Հոդվածներ

Վինիսիուսն ուղղեց իր սխալը
18.03.2026
164 0

Խոսե Վիսենտե Էռնաեսի կարծիքը

Դե ինչ... այո, իրոք, ստիպված կլինեն թաքնվել բոլոր նրանք, ովքեր վստահեցնում էին, թե «Մանչեսթեր Սիթին» դուրս է թողնելու «Ռեալ Մադրիդին»: Որովհետև մի բան է ասել, թե «Սիթին» ֆավորիտ է (ինչը կարծում էր աշխարհի կեսը), և բոլորովին այլ բան է լիաբերան պնդելը, թե նա հեռացնելու է «Ռեալին»: Ինչևէ, սրանք այն «ամենագետներն» են, որոնցից ամենուր կան: Իրենց գործն է. հիմա ստիպված կլինեն սեղանի տակով անցնել, ինչպես այն խաղացողը, ով մուս (իսպանական թղթախաղ) խաղալիս ոչ մի միավոր չի վաստակում:

«Սիթիի» հանդեպ այնքան մեծ հարգանք կար, որ նույնիսկ առաջին խաղի 3-0 հաշվից հետո ոչ ոք երաշխավորված չէր համարում «Մադրիդի» անցումը քառորդ եզրափակիչ: Նույնիսկ կարծում էին, թե Վինիսիուսի վրիպած 11-մետրանոցը (իսկ 11-մետրանոցը դարպասապահը չի պահում, այլ հարվածողն է վրիպում՝ ինչպես ասում էր մեծն Ֆերենց Պուշկաշը, ով այս ամենից մի փոքր ավելի շատ էր հասկանում, քան նրանք, ովքեր կանխատեսում էին «Մադրիդի» պարտությունը), այո, կարծում էին, թե այդ վրիպումը կարող է իր հետքը թողնել թիմի վրա: Քանի որ ներկայիս «Մադրիդն» ավելի վստահելի է թվում, քան մեկ ամիս առաջ, բայց նրա դարպասի մոտ դեռ սովորականից շատ գոլային պահեր են ստեղծվում: Սակայն դրա կարիքը չեղավ:

Իրականում խաղն այդպես էլ չստացվեց: «Մադրիդի» համար սա հանգիստ գիշեր էր: Եվ այն հանգիստ էր, որովհետև Վինիսիուսը ուղղեց «Բեռնաբեուում» թույլ տված իր սխալը՝ դառնալով խաղի ելքը վճռող դրվագի գլխավոր հերոսը: Դրանից հետո նա երկու գոլային պահ բաց թողեց, բայց հենց նա էր, որ «Սիթիին» իջեցրեց երկնքից՝ վաստակելով 0-1-ի 11-մետրանոցը, որն այս անգամ չվրիպեց, և հասնելով Բեռնարդու Սիլվայի հեռացմանը:

Իսկ մեկ խաղացող պակաս ունեցող «Սիթին» այլևս ոչ մի վախ չէր ներշնչում «Մադրիդին»՝ չնայած Հոլանդի գոլին և Դոկուի ներխուժումներին, ով, ինչպես և սպասվում էր, իսկական գլխացավանք դարձավ Տրենտի համար: «Մադրիդը» այլևս վախ չզգաց, ոչ, այն աստիճան, որ ավելի քան մեկ ժամ թվում էր, թե «Սիթին» չէ, այլ հենց «Մադրիդն» է խաղում մեկ խաղացող ավելի: Բայց, ինչպես գիտեք, նպատակն արդարացնում է միջոցները, գոնե այս դեպքում:


Ամենակարդացված