Խոսե Լուիս Կալդերոնի կարծիքը, Marca.com
Արբելոան արդեն մոտ 76 ժամ է, ինչ գլխավորում է «Ռեալ Մադրիդը» (նկատի ունեցեք՝ այս կարծիքը հրապարակելու պահին): Ոմանց համար դա բավարար ժամանակ էր պնդելու համար, որ նա պատրաստ չէ, որ պաշտոնն իր ուժերից վեր է, կամ որ ակումբը սխալվել է: Նույնիսկ ասում են, թե նրան արդեն փոխարինող են փնտրում: Մեկ մարզում և մեկ խաղ. սա այն ամբողջ ժամանակն է, որ նրան տրվեց նախքան նրան «հոշոտելը»։
Արբելոան մեծ թիմի առաջին մարզիչը չէ, և ոչ էլ վերջինը կլինի, ով ձախողմամբ է սկսում: Բազմաթիվ հաջողակ մարզիչներ կան (ավելի լավ է անուններ չտալ՝ ավելորդ զգացմունքներ չբորբոքելու համար), ովքեր նմանատիպ կամ ավելի վատ իրավիճակների հերոսներ են եղել:
Ակնհայտ է, որ սա երազանքների նորամուտ չէ, բայց նախագիծը 76 ժամում կործանելը ոչ միայն շտապողականություն է, այլև անարդար ու քմահաճ քայլ: Այն, որ իրավիճակն արդեն իսկ վատ էր, Արբելոայի մեղքը չէ: Այն, ինչ պատահել է թիմի հետ մինչև հունվարի 12-ը, նրա պատասխանատվությունը չէ: Նրա «ուսապարկում» միայն «Ալբասետեից» կրած պարտությունն է, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, իսկ մրցաշրջանի մնացած «քարերը» ուրիշների ուսապարկերում են:
Նույն կերպ՝ Արբելոան չէր դառնա «Ռեալ Մադրիդի» մարզիչ, եթե թիմը քայքայման փուլում չլիներ: Խաբիին չհեռացրին արդյունքների պատճառով (34 խաղում 24 հաղթանակ), կամ գոնե միայն դրա համար: Նրան հեռացրին բազմաթիվ այլ պատճառներով, որոնք թիմը կանգնեցրել էին փլուզման եզրին: Եվ հենց այս վիճակում Արբելոան ստանձնեց պաշտոնը՝ ստիպված լինելով իրականացնել հիմնովին վերակառուցում:
Մի նորացման նախագիծ, որի համար ոմանք նրան ընդամենը երկու օր ժամանակ տվեցին: Երբ քանդում ես տունը՝ այն վերակառուցելու համար, առաջին պատկերը խաբուսիկ է լինում, բայց ժամանակի ընթացքում այն կատարյալ տեսք կունենա: Եվ Արբելոան հենց դա է փորձելու անել, եթե, իհարկե, նրան երկու օրից ավել ժամանակ տան:
Տալավերայում խնդիրն այն էր, որ Խաբին հույսը չդրեց ակադեմիայի սաների վրա և դաշտ հանեց «նույն դեմքերին»: Ալբասետեում բողոքում են, որ Արբելոան չափն անցել է ռոտացիաներով և կանտերանոներով (ակադեմիայի սաներով): Ոմանց համար որքա՜ն հեռու է թվում այն օրը, երբ «Մադրիդը» Տալավերայում գրեթե հասնում էր լրացուցիչ ժամանակի՝ դաշտում ունենալով Բելինգեմին, Չուամենիին, Մբապեին, Ռոդրիգոյին և Կարերասին: Եթե «Մադրիդը» ցանկանար շարունակել այնպես, ինչպես Խաբիի ժամանակ էր, նրան չէր հեռացնի: Ակումբը փոփոխություն էր ուզում, և Արբելոան, եթե նրան թույլ տան, պատրաստ է և ի վիճակի է դա անել:
Արբելոան միշտ եղել է խիզախ մարզիչ և կշարունակի այդպիսին մնալ: Ամռանը շատերը սարսափած էին, երբ նա հեղափոխեց «Կաստիլյան» (փոխարինող թիմը)՝ տեղ բացելով մի խումբ պատանիների համար և ամբողջությամբ փոխելով խաղաոճը: Չորս անընդմեջ պարտությունից հետո բոլորը հարձակվեցին նրա վրա և, ինչպես հիմա, նա լսում էր ամեն տեսակ հոռետեսական ու կործանարար կանխատեսումներ:
Կարճ ժամանակ անց Արբելոան և իր «Կաստիլյան»՝ յուրաքանչյուր մեկնարկային կազմում միջինը 19 տարեկան տղաներով, հայտնվեցին առաջխաղացման գոտում, որտեղից էլ նա հեռացավ՝ ստանձնելու առաջին թիմի ղեկը: Սա մի ճանապարհորդություն է, որտեղ նա կկրի իր սեփական ուսապարկը: Իսկ մյուսները թող տանեն իրենցը:
Հայերեն