Հոդվածներ

«Ռեալ Մադրիդի» առաջին ջախջախիչ պարտությունը Եվրոպայում
28.01.2026
783 0

«Ռեալ Մադրիդը» վերադառնում է Լիսաբոն և «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտ։ Այս համադրությունը մադրիդիստներին հետ է տանում 2014 թվականի մայիսի 24-ը՝ դեպի «Դեսիմա» (10-րդ գավաթ), դեպի Սերխիո Ռամոսի գոլը 93-րդ րոպեին, որը «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Սա ակումբի ամենատպավորիչ պահերից մեկն է։

Բայց սա նաև վերադարձ է այն մարզադաշտ, որտեղ թիմը եվրագավաթներում առաջին անգամ ջախջախիչ պարտություն է կրել։ «Սերուցքայինները» եվրոպական մրցասպարեզում վեց անգամ հինգ գոլ են բաց թողել, և բոլորն էլ՝ «Բեռնաբեուից» դուրս։ Դրանցից չորսը 80-ականներին էին («Միլանից»՝ 5:0, «Կայզերսլաուտերնից», «Համբուրգից» և «Բորուսիա Մյոնխենգլադբախից»՝ 5:1):

Մյուս երկու դեպքերում «դահիճը» «Բենֆիկան» էր։ Առաջինը 1962-ի եզրափակիչն էր, որտեղ «Մադրիդը» սկզբում հաղթում էր 0:2 և 2:3 հաշվով։ Երկրորդը տեղի ունեցավ «Դա Լուշում» 1965 թվականի փետրվարի 24-ին. դա առաջին դեպքն էր, երբ «Ռեալին» Եվրոպայում պարզապես տրորեցին։

Մունյոսի վախերը

«Մադրիդը» Լիսաբոն ժամանեց տագնապած։ Դա արդեն այն հզոր թիմը չէր, որը հինգ անգամ անընդմեջ նվաճել էր գավաթը։ Դա Ալֆրեդո դի Ստեֆանոյի ցավոտ հեռացումից հետո առաջին մրցաշրջանն էր։

Մարզիչ Միգել Մունյոսի խոսքերը խաղից առաջ լավատեսություն չէին ներշնչում։ Նա ակնկալում էր քիչ գոլերով խաղ. «Կարծում եմ՝ երկու գոլի տարբերությունը հնարավոր կլինի հաղթահարել «Չամարտինում» (Բեռնաբեուում)»,– ասում էր նա՝ պատրաստվելով վատթարագույնին։

Պորտուգալական կողմում տրամադրությունները հակառակն էին։ Լիսաբոնյան մամուլը վստահ էր հաջորդ փուլ անցնելու հարցում։ «Բենֆիկայի» մարզիչ Էլեկ Շվարցը լի էր լավատեսությամբ. «Կարծում եմ՝ մենք կարող ենք հարցերը լուծել արդեն առաջին խաղում»։ Եվ նա իրավացի էր։


Ընկճվածություն

Ամեն ինչ վճռվեց առաջին խաղակեսում։ 9-րդ րոպեին «Մադրիդը» բաց թողեց առաջին գոլը, իսկ ընդմիջման գնաց 3:0 հաշվով։ Մունյոսի ծրագրերը ձախողվեցին։ Երկրորդ խաղակեսում Ամանսիոն կրճատեց հաշվի տարբերությունը, բայց Էյսեբիոն և ընկերները խփեցին ևս երկու գոլ։

Մադրիդը երբեք նման կերպ չէր պարտվել Եվրոպայի գավաթում։ Խաղից հետո հանդերձարանում լիակատար ամայություն էր։ «Չեմ կարող նույնիսկ բացատրել։ Սա իսկական աղետ էր։ Բայց ես ինձ մեղավոր չեմ համարում. ես չէի կարող կանգնեցնել այդ հինգ գոլերից ոչ մեկը»,– ասել է դարպասապահ Բետանկորտը։

Թիմի ավագ Խենտոն ապշած էր. «Ողբալի է, ողբալի՜։ Չնայած «Բենֆիկայի» լավ խաղին, նրանք արժանի չէին հինգ գոլի։ Հաշիվը պետք է լիներ 3:2 կամ առավելագույնը 4:2»։

Բեռնաբեուն հանդերձարանում

Ֆուտբոլիստները վախով էին սպասում նախագահ Սանտյագո Բեռնաբեուի այցին, ով հայտնի էր իր խիստ խոսքերով։ Նա մտավ հանդերձարան, որտեղ թաղման տրամադրություն էր։

«Ի՞նչ է կատարվում այստեղ, պարոնայք։ Սա արդեն անհնար է շտկել, և պետք չէ լաց լինել։ Խաղն ավարտված է, միակ բանը, որ պետք է անել՝ մտածելն է այն մասին, որ դեռ 90 րոպե ունենք խաղալու»,– գոռացել է Բեռնաբեուն իր խաղացողների վրա։

Լրագրողների հետ զրույցում նա հույսի դուռ թողեց. «Ես չեմ ասում, թե մենք հինգ գոլ կխփենք «Բենֆիկային», բայց չեմ էլ ասում, թե չենք կարող։ Ինչպես իրենք արեցին, այնպես էլ մենք կարող ենք անել»։ Նրա «աջ ձեռքը»՝ Ռայմունդո Սապորտան, ավելի հոռետես էր. «Մեզ հրաշք է պետք»։

Առանց հրաշքի

Հրաշք տեղի չունեցավ։ Մարտի 17-ին Մադրիդը ընդունեց «Բենֆիկային»։ 10-րդ րոպեին Գրոսոն հաշիվը դարձրեց 1:0, և 70,000 հանդիսական հույս ունեցան։ «Ռեալը» ճնշում էր գործադրում, բայց բազմաթիվ պահեր բաց թողեց։ Էյսեբիոն ընդմիջումից առաջ հավասարեցրեց հաշիվը, իսկ Պուշկաշը 70-րդ րոպեին դրեց վերջակետը՝ 2:1: Հրաշքը, դատելով պահերից, այնքան էլ հեռու չէր, բայց ընդհանուր հաշվով «Բենֆիկան» հաղթեց։