• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարերաս․ «Ես միշտ վստահ եմ եղել, որ կկարողանամ հանդես գալ «Ռեալ Մադրիդում»

Հոդվածներ

Կարերաս․ «Ես միշտ վստահ եմ եղել, որ կկարողանամ հանդես գալ «Ռեալ Մադրիդում»
28.01.2026
461 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բենֆիկային» (29.01.2026, 00:00):

«Արքայական ակումբի» պաշտպան Ալվարո Կարերասի նախախաղյա մամուլի ասուլիսը

«Վաղվա հանդիպումը կարևոր է ինչպես մեզ, այնպես էլ «Բենֆիկայի» համար. երկու թիմերին էլ հաղթանակ է անհրաժեշտ: Այդ իսկ պատճառով վաղը մեզ սպասվում է հիանալի և մրցակցային խաղ:

Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ «Էշտադիու դա Լուշ»: Վաղը ես կտեսնեմ իմ շատ ընկերների, իսկ խաղի ավարտից հետո կզրուցեմ նրանց հետ: Ավելին՝ արդեն հասցրել եմ շփվել նրանցից շատերի հետ, օրինակ՝ Մ. Սիլվայի, Պրեստիանիի...

Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ «Բենֆիկայի» ղեկավարության և խաղացողների հետ: Սա Պորտուգալիայի լավագույն ակումբն է: Նրանց լավագույնն եմ մաղթում»:

«Վիլյառեալի» դեմ խա՞ղը: Մենք գիտեինք, որ այդ հանդիպումը շատ բարդ է լինելու մեզ համար: Մենք մեզ շատ լավ դրսևորեցինք երկրորդ խաղակեսում, քանի որ գործում էինք շատ կենտրոնացված: Մենք գիտենք, որ այս կերպ խաղալով լավ արդյունքների կհասնենք»:

«Արբելոան հստակ գաղափար է բերել մեր խաղաոճին. մենք պետք է լինենք ինքներս մեզ նման, հաճույք ստանանք ֆուտբոլից և մեզ հարմարավետ զգանք ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի: Մենք պետք է լինենք միասնական և դժվար պահերին խաղանք որպես մեկ թիմ»:

«Փոխվե՞լ է արդյոք մեր վերաբերմունքը գործին: Մենք բոլորս, ինչպես միշտ, լի ենք հաղթելու վճռականությամբ: Մենք ցանկանում ենք նվաճել մնացած բոլոր տիտղոսները»:

«Ինչպիսի՞ն է «Ռեալ Մադրիդում» հանդես գալը: Բառեր չունեմ էմոցիաներս նկարագրելու համար: Ես միշտ երազել եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում: Հպարտ եմ, որ պաշտպանում եմ այս զինանշանը: Ես միշտ վստահ եմ եղել, որ կկարողանամ հանդես գալ «Ռեալ Մադրիդում»:

«Ռեալ Մադրիդին» չափազանց շո՞ւտ են դուրս գրում հաշվարկներից: Ինձ դուր է գալիս խաղալ ճնշման տակ, ես ինձ լավ եմ դրսևորում նման պայմաններում: Չգիտեմ՝ մեզ դուրս գրո՞ւմ են հաշվարկներից, թե՞ ոչ... բայց նման ճնշումն անհրաժեշտ է, այլապես «Մադրիդը» չէր լինի այն ակումբը, որն այսօր կա»:

«Մեր երեք անընդմեջ հաղթանակների շա՞րքը: Ֆուտբոլում ամեն ինչ որոշվում է խաղից խաղ: Մենք իսկապես լավ հաղթական շարք ունենք, բայց եթե վաղը պարտվենք, բոլորը կսկսեն խոսել, որ մենք ճգնաժամի մեջ ենք: Այդ պատճառով յուրաքանչյուր խաղին պետք է պատրաստվել անհատապես և ձգտել հաղթանակի:

Վաղը մենք պետք է հաղթենք «Բենֆիկային», իսկ հետո կենտրոնանանք Լա Լիգայի վրա: Այս հանգստյան օրերին մեզ շատ բարդ խաղ է սպասվում «Ռայո Վալեկանոյի» դեմ»:

«Կցանկանայի՞ արդյոք, որ Մոուրինյուն մարզեր ինձ «Բենֆիկայում»: Ես իսկապես ցանկանում էի դա, քանի որ նա լեգենդար մարզիչ է և ֆուտբոլի իսկական փորձագետ: Ժոզեին լավագույնն եմ մաղթում: Բայց հիմա ես շատ գոհ եմ Արբելոայից»: