Հոդվածներ

Ֆուտբոլին պետք են ավելի շատ Ֆրանկո Մաստանտուոնոներ
23.01.2026
627 0

Ժոել դել Ռիոյի սյունակը

Երբեմն ֆուտբոլը քեզ սովորեցնում է մի բան, որն ավելին է, քան գոլը կամ վիճակագրությունը: Երբեմն այն քեզ թողնում է զգացողություն, միայն մեկ նախադասություն կամ լինելու և ներկայանալու ձև: Եվ դա հենց այն է, ինչ ինձ ստիպեց զգալ Ֆրանկո Մաստանտուոնոն «խառը գոտում» իր հարցազրույցից հետո:

Նա Մեսսին չէ: Նա նաև «Ռեալ Մադրիդի» պատմության վատագույն ձեռքբերումը չէ: Նա Ֆրանկո Մաստանտուոնոն է: Եվ անկեղծ ասած՝ ֆուտբոլին շատ ավելի շատ նրա պես մարդիկ են պետք: Որովհետև երբեմն 18-ամյա տղան խաղն ավելի լավ է հասկանում, քան շատ մեծահասակներ:

Թեև նրա անձնագիրն այլ բան է ասում, բայց արգենտինացին խոսում է այնպես, կարծես արդեն տասը տարի է՝ էլիտար հանդերձարանի մի մասնիկն է: Առանց ավելորդությունների, առանց դատարկ նախադասությունների, առանց թաքնվելու: Մի իրավիճակում, երբ հեշտ էր արդարացումներ գտնել, նա նախընտրեց նայել հայելուն: Նա ընդունեց, որ իր առաջին վեց ամիսները լավը չէին, և դա արեց բնականոն կերպով, ինքնաքննադատությամբ և իր տարիքին ոչ բնորոշ հանդարտությամբ: Հաստատակամ, խոհեմ և ազնիվ խոսք, որը նաև պաշտպանեց իր թիմակիցներին: Այսօր դա այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ:

Պատասխանատվությունից խուսափելու փոխարեն՝ նա ստանձնեց իր բաժինը և ուղղություն տվեց զրույցին: Մի «Ռեալում», որը դեռ փնտրում է իրեն, Ֆրանկոն կարգուկանոն հաստատեց իր բառերով: Եվ նա թողեց մի հաղորդագրություն, որը յուրաքանչյուր մադրիդիստ վստահաբար երախտագիտությամբ կլսի. «Դեռ ոչինչ չի ավարտվել, մնացել է վեց ամիս, որոնք ամենավճռորոշն են, և ես պատրաստվում եմ ցույց տալ իմ լավագույն տարբերակը»: Նա չթաքնվեց իր խաղի ետևում, այլ ուղիղ նայեց խնդրին:

Նա նույնն արեց, երբ պետք էր պաշտպանել Բելինգեմին: Որովհետև այն, ինչ կառուցվել է անգլիացու և արգենտինացու միջև առաջին իսկ օրվանից, շատ ավելին է, քան ցանկացած արտաքին աղմուկ: Եվ այստեղ նորից պարզ դարձավ, որ 30 համարը (Մաստանտուոնոն) պատահական ոչինչ չի ասում: Այն ամենը, ինչ նա ասաց, ուներ իմաստ, կարգ և հազվադեպ հանդիպող հետևողականություն: Հասունությամբ և հստակությամբ: Կրկնում եմ՝ 18 տարեկանում:

Եվ գուցե հենց դրա համար է նա ինձ փոխանցում մի պարզ, բայց հազվագյուտ զգացողություն. Մաստանտուոնոն այն մարդկանցից է, ով սուպերմարկետի սայլակը հետ է տանում իր տեղը, այլ ոչ թե թողնում է կայանատեղիի որևէ անկյունում: Թվում է՝ մանրուք է, բայց այդպես չէ: Ես դա ասում եմ փորձից ելնելով: Վաղուց ի վեր ես ուշադրություն եմ դարձնում այդ փոքրիկ ժեստերին և վստահ եմ, որ դրանց հետևում թաքնված են կարեկցանքը, դաստիարակությունը և կարգապահությունը, ինչն ի վերջո արտացոլվում է կյանքի բոլոր բնագավառներում:

Երբ չկան հետևանքներ, գործը լավ կամ վատ անելը կախված է միայն քո կամքից: Եվ մանրուքները նման իրավիճակում ասում են ամեն ինչ: Ֆրանկոյի պարագայում զգացվում է կազմակերպված կյանք, լավ մտերիմների շրջապատ, հանգստություն և քիչ կախվածություն սոցցանցերից, որոնք հավանաբար պրոֆեսիոնալ մարզիկի ամենամեծ լռակյաց թշնամին են:

Նրան նաև քննադատեցին սոցցանցերում Խաբի Ալոնսոյին չհրաժեշտ տալու համար: Կարծես դա միակ վավեր ճանապարհն է: Այնինչ դա ամենաքիչ կարևորն է: Միթե՞ կարելի է գրկախառնվել Instagram-ով: Որքան գիտեմ՝ ոչ: Կամ գոնե իմ հեռախոսը նման հնարավորություն չունի:

Ֆրանկոն լավը երևալու համար հաղորդագրություններ գրողներից չէ: Նա նախընտրեց հրաժեշտ տալ այնպես, ինչպես իրեն սովորեցրել են փոքրուց՝ գիտակցելով, որ քննադատություններ կլինեն: Սովորական քննադատությունները նա ընդունեց, իսկ նրանք, որոնք չարամիտ էին, խոստովանեց, որ ցավեցնում են: Եվ այստեղ նա ևս մեկ անգամ ցույց տվեց իրեն այնպիսին, ինչպիսին կա: