Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բենֆիկային» (29.01.2026, 00:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղյա մամուլի ասուլիսը
«Վաղը մեզ սպասվում է շատ կարևոր և բարդ հանդիպում։ Մենք պետք է հաղթենք «Բենֆիկային», որպեսզի Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով հայտնվենք լավագույն ութնյակում (top-8)։ Մենք պետք է կենտրոնացված լինենք բոլոր 90 րոպեների ընթացքում. սա առաջիկա խաղում հաղթանակի հասնելու միակ ճանապարհն է»։
«Մոուրինյոյի խոսքերն իմ մասի՞ն։ Ինձ համար մեծ պատիվ է նման բարի խոսքեր լսելն իմ հասցեին։ Ժոզեն ինձ համար շատ ավելին է, քան պարզապես նախկին մարզիչ։ Նա իմ ընկերն է։ Նրա հայտարարությունն ինձ հուզեց և ուրախացրեց։ Անհամբերությամբ սպասում եմ վաղվա խաղին և նրան պինդ գրկելու հնարավորությանը։
Երբ ես ֆուտբոլիստ էի, մենք միացնում էինք Մոուրինյոյի մամուլի ասուլիսները և լսում դրանք հանդերձարանում։ Այն ժամանակ ես բաց չէի թողնում նրա ելույթները, և բաց չեմ թողել նաև այսօրվանը։
Ես «նոր Մոուրինյո՞ն» եմ։ Ո՛չ, ո՛չ։ «Նոր Մոուրինյո» երբեք չի լինի։ Ով փորձում է ընդօրինակել Ժոզեին՝ կձախողվի։ Ես դա հասկացել եմ մարզչական կարիերայիս հենց սկզբից։ Իմ հաջողությունը սեփական անձիս հավատարիմ մնալու մեջ է։ Այդուհանդերձ, ես շատ բան եմ սովորել Մոուրինյոյից թե՛ խաղացողների հետ շփման, թե՛ մարտավարության հարցում։
Բացի այդ, ուզում եմ նշել, որ Մոուրինյոն դրեց «Մադրիդի» այն մեծ ու հաջողակ դարաշրջանի հիմքերը, որը սկսվեց մի փոքր ուշ։ Ժոզեն միշտ կլինի մեզնից մեկը։
Խոսե՞լ եմ արդյոք Մոուրինյոյի հետ։ Նա անընդհատ փոխում է հեռախոսահամարը։ Մենք կապ պահպանում ենք, բայց, իհարկե, աշխատում եմ հնարավորինս քիչ անհանգստացնել նրան։ Անկասկած, Ժոզեն այն ընկերն է, ում կարելի է պատմել ամեն ինչ՝ ցանկացած ժամանակ»։
«Կհամաձայնեի՞ արդյոք դառնալ Մոուրինյոյի օգնականը «Մադրիդում»։ Սովորաբար ես չեմ խոսում հիպոթետիկ (ենթադրյալ) սցենարների մասին։ Ես կենտրոնացած եմ վաղվա խաղի վրա և անում եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել»։
«Մարզչի փոփոխությունից հետո խաղացողները բարելավե՞լ են իրենց վերաբերմունքը գործին։ Դատելով նրանից, ինչ տեսնում եմ նշանակմանս պահից՝ ֆուտբոլիստները լիովին պատրաստ են ինքնազոհողության, քրտնաջան աշխատանքի և այն ամենին, ինչ անհրաժեշտ է հաղթանակի համար։
Իհարկե, մենք կարող ենք շատ ավելի մեծ արդյունքների հասնել, բայց դրա համար մեզ ժամանակ է պետք։ Ֆուտբոլիստները մեծ գովասանքի են արժանի նոր մարզչի գլխավորությամբ լավ խաղալու համար, ով դեռ քիչ ժամանակ է ունեցել մարզումների համար»։
«Բելինգեմը անհավանական խաղացող է և թիմի առաջնորդը։ Նա վիթխարի ծավալի վազքային աշխատանք է կատարում։ Նրա պատրաստվածության մակարդակը և նվիրվածությունը պարզապես հոյակապ են։ Ինձ համար մեծ պատիվ է Ջուդին մարզելը։
Մի քանի օր առաջ՝ խաղից երկու օր անց, ես Բելինգեմին ասացի. «Սովորաբար ես նման բան չեմ ասում, բայց դադարիր այդքան շատ վազել»։ Ես շատ հպարտ եմ Ջուդի ելույթներով և նրանով, որ թիմումս ունեմ նման խաղացող։
Բելինգեմը դեռ երիտասարդ է, բայց նա արդեն մեծ փորձ ունի և երկար տարիներ կշարունակի մնալ «Մադրիդի» հիմնաքարը»։
«Անշուշտ, իմ նպատակն է ստեղծել հիանալի փոխգործակցություն Վինիսիուսի, Մբապեի և Բելինգեմի միջև դաշտում։ Բայց ոչ միայն նրանց, այլև ամբողջ թիմի միջև»։
«Ալոնսոյի հեռանալուց հետո ես որոշեցի վերսկսել նախախաղային մարզումները մրցակցի դաշտո՞ւմ։ Ես չեմ կարծում, որ մրցակցի մարզադաշտում մարզվելն ավելի լավ է կամ վատ, քան մեր մարզաբազայում՝ Վալդեբեբասում։
Ես պարզապես մտածեցի, որ ֆուտբոլիստները պետք է մարզվեն օտար դաշտում, որպեսզի հասկանան, թե վաղը որտեղ ենք խաղալու։ «Էշտադիու դա Լուշը» ինձ մոտ հիանալի հիշողություններ է արթնացնում։ 2014-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այս արենայում ազդարարեց «Մադրիդի» փառահեղ դարաշրջանի սկիզբը»։
«Պատրա՞ստ է Գյուլերը դառնալ մեր դիսպետչերը միջին գծում։ Նա օժտված է անհավանական անհատական հմտություններով, դաշտի հիանալի տեսողությամբ և փայլուն վերջին փոխանցմամբ։
Մենք պետք է օգտագործենք Արդայի բոլոր որակները։ Բացի այդ, Գյուլերը մեծ ջանքեր է գործադրում պաշտպանական գործողություններում։ Նա անպայման կօգնի մեզ ամենաբարդ խաղերում»։
«Ես հսկայական պատասխանատվություն եմ զգում «Մադրիդի» ղեկին։ Այս պաշտոնը պետք է ինձ հաճույք պատճառի, քանի որ միայն այդպես ես կկարողանամ գլուխ հանել այս աշխատանքից։ «Մադրիդի» ղեկին աշխատելը պահանջում է հսկայական նվիրում ու ջանքեր, և հենց այդպես է ձեռք բերվում հաջողությունը»։