Հոդվածներ

«Ռեալը» պայմանագիր է կնքել «Կադիսի» տաղանդավոր ֆուտբոլիստի հետ
31.12.2025
417 0

Աջ պաշտպանը Մ18 հավաքականի անդամ է և սկզբնական շրջանում հանդես կգա «Խուվենիլ Ա»-ում (երիտասարդական թիմ)։

«Կադիսը» պաշտոնապես հայտարարել է «Ռեալ Մադրիդի» հետ 17-ամյա աջ պաշտպան Գիլյե Գոնսալեսի տեղափոխության շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։ Երիտասարդ պաշտպանը վերջերս էր երկարաձգել պայմանագիրը «Կադիսի» հետ, ուստի «Մադրիդը» ստիպված է եղել որոշակի գումար վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

«Գիլյեն ուղևորվում է դեպի նոր փուլ՝ մեր ակադեմիայում անցնելով օրինակելի ճանապարհ։ Նա «Կադիս» է եկել ընդամենը 12 տարեկանում՝ քայլ առ քայլ աճելով մեր բոլոր թիմերում, մինչև այս մրցաշրջանում իր նորամուտը նշեց «Միրանդիլյայում» (ակումբի պահեստային թիմը), որտեղ նրա խաղն ու նվիրվածությունը նրան հասցրին մինչև Մ18 հավաքական։ Սա աշխատասիրությամբ, խոնարհությամբ և «Կադիսի» հանդեպ սիրով կառուցված ճանապարհ է, որն աննկատ չմնաց և նրան տարավ դեպի մադրիդյան ակումբ։

Մենք կարող ենք միայն հպարտություն և երախտագիտություն հայտնել այն ամենի համար, ինչ Գիլյեն տվել է այս ակումբին, և մաղթել նրան մեծագույն հաջողություններ անձնական և մասնագիտական կյանքում։ Սա միշտ կլինի նրա տունը»,– նշված է անդալուզյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Ինչպիսի՞ն է «Ռեալի» ծրագիրը

Նախնական ծրագրի համաձայն՝ Գիլյեն կմիանա Խուլիան Լոպես դե Լերմայի գլխավորած «Խուվենիլ Ա» թիմին։ Նա արդեն գիտակցում է, որ խաղաժամանակ ստանալը հեշտ չի լինի մեծ մրցակցության պատճառով, սակայն պատանին և նրա ընտանիքը չեն վարանել ընդունել այս մարտահրավերը։

Վալդեբեբասում (մադրիդյան մարզաբազայում) նա կրկին կհանդիպի հավաքականի կրտսեր տարիքային խմբերի իր թիմակիցներին, ինչպիսիք են Լեսկանոն, Ադրի Պերեսը և Լակոստան։ Բացի այդ, Ալվարո Արբելոան նույնպես հետևելու է պաշտպանի ելույթներին՝ նպատակ ունենալով նրան ինչ-որ պահի ներգրավել նաև «Կաստիլիայի» (երկրորդ թիմի) կազմում։