Բրազիլացի հարձակվողը ներկայացվել է որպես Լիոնի <Օլիմպիկի» խաղացող
Էնդրիկն արդեն պաշտոնապես «Լիոնի» նոր 9 համարն է։ Բրազիլացի հարձակվողը ներկայացվել է որպես ֆրանսիական ակումբի նորեկ, պատմել, թե ինչպես էր իրեն զգում «Ռեալ Մադրիդում» անցկացրած վերջին ամիսներին և բացահայտել է Կառլո Անչելոտիից ստացած վերջնական խորհուրդը։
«Լիոնի» առաջարկի մասին. «Երբ «Լիոնը» կապվեց ինձ հետ, դա շատ կարևոր պահ էր ինձ, կնոջս և ընտանիքիս համար։ Ես ուզում էի գնալ և խաղալ։ Երբ Աստված խոսում է ինձ հետ, նա ասում է՝ ընտրիր մի ճանապարհ, և ես գնում եմ այդտեղով։ Գիտեի, որ պետք է ավելի շատ ջանք թափեմ՝ «Լիոնում» խաղալու համար»։
«Մադրիդից» հեռանալու որոշումը. «Ես ուզում էի հեռանալ «Ռեալ Մադրիդից», որպեսզի խաղաժամանակ ստանայի։ Երբ «Լիոնը» դիմեց ինձ, ես անմիջապես համաձայնեցի։ Շատ երջանիկ եմ և այստեղ եմ՝ թիմին օգնելու համար»։
Վերջին ամիսները «Մադրիդում». «Երբ իմացա տեղափոխությանս մասին, շարունակում էի աշխատել իմ թիմում՝ «Ռեալում»։ Ամեն օր խաղացողներն ինձ հարցնում էին՝ գնում եմ, թե ոչ։ Ոմանց հետ հասցրել եմ խոսել, ինչպես տեսաք մամուլում։ Ես դեռ կապի մեջ եմ «Ռեալի» խաղացողների հետ, բայց ամենակարևորն այն է, որ ես հիմա այստեղ եմ»։
Զրույցը Անչելոտիի հետ. «Խոսել եմ Կառլո Անչելոտիի հետ։ Նա ինձ հրահանգներ տվեց և ասաց, թե ինչ կարող եմ անել ավելի լավանալու համար։ Դա ինձ շատ հուզեց, ես իսկապես նրա խորհրդի կարիքն ունեի։ Նա ինձ ասաց. «Գնա՛, խաղա՛ և բարելավիր ֆուտբոլդ, երջանիկ եղի՛ր»։ Ինձ համար դա շատ կարևոր էր։ Ես միշտ հետևել եմ նրա խորհուրդներին և նրա գլխավորությամբ շատ լավ եմ մարզվել»։
Ճնշման մասին. «Դուք խոսում եք ճնշման մասին, բայց հիշեցնում եմ, որ ես խաղացել եմ Բրազիլիայում, իսկ այնտեղ ճնշումը չափազանց մեծ է։ Կարևոր չէ, թե քանի դիտում ունեն իմ տեսանյութերը։ Ես ապրում եմ իմ կյանքով. այն, ինչ կատարվում է դաշտում, միայն հետևանք է։ Ցանկանում եմ մեծ կարիերա ունենալ և կենտրոնանալ ֆուտբոլի վրա»։
Նպատակները. «Իմ անձնական նպատակը «Լիոնին» օգնելն է։ Ուզում եմ խաղալ և հաղթել։ Ուզում եմ տիտղոսներ նվաճել այս ակումբի հետ և նրանց հասցնել աղյուսակի ամենաբարձր կետին։ Ես մի մարդ եմ, ով միշտ ուզում է հաղթել։ Ինչ վերաբերում է հավաքականին՝ բոլորն էլ ուզում են այնտեղ խաղալ։ Փառք Աստծո, ես արդեն հագել եմ այդ մարզաշապիկը և կանեմ ամեն ինչ՝ հավաքական վերադառնալու համար»։
Սպասելիքների նվազեցում. «Ես այստեղ չեմ թիմը փոխելու համար, այլ միայն իմ ներդրումն ունենալու։ Չեմ ուզում լինել այս թիմի առանցքային խաղացողը (աստղը)։ Ես մարզչի տրամադրության տակ եմ»։
Հայերեն