Հոդվածներ

Արդա Գյուլերն արթնացրեց «Մադրիդին»
18.01.2026
426 0

Խոսե Վիսենտեի կարծիքը

«Բեռնաբեուում» իրավիճակը վատ էր։ Սուլոցներ թիմին խաղի սկզբում, սուլոցներ ընդմիջմանը, սուլոցներ Վինիսիուսին, ում այլևս ոչինչ չեն ներում։ Բրազիլացին էլ առանձնապես ջանք չի թափում մադրիդիստների սերը նորից շահելու համար։ Նա պարզապես չկա։ Նրան սպասում են, բայց նա հայտնվում է շատ հազվադեպ։ Նա դադարել է լինել թիմի առանցքային դեմքը։

Փաստն այն է, որ «Մադրիդը» ձանձրացնում էր (առաջին խաղակեսում), և հենց դրանից էին բխում բողոքներն ու սուլոցները՝ թե՛ այն ամենի համար, ինչ կատարվում էր դաշտում, թե՛ նախորդ խաղերում տեսածի պատճառով։ «Մադրիդը» լույսը տեսավ միայն երկրորդ խաղակեսում։

Դաշտ դուրս եկավ Արդա Գյուլերը (նաև Մաստանտուոնոն, բայց աջ թևը շարունակում է անկառավարելի մնալ), և թուրք կիսապաշտպանը, որը որոշ ժամանակ «մոլորված» էր՝ մեղմ ասած, արթնացրեց «Մադրիդին» իր թմբիրից։ Նա սկիզբ դրեց 1։0 հաշվով գոլային գրոհին, որտեղ կարևոր դեր խաղաց Մբապեն (ով դարձյալ վճռորոշ էր), և անկյունայինի փայլուն իրացումով գնդակը դրեց Ասենսիոյի գլխին՝ դարձնելով հաշիվը 2։0։

Չգիտեմ, թե նա ինչպես կիրացնի 11–մետրանոցները, քանի որ հանդերձարանի «ծանրքաշայինները» թույլ չեն տա նրան մոտենալ գնդակին, բայց անկյունայինները նա ուղղակի մեխում է։ Դրանք կես գոլ են։ Դրանից հետո նա էլի վտանգավոր փոխանցումներ կատարեց, բայց «Մադրիդը», կարծես, բավարարվեց 2։0 հաշվով։ Վերջնամասում թիմը կարող էր ջախջախիչ հաշիվ գրանցել, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ թիմը չխաղաց առաջին խաղակեսում այնպես, ինչպես երկրորդում։ Պատասխանը հավանաբար դաշտում գտնվող խաղացողների մեջ է։

Այն, ինչ զուրկ էր տրամաբանությունից, Գոնսալոյին աջ թևում դնելն էր (առաջին խաղակեսի միակ հարվածը դեպի դարպասը նրա գլխով հարվածն էր), երբ նրա տեղը տուգանային հրապարակի կենտրոնում է։

Այնուամենայնիվ, եթե Վինիսիուսն ու Մբապեն միշտ պետք է միասին խաղան, ապա նույնիսկ դժվար է նկատել Ռոդրիգոյին, որը փորձում է ճեղքումներ անել այն թևում, որն իր սիրելին չէ։ Եվ հստակ է, որ Մբապեն պետք է խաղա ցանկացած պարագայում՝ ուզենք թե չուզենք։