Հոդվածներ

Ալվարո Արբելոա․ ախ այդ փոքրիկ որոշումները
26.01.2026
836 0

Կարծիք․ Մարկո Ռուիզ, AS.com

Նոր մարզիչը գտել է կատարյալ հավասարակշռությունը։ Եվ այդ ամենը՝ առանց պահեստայինների նստարանից հեղինակության ավելորդ ցուցադրության

Արբելոայի արտահայտած բազմաթիվ մտքերից, որոնք արժանի են շապիկների վրա տպագրվելու, մեկն առանձնանում է․ «Ես չեմ կարող գնալ խաղացողների բնությանը հակառակ»։ Այնքան պարզ և միևնույն ժամանակ այնքան դժվար ընկալելի։ Երբեմն պետք չէ շատ խճճվել հաջողության հասնելու համար։

Դրան կարելի է հասնել պարզության միջոցով։ Առանց եզրագծից ավելորդ շարժումներ անելու, իր ելույթների ժամանակ տիրապետելով իրավիճակին և ունենալով հստակ գաղափար, որ այստեղ հաղթում են այն ժամանակ, երբ խաղացողները երջանիկ են՝ Արբելոան ստիպեց թիմին «թռիչք» կատարել։

«Լա Սերամիկայում» կայացած խաղն այնպիսին էր, որը հաստատում է մարզչի հեղինակությունը խաղացողների առջև։ Պարզեցնելով (գուցե շատ)՝ մարզիչը կարող էր հանդերձարանում ասել, որ գնդակը պետք է ավելի արագ շարժվի, որ հնարավորինս շուտ պետք է գտնել Վինիսիուսին եզրում, որ պետք է մի փոքր ավելի բարձր դիրքավորվել՝ գնդակը հնարավորինս վերևում խլելու համար, և դա անելու համար պետք է վազել՝ մտածելով կողքիդ կանգնածին օգնելու մասին։ Եվ պլանն աշխատեց մի չափազանց բարդ խաղում։ Հիմա «Մադրիդը» լավատեսությամբ պայքարում է Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի համար, և այն, ինչ նախկինում քննադատություն էր (հատկապես որոշների համար), հիմա դարձել է գովասանք։

Արբելոայի կողմից թիմն ընդունելիս արված ճիշտ «ախտորոշումը» եղել է առանցքային։ Այդտեղից սկսած նա սկսել է կայացնել փոքր որոշումներ։ Վինիսիուսը խաղացել է բոլոր հնարավոր րոպեները։ Երջանիկ Վինին աշխարհի թոփ-5 խաղացողներից է։ Նրա կողքին Մբապեն և Բելինգեմը ունեն աստղի կարգավիճակ։ Նա համոզել է Վալվերդեին, Գյուլերին վերադարձրել է կիսապաշտպանություն և վերականգնել է Մաստանտուոնոյին՝ ի հանգստություն ղեկավարության։

Կատարյալ հավասարակշռություն։ Բոլորը երջանիկ են։ Եվ առանց եզրագծից հեղինակության մեծ ցուցադրությունների։ Հարգանքը նվաճվում է իմաստալից փոքր որոշումներով։ Մի բան, որն այդքան պարզ է և միևնույն ժամանակ՝ այդքան դժվար։