Հոդվածներ

Ալվարո Արբելոա. Պարելով գայլերի հետ
15.01.2026
788 0

Էլիաս Իսրայել. Marca

Ֆլորենտինո Պերեսի հետ կապված միշտ նույնն է պատահում, ինչ նավ գնողի հետ. նրա ամենաերջանիկ օրերն այն օրերն են, երբ նա ձեռք է բերում դա, և հաջորդը, երբ դուրս է նետում: Բացառություն էր Մոուրինյոն, որն ընդունակ էր ակումբի ղեկավարության դեմ մարտերը մղել անհրաժեշտ ողջ կատաղությամբ։

Ֆլորենտինոն երբեք հիացած չի եղել իր մարզիչներից ոչ մեկով՝ նույնիսկ նրանցով, ովքեր աննկարագրելիորեն հարստացրել են «Բեռնաբեուի» գավաթների սրահը:

Նախագահն սկսում է կորցնել իր «աուրան»: Սուպերլիգայի ձախողված երազանքը, որը վերածվեց մղձավանջի, մարզադաշտի հետ կապված խնդիրները, «Նեգրեյրայի գործի» շուրջ տոնայնության փոփոխությունները՝ կախված Լապորտայի հետ շահավետ հարաբերություններից և այլն։

Այնուամենայնիվ, երկրպագուի համար ոչինչ այնքան ուղղակի ազդեցություն չունի, որքան մարզական անկայունությունը մարզչական նստարանին, երբ Խաբի Ալոնսոյի նկատմամբ անվստահությունը սկսեց զգացվել դեռ աշխարհի ակումբային առաջնությունից: Որպես վերջաբան՝ ակումբը տեղի է տալիս Վինիսիուսի քմահաճույքներին, երբ նա մթագնում է «Կլասիկոյի» հաղթանակը...

Մադրիդիստների համար ոչ թե Խաբի Ալոնսոն էր ավելորդ, այլ ավելի շուտ Սուբիմենդին էր պակասում:

Սուպերգավաթը ոչնչի ցուցիչ չէր, բայց կարող է լինել ինչ-որ բանի ախտանիշ: «Բարսան» կարծես թե խոսում է ներկայի և ապագայի լեզվով, իսկ «Մադրիդը»՝ անցյալի: Եվ ես չեմ խոսում միայն խաղադաշտի մասին: Այստեղ խոսքը ակումբի մոդելի տեսլականի մասին է: «Արքայական ակումբը» կարող է լինել եկամուտներ ստեղծող մեքենա, բայց մադրիդիստները երբեք թույլ չեն տա, որ իրենց թիմը վերածվի «Մանչեսթեր Յունայթեդի», որտեղ մարզական կողմը մղված է երկրորդ պլան:

Խաբիին կարելի է մեղադրել միայն նրանում, որ նա չկարողացավ իր սեփական գիծը թելադրել: Այս «Մադրիդում» դա հեշտ չէ: Կրկնվում է Լոպետեգիի սցենարը (միայն թե հեռացման ավելի քիչ ողբալի հայտարարությամբ): Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կասկածի տակ է դրվում ֆիզիկական պատրաստվածության հարցը՝ Պինտուսի գլխավորությամբ, իսկ կազմի բարելավումը մերժվում է՝ չնայած ակնհայտ թերություններին: Այն ժամանակ Սոլարին էր, հիմա՝ Ալվարո Արբելոան:

Ինձ թվում է անարդար է նրան խաչելը դեռ աշխատանքի մեջ չտեսած: Նա արժանի է վստահության կանխավճարի: Նա չունի Զիդանի հմայքը, ոչ էլ Անչելոտիի փորձը, բայց նրա երկու «դրոշներն» անվիճելի են՝ մադրիդիզմ և ընտանիք:

Չնայած թշնամական միջավայրին և Մոուրինյոյի երկար ստվերին, որը հետապնդելու է նրան, մենք պետք է տեսնենք, թե ինչպես նա կկարողանա կառավարել այս խմբին: Նա ցանկանում է տեսնել «Վինիի պարը», մինչդեռ ինքը ստիպված է «պարել գայլերի հետ»: