Հունվարի 4-ին «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ (4:1): Այդ օրվա բարի լուրերից մեկը, բացի Գոնսալոյի հեթ-տրիկից, Դանի Կարվախալի վերադարձն էր հայտացուցակ:
Տարին սկսվեց ավագի վերադարձով: Հետևում էր մնացել 2024-ի հոկտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքի պատճառով բաց թողնված երկար ու դժվարին ժամանակաշրջանը: Անապատ հիշեցնող այդ ամիսներից հետո Կարվախալը սկսեց մրցաշրջանը այն զգացողությամբ, որ լիակատար ապաքինման ճանապարհին է: Բայց ամեն ինչ փլուզվեց «Էլ Կլասիկոյի» օրը:
«Բարսելոնայի» դեմ հաղթական խաղում Դանին խաղաց վերջին քսան րոպեները: Հաջորդ օրը «Մադրիդը» հայտնեց, որ ավագը պետք է կրկին վիրահատվի: Բժշկական հետազոտությունը ախտորոշել էր աջ ծնկի հոդում «ազատ մարմնի» առկայություն, ինչի պատճառով անհրաժեշտ էր արթրոսկոպիա անել:
Այդ օրվանից անցել է արդեն երեք ամիս, բայց Կարվախալը դեռ չի վերադարձել ընդհանուր խմբի մարզումներին, ուստի Արբելոան չի կարող նրա վրա հույս դնել որպես լիարժեք խաղացողի: «Բետիսի» դեմ խաղից ի վեր «Մադրիդը» անցկացրել է 630 րոպե խաղաժամանակ, որից Կարվախալը մասնակցել է միայն 27-ին (13 րոպե «Ալբասետեի» և 14 րոպե «Մոնակոյի» դեմ):
Վճռորոշ ամիսներ
Դեռևս հեռու լինելով «Մադրիդի» պահանջած առավելագույն մակարդակից (իսկ աջ պաշտպանի դիրքը թիմի թույլ կողմն է՝ կապված Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի և մինչ այժմ ցուցադրած խաղի հետ), Կարվախալը թևակոխում է իր կարիերայի կարևորագույն փուլը: Հորիզոնում նրա պայմանագրի ավարտն է և աշխարհի առաջնությունը:
Կարվախալի դեպքը սովորական չէ «Մադրիդի» համար: Նա լեգենդ է, այն եզակի խաղացողներից, ովքեր ունեն 6 Չեմպիոնների գավաթ՝ ավելի շատ, քան որևէ մեկը: Առջևում անդադար պայքարի ամիսներ են, որտեղ ամեն խաղ լինելու է եզրափակչի պես: Մարտահրավերը հսկայական է. այս ամիս (հունվարի 11-ին) լրացավ նրա 34 ամյակը, և նա ստիպված է պայքարել սեփական մարմնի դեմ:
Սեղանին կա Կատար կամ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հավանականությունը, բայց Կարվախալի երազանքն է նաև հավաքականին հրաժեշտ տալ աշխարհի առաջնության ժամանակ: Դա կլինի նրա երրորդ մունդիալը: Ինչպես Ռոդրին, Կարվախալը ևս առանցքային է Լուիս դե լա Ֆուենտեի համար, բայց նրա ֆիզիկական վիճակը մտահոգիչ է:
Իսպանիայի հավաքականի վիճակը
Այն դիրքում, որտեղ Իսպանիան ռեսուրսների ավելցուկ չունի, Կարվախալին վերադարձնելը առաջնահերթություն էր Մունդիալից առաջ: Բայց ամիսներն անցնում են, և «Պլան Բ»-ն ավելի է արդիականանում: Պեդրո Պորրոն այսօր հավաքականի հիմնական աջ պաշտպանն է, նրան հետևում է Մարկոս Լյորենտեն, իսկ մասնագետները ուշադիր հետևում են նաև Ալեքս Խիմենեսի («Բորնմութ») աճին:
Այսպիսին է իրավիճակը. Կարվախալը մտնում է մրցաշրջանի վճռորոշ փուլ: Այսօր նրա շուրջ ավելի շատ ստվերներ կան, քան լույս, բայց նա մի խաղացող է, ով պատմություն է կերտել «Մադրիդի» ու հավաքականի հետ և շարունակում է պայքարել նոր էջեր գրելու համար:
Հայերեն