Հոդվածներ

Արբելոա. «Ես կսովորեմ իմ սխալների վրա»
31.01.2026
737 0

Իսպանիայի առաջնության 22–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ռայո Վալյեկանոյի» հետ (01.02.2026, 17:00):

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղային մամուլի ասուլիսը

 «Վաղը մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ հաղթանակը շատ կարևոր է մեզ համար, ուստի վաղը մենք պետք է դրսևորենք մեզ բարձրագույն մակարդակով: Մեզ անհրաժեշտ է հաղթել, որպեսզի շարունակենք պայքարը Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար»:

 «Երկրպագուները նորից կարող են սուլե՞լ մեզ: Հուսով եմ՝ վաղը «Բեռնաբեուի» երկրպագուները կաջակցեն մեզ: Մեզ պետք է նրանց աջակցությունը՝ առաջընթաց գրանցելու համար»:

 «Ինչու է Կարվախալը քիչ խաղաժամանակ ստանո՞ւմ: Մենք պետք է համբերատար լինենք Դանիի և մյուս բոլոր խաղացողների նկատմամբ, ովքեր վերադառնում են շարք վնասվածքներից ապաքինվելուց հետո: Այսպես թե այնպես, ես տեսնում եմ, որ օրեցօր Կարվախալն իրեն ավելի լավ է զգում: Նրան ավելի շատ ժամանակ կպահանջվի իր նախկին մակարդակին վերադառնալու համար»:

«Լուրեր Սեբալյոսի հնարավոր հեռանալու մասի՞ն: Մենք բոլորս ծանոթ ենք նրա հմտություններին և պոտենցիալին: Նա կարևոր դեր կխաղա մեր թիմում»:

«Կա՞ն մեր թիմում անձեռնմխելի խաղացողներ, օրինակ՝ Վինիսիուսը: Նրանք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են: Ես միշտ ցանկանում եմ, որ դաշտում լինեն թիմի լավագույն խաղացողները: Վստահ եմ՝ երկրպագուները նույնպես դա են ցանկանում: Բայց, իհարկե, կան մարդիկ, ովքեր չեն երկրպագում «Ռեալ Մադրիդին» և չեն ցանկանում մեր կազմում տեսնել նման ֆուտբոլիստների»:

«Բենֆիկայից» կրած պարտությունից հետո Մբապեն հայտարարել է, որ մեզ տրամադրվածությո՞ւնն է պակասում: Մենք շատ ենք աշխատում կայունություն ձեռք բերելու ուղղությամբ: Եվ մենք կհասնենք դրան, բայց մեզ մի փոքր ժամանակ է պետք: Հիմա հիասթափությունների կամ ուրախության ժամանակը չէ, հիմա անհրաժեշտ է աշխատել: Եվ այժմ մենք ունենք 2 շաբաթ, որպեսզի վերլուծենք ամեն ինչ և կատարելագործվենք: Դա այն է, ինչ մենք ուզում էինք»:

«Չեմպիոնների լիգայի անցումային հանդիպումները «Բենֆիկայի» դե՞մ: Ես կենտրոնացած եմ վաղվա հանդիպման վրա»:

«Որքանով է «Ռեալ Մադրիդը» մոտ այն խաղին, որը ես եմ ցանկանում տեսնե՞լ: Հարցն ամենևին դա չէ: Ես շատ շնորհակալ եմ ֆուտբոլիստներին ջերմ ընդունելության համար: Նրանք լիովին աջակցում են ինձ: Բացի այդ, իմ սաները հասկանում են, թե ես ինչ եմ ուզում տեսնել իրենցից դաշտում: Մեզ ավելի շատ համատեղ մարզումներ են պետք առաջընթացի համար: Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ մեր գործերը լավ են դասավորվելու: Ես շատ վստահ եմ իմ խաղացողների հարցում»:

«Զղջո՞ւմ եմ արդյոք «Ալբասետեի» և «Բենֆիկայի» հետ խաղերում կայացրած որոշումների համար: Ես միշտ աշխատում եմ սովորել իմ սխալների վրա, դա է իմ ուղին, և դա ամենակարևորն է: Ես արդեն ասել եմ ֆուտբոլիստներին, որ սխալներ եմ թույլ տալու, ոչ ճիշտ որոշումներ եմ կայացնելու, բայց դա է իմ աշխատանքը: Ես կսովորեմ սխալների վրա»:

«Բենֆիկայից» կրած պարտությունը նշանակում է, որ մենք վերադարձել ենք ելման կետի՞ն: Ո՛չ: Մենք լիովին կենտրոնացած ենք «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղի վրա: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր հանդիպմանը հաղթելու համար յուրաքանչյուր խաղացող պետք է ցուցադրի ելույթների շատ բարձր մակարդակ»: