրիդը» խաղաղություն չի գտնում
02.02.2026
617 0

«Մադրիդի» համար չկա հանգիստ խաղ, նույնիսկ «Բեռնաբեուում»: «Սերուցքայինների» մարզադաշտը, որը պատմականորեն ադրենալինի աղբյուր էր թիմի համար, վերածվել է «նյարդային կլինիկայի»:

«Մադրիդը» տանը խաղում է լարված՝ դառնալով երկրպագուների զայրույթի թիրախը, ովքեր հոգնել են թե՛ ղեկավարության, թե՛ մարզչական նստարանի և թե՛ խոտածածկի վրա տեղի ունեցող ձախողումներից: Թիմը փրկեց արդյունքը, բայց հաղթանակը չօգնեց վստահություն ձեռք բերել:

Մարզչական փոփոխությունից հետո տրված կարճատև դադարը սպառված է թվում. սա «բազմաօրգանային անբավարարության» հետևանք է, որը սպառնում է ակումբի բոլոր մակարդակներին: Սպորտային արդյունքները չեն ոգևորում, իսկ ինստիտուցիոնալ վիճակը հարցականի տակ է: Ծանր ժամանակներ են:

Նախ՝ թիմը երաշխիքներ չի տալիս: Կարող է հաղթել, թեկուզ 11-մետրանոցով և վերջին րոպեին, բայց ձախողումը միշտ հնարավոր է՝ այս կամ հաջորդ խաղում: Որակի դեֆիցիտը տագնապալի է, և ցանկացած մրցակից իրեն հարմարավետ է զգում մի թիմի դեմ, որը նախկինում բոլորին ճնշում էր:

Այս «Ռեալը» դողում է ցանկացածի առաջ՝ անկարող լինելով տիրել խաղին կամ թելադրել իր ֆուտբոլիստների որակը: Գրեթե բոլորը խաղում են իրենց մակարդակից ցածր՝ այն տագնապի պատճառով, որը փոխանցվում է տրիբունաներից: Թիմը նյարդերի փունջ է, իսկ երկրպագուները ոչ մի սխալ չեն ներում: «Մադրիդը», որը դեռ վերջերս վախ էր ներշնչում, հիմա ինքն է ահաբեկված:

«Բեռնաբեուն» ամեն ինչ նկատել է, և նույնիսկ Ֆլորենտինոն, ով թվում էր՝ անձեռնմխելի է, զերծ չի մնում քննադատությունից: Մադրիդիստները չեն թաքցնում իրենց անհանգստությունը ակումբի ապագայի վերաբերյալ. ձախողված ղուպերլիգան, «Բեռնաբեուի» փարավոնյան նախագիծը (որը կարծես թե չդարձավ խոստացված ոսկու հանքը) և հատկապես ակումբի կառավարման մոդելի փոփոխությունը, որն այսօր ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ:

Կարճ ասած՝ դաժան ժամանակներ են, որովհետև ֆուտբոլը հիշողություն չունի, իսկ «Մադրիդը»՝ առավել ևս: Երեկվա խաղը նայելիս ոչ ոք չէր ասի, որ ընդամենը երկու տարի առաջ ոչ ոք չէր համարձակվում «Մադրիդի» վրա «հաչալ»՝ ո՛չ դաշտում, ո՛չ դաշտից դուրս, ո՛չ Իսպանիայում և ո՛չ էլ Եվրոպայում: Այս հետընթացը պարզապես սյուրռեալիստական է: