Ժոել դել Ռիոյի կարծիքը
Կան որոշումներ, որոնք ցավեցնում են ոչ թե նրա համար, թե ինչ են փոխում, այլ նրա համար, թե ինչ են հաստատում։ Խաբի Ալոնսոյի հեռացումը հենց այդպիսին է։ Սա պարզապես մարզչի հեռացում չէ. սա ապացույցն է այն բանի, որ ինչ-որ բան այն չէ մի ակումբում, որն արդեն տևական ժամանակ գոյատևում է ավելի շուտ իներցիայի (և իր աստղերի որակի), քան հստակ համոզմունքների շնորհիվ։
Խաբին եկել էր բաներ փոխելու համար։ Կարգուկանոն հաստատելու, ավելին պահանջելու և այնպիսի լարեր շոշափելու համար, որոնք տարիներ շարունակ անշարժ էին մնացել։ Յոթ ամիս և տասներեք օր անց նա հեռանում է այն զգացողությամբ, որ արել է իր ուժերի սահմաններում ամեն ինչ… և որ դա բավարար չէր։ Ոչ թե այն պատճառով, որ նա սխալվել է, այլ այն պատճառով, որ նրան երբեք թույլ չտվեցին գործը հասցնել մինչև վերջ։ Սա մի բան է, որը ոչ ոք չի հասկանում։ Եթե փոփոխություններ չէին ցանկանում, տրամաբանական կլիներ ընտրել բոլորովին այլ կերպարի մարզիչ։
Հեռացավ Խաբին՝ առանց աղմուկի, առանց արդարացումների և անխոցելի արժանապատվությամբ։ Կամ գոնե այդպես պետք է զգար իրեն տոլոսացի մարզիչը, երբ հավաքում էր իր իրերը Վալդեբեբասում այն յոթ ամիսներից հետո, որոնց ընթացքում նրան երբեք թույլ չտվեցին լինել այնպիսին, ինչպիսին կա։
Քանի որ, ըստ էության, այս որոշումը քիչ բան է փոխում։ Ամեն ինչ շարունակվելու է նույն կերպ և դա մի բան էր, որը Խոսե Անխել Սանչեսը ցանկանում էր լուծել։ «Մադրիդն» այսօր առանց հստակ ուղղության նավարկող մի նավ է, որտեղ խաղացողներն ավելի շատ են ղեկավարում, քան պետք է, իսկ փոփոխություններն ընդունվում են միայն այն դեպքում, երբ դրանք ոչ մեկին չեն անհանգստացնում։ Այժմ ղեկն ստանձնում է ակումբի մեկ այլ մարդ (Արբելոան), ով կփորձի չկրկնել նույն «սխալները»։ Կամ գուցե նույն «մեղքերը»՝ չափազանց շատ բան պահանջելը։
«Մեզ թույլ չտվեցին»,- ասում է մադրիդյան մարզչական շտաբից ինչ-որ մեկը։ Սա ավելի շուտ անցյալին ուղղված աղերս է, քան այլ բան։ Բացարձակ անզորություն։ Եվ հենց սա է անարդարությունը։ Երբ դու գալիս ես Կառլո Անչելոտիի պես լեգենդից հետո, ով հանդերձարանը կառավարելու իր յուրահատուկ ու հաջողակ մեթոդն ուներ, նոր կանոններ հաստատելու փորձը վերածվում է գրեթե հեղափոխական քայլի։ Իսկ այս «Մադրիդում» հեղափոխությունները կարճ են տևում։ 7 ամիս և 13 օր, եթե ավելի ճշգրիտ լինենք։ Ընդամենը մի ակնթարթ։
Այնուամենայնիվ, մտահոգիչը ոչ թե Խաբիի հեռանալն է, այլ այն, որ նրա հեռացումը կատարելապես ամփոփում է ակումբի ներկա վիճակը։ Նույնիսկ Յուրգեն Կլոպը, ով լավ գիտի այս ամենի գինը, հստակ ասաց. «Եթե Խաբի Ալոնսոյի պես մարզիչը, ով տարիներ շարունակ ապացուցել է, որ Եվրոպայի լավագույններից մեկն է, «Ռեալ Մադրիդում» չունի հնարավորություն և ժամանակ, նշանակում է՝ խնդիրը մարզչական նստարանից շատ ավելի հեռու է գտնվում»։ Ահա թե ինչու Խաբին չի ձախողվել։ «Մադրիդն» է, որ նայել է հայելուն… և իրեն դուր չի եկել։ Եվ ամեն ինչ սկսվում է նորից։
Բայց «Բելմոնտե» մարզադաշտում տեսածը՝ Սեգունդայի թիմի դեմ խաղում, արդեն իսկ հուշում է այն, ինչ մտածում է մադրիդիստների մեծ մասը․ մեղավորը Խաբի Ալոնսոն չէր, և որ խնդրի կենտրոնն այլ տեղում էր։ Առանց հոգու, բնավորության և ֆուտբոլի խաղացողների մեջ։ Սա մի չափազանց վտանգավոր կոկտեյլ է, որն ավարտվեց «Ալբասետեի» կողմից «Մադրիդին» գավաթից դուրս թողնելով։ Արբելոան ստիպված է լինելու շատ ջանք թափել (նա հենց նոր հասկացավ, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան նա հավանաբար կարծում էր), որպեսզի փոխի «Արքայական ակումբի» դեմքը։