Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բենֆիկային» (29.01.2026, 00:00):
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նախախաղյա մամուլի ասուլիսը
«Վաղվա խա՞ղը: Դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի։ Դու կարող ես վերլուծել մրցակցի խաղը, մշակել քո մարտավարությունը, բայց միշտ առկա է անկանխատեսելիության գործոնը։
Եթե վաղը մեզ պակասի հավասարակշռությունը, «Ռեալ Մադրիդը» երեք գրոհով երեք գոլ կխփի։ «Մադրիդը» հանդես է գալիս շատ բարձր մակարդակով, ուստի նրանք մեզ կպատժեն, եթե մենք հավասարակշռված չլինենք։
Մեր միակ նպատակը հաղթելն է։ Մենք կարիք չունենք ուշադրություն դարձնել այլ թիմերի արդյունքներին։ Եթե վաղը չհաղթենք, դուրս կմնանք Չեմպիոնների Լիգայից»։
«Նեգրեյրայի գործը» և իմ դժգոհությունը մրցավարների աշխատանքից, երբ գլխավորում էի «Մադրի՞դը»։ Անկեղծ ասած, դա ինձ չի հետաքրքրում։ Ես ապրում եմ օրվա հոգսով։ Ինչ եղել է, անցել է»։
«Կարելի՞ է արդյոք իմ խոսքերը («Զարմացած եմ, որ աշխարհի լավագույն ակումբները ղեկավարում են անփորձ մարզիչներ») վերագրել Արբելոային։ Ես շատ եմ գնահատում ձեր`լրագրողներիդ հմտությունը՝ ամեն ինչ այնպես ներկայացնել, ինչպես դուք եք ուզում։ Ինձ հարց են տվել Սպալետիի մասին, և իմ պատասխանը հենց նրան էր վերաբերում։
Ալվարոն ինձ համար որդու պես է, այլ ոչ թե միայն մի խաղացող, ում ես ժամանակին մարզել եմ։ Արբելոան լավագույն մարդկանցից մեկն է, ում հետ ես աշխատել եմ։ Պարտադիր չէ, որ նա լիներ լավագույն խաղացողը, ում մարզել եմ «Մադրիդում», բայց նա թիմի լավագույն մարդկանցից մեկն էր։
Նա վերջին մարդն է, ում վրա ես երբևէ կցանկանայի ճնշում գործադրել։ Նրան լավագույնն եմ մաղթում «Մադրիդում»։
Ի՞նչ մտածեցի, երբ իմացա Արբելոայի՝ «Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Ես ուզում եմ, որ նա հաջողության հասնի ցանկացած վայրում, որտեղ էլ որ հայտնվի։ Ես ուզում եմ, որ «Ռեալ Մադրիդն» էլ հաջողությունների հասնի ցանկացած մասնագետի գլխավորությամբ։ Ես երկրպագում եմ Ալվարոյին և «Ռեալ Մադրիդին»։ Ես սիրում եմ երկուսին էլ, ուստի միշտ նրանց լավագույնն եմ մաղթում։
Ես չեմ տեսել, թե ինչպես է աշխատում Արբելոան որպես մարզիչ, բայց պարզապես ուզում եմ, որ նա երջանիկ լինի։ Մարզիչ լինելը շատ դժվար է, քանի որ կան շատ մարդիկ, ովքեր «քեզնից լավ գիտեն» և ամեն օր քննադատում են քեզ։ Կարևոր է, որ դու հաճույք ստանաս քո աշխատանքից։
Խոսե՞լ եմ արդյոք Ալվարոյի հետ։ Ոչ։ Իմ հեռախոսահամարը միայն ընտանիքիս անդամներն ունեն։ Ես ունեմ ևս մեկ համար, բայց այն անընդհատ փոխվում է, այդ պատճառով շատերի հետ կապը կորցնում եմ։
Ամեն դեպքում, մենք կարիք չունենք միմյանց զանգահարելու հաջողություն մաղթելու համար, և Արբելոան դա գիտի։ Վստահ եմ, որ նա իմ հանդեպ նույն զգացմունքներն ունի, ինչ ես իր, և նա ուզում է, որ «Բենֆիկան» միշտ հաղթի։ Բայց հուսով եմ, որ վաղը «Ռեալ Մադրիդը» վատ հանդիպում կանցկացնի»։
«Զարմացա՞ծ էի Ալոնսոյի պաշտոնանկությամբ։ Խաբին նույնպես իմ սիրելի խաղացողների թվում է, ես նրանից միայն դրական հիշողություններ ունեմ։ Վաղը, Արբելոայի դեմ մրցակցության մեջ, ես կզգամ նույն ոգևորությունը, ինչ Խաբիի դեմ մարզչական պայքարում։
Ալոնսոն հիանալի աշխատանք կատարեց «Բայերում», իսկ այն, ինչ նրա հետ պատահեց «Մադրիդում», ինձ չի հետաքրքրում։ Ինձ ոչինչ չի զարմացնում ֆուտբոլում։ Վստահ եմ, որ Խաբիի մարզչական կարիերան կզարգանա այլ ուղղությամբ, և նա շատ երջանիկ կլինի։ Ալոնսոն հրաշալի մարզիչ է»։