Իսպանիայի առաջնության 20–րդ տուրում Մադրիդի «Ռեալը», սեփական երկրպագուների սուլոցների ներքո 2։0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Այսօր մենք պարտավոր էինք հաղթել՝ հաշվի առնելով այն ծանր շաբաթը, որն ապրեցինք: Այլ տարբերակ չունեինք, և մենք դա գիտեինք: Հիմա պետք է կենտրոնանանք «Մոնակոյի» դեմ խաղի վրա (հունվարի 20), քանի որ վերականգնվելու համար շատ ժամանակ չունենք:
Ինչ տեղի ունեցավ հանդերձարանում՝ ընդմիջման ժամանա՞կ: Շատ բան (ծիծաղում է): Ես ֆուտբոլիստներին ասացի, որ պետք է խաղալ շատ ավելի արագ ու շարժուն, ինչպես նաև ավելի հաճախ բացվել մրցակցի պաշտպանների թիկունքում: Առաջին խաղակեսում մենք չափազանց պասիվ էինք գործում:
Այսօր ինձ իսկապես ուրախացրեց այն, որ բոլոր 11 խաղացողները ցուցադրեցին անհավանական նվիրվածություն: Մեր ակումբում հանդես գալու համար բնավորություն և քաջություն է պետք, և իմ ֆուտբոլիստներն ունեն այդ որակները: Ես շատ հպարտ եմ նրանցով»:
«Ղեկավարել «Մադրիդի» գլխավոր թիմը «Բեռնաբեուում»՝ առանձնահատուկ զգացողություն է: Այսօրվա օրն անմոռանալի կլինի ինձ համար: Հուսով եմ՝ դեռ շատ նման օրեր կունենամ»:
«Մադրիդի» երկրպագուների սուլոցնե՞րը մեր թիմի հասցեին: Ես լիովին հասկանում եմ, թե ինչու է «Բեռնաբեուն» սուլում մեզ: Մենք գիտենք, որ պետք է շատ ավելի լավ հանդես գանք: Մեզ շատ աշխատանք է սպասվում՝ իրավիճակը բարելավելու համար:
Սուլոցներ Վինիսիուսի հասցեի՞ն: Ես միշտ շատ եմ հարգել «Բեռնաբեուի» կարծիքը, ինձ նույնպես հաճախ են սուլել այս մարզադաշտում: Հենց դա է «Ռեալ Մադրիդին» մեծ դարձնում: Այս ակումբի պահանջներին պետք է հանգիստ վերաբերվել: Մենք ծանր շաբաթ ունեցանք, ուստի երկրպագուների հանդեպ ոչ մի բողոք չեմ կարող ունենալ:
Այն ամենը, ինչ ես անելու եմ՝ Վինիսիուսի լավագույն հմտությունները բացահայտելն է: Ես կհոգամ, որ թիմակիցները նրան փնտրեն դաշտում: Ես պահանջում եմ բոլոր ֆուտբոլիստներից շատ ավելի հաճախ փոխանցում կատարել նրան, որպեսզի նրան ինքնադրսևորվելու ավելի շատ հնարավորություններ տրվեն:
Վինիսիուսն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Մենք կօգնենք նրան վերադառնալ իր լավագույն մարզավիճակին:
Բացի այդ, Վինիսիուսը մարմնավորում է «Մադրիդի» բոլոր արժեքները՝ անվախություն, ուժեղ բնավորություն, մշտապես գնդակով լինելու ցանկություն և ակումբի պաշտպանություն՝ իր ողջ ուժով: Շատ վաղ տարիքից նա թիմի առաջատարն է:
Ես շատ հպարտ եմ, որ մարզում եմ Վինիսիուսին, դա մեծ պատիվ է ինձ համար: Քիչ խաղացողներ են կարողացել «Մադրիդում» հասնել այնպիսի հաջողությունների, ինչպիսիք ունի նա:
Վինիսիուսը մեզնից մեկն է, և նա այդպիսին կմնա դեռ երկար ժամանակ: Չեմ կարծում, որ «Բեռնաբեուն» կշարունակի սուլել նրան: Եկեք չմոռանանք, որ նա օգնել է ակումբին նվաճել բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան: Ուզում եմ, որ Վինիսիուսը վայելի խաղը և նորից ուրախացնի մեր երկրպագուներին:
Ինչո՞ւ «Բեռնաբեուն» որոշեց սուլել հենց Վինիսիուսին: Մեր երկրպագուները սեփական կարծիքի իրավունք ունեն: Կարծում եմ՝ նրանք սուլել են բոլորին, ներառյալ ինձ»:
«Գյուլերը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով ունի անհավանական լավ փոխանցում: Արդան դեռ շատ երիտասարդ է, բայց արդեն մեծ փորձ ունի: Նա կարևոր դեր կխաղա մեր թիմում»:
«Բելինգեմը մեր թիմի առաջատարներից է՝ Վինիսիուսի, Վալվերդեի և Մբապեի հետ միասին: Այսօր նա շատ վազեց: Մարզչական նստարանից Ջուդի խաղին հետևելիս նա ավելի լավն է թվում, քան հեռուստացույցով»:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մբապեին՝ «Լևանտեի» դեմ խաղում նրա ջանքերի համար: Նա դեռ ցավեր ունի ծնկի շրջանում, բայց միևնույն է՝ ուզում էր օգնել թիմին: Կիլիանն անհավանական տղա է և ի ծնե առաջատար»:
«Հաուսենի խաղամակարդա՞կը: Նրան ժամանակ և վստահություն է պետք: Կենտրոնական պաշտպանի դիրքը ամենաբարդն է ֆուտբոլում: Դինը նոր է վերադարձել վնասվածքից: Մենք հաճախ մոռանում ենք, թե որքան երիտասարդ են մեր որոշ խաղացողներ: «Մադրիդը» գնացք է, որը ոչ մեկին չի սպասում, բայց ես պատրաստվում եմ սպասել Հաուսենի առաջընթացին»:
«Այն մարդիկ, ովքեր սուլում են և պահանջում Պերեսի հրաժարականը, չեն սիրում «Ռեալ Մադրիդը»: Մեզ բախտ է վիճակվել ունենալ Ֆլորենտինոյին, նա այս ակումբի իսկական լեգենդն է:
Պերեսը «Մադրիդի» պատմության ամենակարևոր մարդն է՝ Սանտիագո Բեռնաբեուի հետ միասին: Ես գիտեմ, թե որտեղից է գալիս Ֆլորենտինոյի հասցեին հնչող սուլոցը: Մենք բոլորս՝ մադրիդիստներս, գիտենք, թե որքան կարևոր է նա մեր ակումբի համար»: