Հայելու մյուս կողմում․ Ալֆրեդո Ռելանյոյի հոդվածը
«Ռեալի» համար, հաշվի առնելով թիմում տիրող խառնաշփոթ վիճակը, շատ լավ կլիներ, եթե «Բարսելոնան» նորից միավորներ կորցներ, ինչպես դա եղավ «Անոետայում»: Եվ իրականում պահեր կային, երբ թվում էր, թե դա հնարավոր է: Չնայած «Էլչեի» համարձակ խաղին, «Բարսան» երկար ժամանակ չէր կարողանում առավելության հասնել:
Ֆլիկի թիմը նորից ցուցադրեց գոլային պահեր վատնելու մի ողջ «տեսականի». մեկը հարվածում էր հենց դարպասային հրապարակի գծից, մյուսը՝ շատ թույլ, մեկն էլ դիպչում էր դարպասաձողին (երեկ երեք անգամ): Բացի այդ, «Էլչեն» մշտական սպառնալիք էր իր արագ հակագրոհներով և Ալվարո Ռոդրիգեսի վտանգավոր ներկայությամբ:
Այնպես որ, «Բարսան», որն արժանի էր խոշոր հաշվով հաղթանակի, միայն խաղի վերջնամասում կարողացավ ձևակերպել 1-3 հաշիվը: Ընդ որում, վերջին գոլը վիճելի էր, քանի որ պարզ չէր՝ արդյոք Լամին Յամալի գլխով փոխանցման ժամանակ գնդակը հատել էր դաշտի եզրագիծը, թե ոչ: Թվում է՝ հենց այդ անկյունից նկարող տեսախցիկը պակասում էր:
Եթե «Բարսան» երկու միավոր կորցրած լիներ, այսօր «Բեռնաբեուի» հանդիսատեսն ավելի հանգիստ կլիներ: Սակայն հիմա այնտեղ հավաքվելու են «սովորական մեղավորները» (ֆուտբոլիստները)՝ Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում կրած ձախողումից հետո, որը սառը ցնցուղ էր «Լա Սերամիկայում» արթնացած հույսերից հետո: Նորություններ չկան, հիվանդանոցը դեռ լիքն է, ուստի, հավանաբար, նորից կտեսնենք Վալվերդեին պաշտպանության աջ թևում: Նա լավ է հարմարվում, բայց դա իր տեղը չէ: Արբելոան չի կարողանա կառուցել այն, ինչ ունի մտքում, քանի դեռ չի տեղափոխել Ֆեդեին կիսապաշտպանություն:
Բարեբախտաբար, այսօրվա մրցակիցը («Ռայոն») ավելի թույլ է (ներողություն արտահայտությանս համար) և չպետք է խնդիր լինի, եթե, իհարկե, առաջին գոլը չուշանա և տրիբունաների անհամբերությունը չփոխանցվի դաշտ: Այս խաղը երկսայրանի թուր է. «Բեռնաբեուն» շատ ծանր է տանում «Ռայոյի» պես «թաղային» թիմից միավորներ կորցնելը:
Հիշեցնեմ, որ ժամանակին հենց «Ռայոյից» կրած պարտությունը վերջ դրեց Վալդանոյի նախագծին, երբ նա «Ռեալի» մարզիչն էր:
Հայերեն