Հոդվածներ

Արբելոա․ «Ես երբեք չեմ կարող գերազանցել նրան»
18.03.2026
253 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (առաջին հանդիպումը՝ 3։0) և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղյա մամուլի ասուլիսը։

«Ես շատ գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից։ Բոլորը գիտեն, թե որքան դժվար է հաղթել այս թիմին։ Պատասխան հանդիպմանն ընդառաջ մենք գիտեինք, որ «Սիթիին» անհրաժեշտ է գոլ խփել առաջին 15-20 րոպեների ընթացքում, բայց մեր օգտին նշանակված 11-մետրանոցից հետո ամեն ինչ փոխվեց, և մեզ համար մի փոքր հեշտացավ։

Ինչպիսի՞ խաղ պետք է ցուցադրի «Մադրիդը»։ Ամենակարևորը հաղթել իմանալն է՝ շնորհիվ անձնազոհության, ներդրված ջանքերի, համախմբվածության, լավ տրամադրվածության և թիմային ոգու»։

«Մենք հաղթեցինք «Սիթիին» հենց իմ շնորհի՞վ։ Ո՛չ։ Դա խաղացողների, նրանց հմտությունների և քրտնաջան աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե իմ։ Քչերն էին կարծում, որ մենք կարող ենք հաղթել դիմակայության երկու խաղերում էլ, բայց մեր ֆուտբոլիստներն արժանի էին դրան։

Իմ աշխատանքը խաղացողներին օգնելն է, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան թիմում, և դաշտում նրանց համար ամենահարմար դիրքը որոշելը։ Իմ տրամադրության տակ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։

Այսօր ես լռեցրի՞ բոլոր նրանց, ովքեր կասկածում էին «Մադրիդին»։ Ո՛չ։ Մեր հաջորդ պարտության ժամանակ նրանք նորից կսկսեն կասկածել մեզ։ «Սիթիի» նկատմամբ հաղթանակը դեռ վերջը չէ, մենք դեռ ոչինչ չենք նվաճել»։

«Գերազանցեցի՞ ես Գվարդիոլային։ Ո՛չ, ես երբեք չէի կարող գերազանցել նրան, չէ՞ որ նա լեգենդ է։ Մենք ուշադիր վերլուծել էինք «Սիթիի» խաղը, որպեսզի հասկանայինք, թե ինչպես կարող ենք վնասել նրանց, և վերջ։ Ես պարզապես կատարեցի իմ աշխատանքը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ինձ արդեն հաջողվել է պայքարից դուրս թողնել Պեպին և Մոուրինյոյի՞ն։ Ես ղեկավարում եմ բարձրակարգ խաղացողների։ Գվարդիոլան շնորհավորեց ինձ քառորդ եզրափակիչ դուրս գալու առթիվ և հաջողություն մաղթեց մադրիդյան դերբիում (մարտի 22, Երևանի ժամանակով 00:00-ին)»։

«Տրենտը հիանալի է, և նա շարունակում է կատարելագործվել։ Նա արժանի է Անգլիայի հավաքականի հայտացուցակում տեղ ունենալուն»։

«Քառորդ եզրափակիչում կարող ենք հանդիպել «Բավարիայի՞ն»։ Դա Եվրոպայի ֆիզիկապես ամենապատրաստված թիմերից մեկն է։ Մենք կպահպանենք նույն տրամադրվածությունը, ինչ «Սիթիի» դեմ խաղերում։

Եթե ցանկանում ես նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, պետք է հաղթես ուժեղագույն մրցակիցներին։ Ինչ է մեզ պետք «Բավարիային» հաղթելու համա՞ր։ Դրսևորել մեզ նույնքան լավ, որքան «Սիթիի» դեմ դիմակայությունում, իսկ գուցե նույնիսկ մի փոքր ավելի լավ։ Եվ մի փոքր էլ հաջողություն»։

«Այսօր Մբապեն իրեն հիանալի էր զգում։ Ավելին, նա վաստակեց 11-մետրանոց, որը ի վերջո չնշանակվեց։ Կտեսնենք՝ արդյոք Կիլիանը կխաղա «Ատլետիկոյի» դեմ»։

«Բրահիմն իրեն հիանալի դրսևորեց։ Թեև մեկնարկային կազմում Մբապեին փոխարինելը հեշտ չէ, նա հսկայական աշխատանք կատարեց։ Բրահիմը կատարում էր մեր բոլոր պահանջները թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում»։

«Գյուլե՞րը։ Մենք գիտեինք, որ «Սիթին» բարձր պրեսինգ է կիրառելու, ուստի մեզ պետք էր վերահսկել գնդակը Հաուսենի, Արդայի և Պիտարչի օգնությամբ։ Նրանք բոլորն էլ հսկայական ավանդ ունեցան մեր հաղթանակի մեջ»։

«Ես շատ գոհ եմ Հաուսենի խաղից։ Նա հիանալի հանդիպում անցկացրեց»։


Ամենակարդացված